Կենսաբանական ակտիվ հավելումները (ԿԱՀ), որոնք շատերն ընդունում են սրտի առողջության ամրապնդման համար, ըստ էության, անօգուտ են: Այս մասին նշված է Circulation: Cardiovascular Quality and Outcomes-ում հրապարակված նոր հետազոտության մեջ:
Այս վիտամինային և հանքային հավելումները, ըստ հետազոտության հեղինակների, ի հեճուկս տարածված կարծիքի, չեն կանխարգելում սրտային նոպաները, կաթվածներն ու սրտանոթային համակարգի խնդիրների հետևանքով մահը:
University of Alabama-ի գիտնականները՝ դոկտոր Ջունսեոկ Քիմի գլխավորությամբ, այս եզրակացությանն են հանգել վերլուծելով 2 միլիոնից ավելի մարդկանց տվյալները: Պարզվել է, որ ԿԱՀ-երի ընդունումը չի նվազեցնում սրտի և արյան անոթների խնդիրների պատճառով մահվան վտանգը:
Դոկտոր Քիմը նշել է, որ շատ դեպքերում սննդային հավելումների չափավոր ընդունումից վնաս չկա, սակայն դրանցից ոչ մի օգուտ էլ չկա: Եթե մարդն իսկապես ցանկանում է առողջ սիրտ ունենալ, ապա նա պետք է ճիշտ սնվի, չծխի, վերահսկի արյան ճնշումն ու խոլեստերինի մակարդակն արյան մեջ, իսկ որևէ խնդրի դեպքում դիմի բժշկի՝ որակյալ օգնություն ստանալու համար:
Չնայած այն հանգամանքին, որ ավելի ու ավելի շատ ուսումնասիրություններ են ապացուցում սննդային հավելումների անօգուտ լինելը, վիտամինների և սննդային տարբեր հավելումների շուկան արագ աճում է: Ըստ կանխատեսումների՝ համաշխարհային արդյունաբերությունը 2024 թվականին կկազմի 278 միլիարդ դոլար: