Վերջերս Եգիպտոսում հայտնաբերված մ.թ.ա. 4-րդ դարի 30 տոննա կշռով սև գրանիտե սարկոֆագը հաջողվել է բացել, փոխանցում է «Մոյա պլանետա»-ն:
Հայտնաբերման վայրի տարածքը շրջափակվել է զինվորականների և ոստիկանության կողմից, իսկ մոտակա տների բնակիչները տարհանվել են. հնագետները մտավախություն ունեին սարկոֆագի մեջ պահպանված թունավոր գազերի՝ մարդկանց վրա ազդեցության հետ կապված: Նախ գիտնականները ստիպված էին մաքրել սարկոֆագը փոքր անցքերից ներս մտած կեղտաջրերից:
Եգիպտոսի հնությունների հարցերով նախարարության խորհրդի գլխավոր քարտուղար Մուստաֆա Վազիրին պատմել է, որ «սարկոֆագը որևէ սենսացիա չի պարունակում, առավել ևս՝ անեծքներ»: Ներսում երեք վատ մումիացված դի էր, որոնք խոնավ միջավայրի պատճառով կմախքների էին վերածվել:
Ըստ նախնական տվյալների՝ սարկոֆագը պատրաստվել է մ.թ.ա. 4-րդ դարի վերջին ազնվականի համար, սակայն հարյուր տարի անց օգտագործվել է մի քանի մարդու կոլեկտիվ թաղման համար: Այդ մարդիկ այնքան աղքատ էին, որ նրանց կողքին որևէ մետաղից կամ անգամ քարից պատրաստված համայիլ չի հայտնաբերվել: Այսպիսով, անհավատալի գանձերի, անեծքների և նույնիսկ Ալեքսանդր Մակեդոնացու մասին վարկածները, որոնք հույս ունեին գտնել սարկոֆագի ներսում, ընդամենը լուրեր էին: