ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 21-ին այցելել է ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան, հանդիպել աշխատակիցների հետ, ծանոթացել աստղադիտարանի ընթացիկ գործունեությանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը տեղեկատվություն է ներկայացրել ընթացիկ աշխատանքների ու ծրագրերի, միջազգային համագործակցության մասին:
Աշխատակիցների հետ անմիջական զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել ատղադիտարանի զարգացման տեսլականի շուրջ:
Նախագահը կարեւորել է առաջնահերթ խնդիրների ձեւակերպումն ու առաջիկա տասնամյակների համար հստակ տեսլականի ձեւավորումը: «Ընդհանուր տեսլական ունենալը կարեւոր է. պետք է իմանալ, թե տասը կամ քսան տարի հետո որտեղ պետք է լինի Բյուրականը»,-նշել է նախագահը՝ առաջարկելով որոշել առաջնահերթությունները, ծրագրեր ներկայացնել եւ պատրաստակամություն է հայտնել հնարավորությունների սահմաններում աջակցել աստղադիտարանին:
Նախագահը շրջել է նաեւ աստղադիտարանի տարածքում, այցելել Վ. Համբարձումյանի տուն-թանգարան, զրուցել աշխատակիցների հետ, ովքեր տեղեկացրել են, որ այս տարի արդեն շուրջ 6000 այցելու են ընդունել: