Ի՞նչ է խոսքը. այն բանական մարդու սոցիալականացման ամենակարևոր ձեռքբերումն է: Խոսքը տալիս է հասկացվածություն, մեկնաբանություն, լսելիություն, արտահայտվածություն, տեղեկատվության փոխանցում, մտածողություն, դատողություն և, վերջապես, լինելիության բարձրաձայնում:
Հոգեբանական տեսանկյունից խոսքն արտահայտում է մարդու ներքին բովանդակությունը: Եթե մի կողմ դնենք խոսքի հապաղման ֆիզիկական գործոնները, որոնք կարող են լինել տարբեր և ունենալ առաջացման տարբեր պատճառներ՝ նյարդային համակարգի, լսողական համակարգի, լեզվամկանային համակարգի և այլ համակարգերի խանգարում, ապա խոսքի հապաղման հոգեբանական գործոններն առավել ներքին հուզական համակարգի հետ են կապված: Նախ ներկայացնեմ խոսքի զարգացման հիմնական փուլերը և տարիքային առանձնահատկությունները: Որպես կանոն, գոյություն ունեն մի քանի տարիքային փուլեր, որոնք ենթադրում են խոսքի արտահայտման հետևյալ ձևերը.
Նախաթոթովանքի կամ գղգղանքի փուլ
Եթե հետծննդյան կյանքի առաջին-երկրորդ ամիսներին երեխան միայն լաց լինելով է արտահայտում իր վիճակը, ապա 2-3-րդ ամիսներից սկսած՝ սկսում է ձայներ արձակել, որոնք կազմված են մեկ-երկու ձայնավոր և նույնքան էլ կոկորդային անորոշ հնչյուններից: Գղգղանքի փուլը տևում է մինչև 6 ամսականը:
Թոթովանքի փուլ
Թոթովանքի շրջանը սկսվում է 6 ամսականից: Այս փուլում երեխայի արձակած ձայներն իր շրջապատում խոսվող լեզվի հնչյուններն են: Դա նշանակում է, որ այս փուլում սոցիալական շրջապատն արդեն վճռական ազդեցություն է գործում երեխայի խոսքի զարգացման վրա: Թոթովանքին ակտիվորեն մասնակցում են լեզուն, լեզվի ծայրը, շուրթերը: Արտաբերվում են այնպիսի շրթնային հնչյուններ, ինչպիսիք են` բ, մ, պ, փ: 7 ամսականում երեխայի թոթովանքը շրջապատի կողմից ակտիվ աջակցության կարիք ունի: 7-8 ամսական թոթովախոս երեխան կրկնում է մեկ ձայնավորից և մեկ բաղաձայնից կազմված բառերի շարքեր (մամա, պապա, տատա և այլն):
Պասիվ խոսքի փուլ
Երեխան դեռևս չի կարողանում խոսել, բայց հասկանում է շրջապատողների խոսքը` իրեն ուղղված մի շարք բառեր և պարզ նախադասություններ: 8-9 ամսականում բնականոն ռիթմով զարգացող երեխան կարող է հասկանալ հրամայական և հարցական կարճ նախադասություններ, և ընդ որում` երեխան հասկանում է ոչ այնքան նախադասության ընթացքը, որքան նրա հուզական կողմը, տոնը, շեշտադրումը, ժեստերը և դիմախաղը: Արդեն 10 ամսականում երեխան դրսևորում է վերլուծական մտածողության որոշ կարողություններ:
Ակտիվ արտաքին խոսքի փուլ
Այս փուլը կազմված է երկու ենթափուլից`
1. Իրադրական խոսքի ենթափուլ
2. Կապակցված համատեքստային խոսքի ենթափուլ
Իրադրական խոսքի ենթափուլ
Մոտավորապես մեկ տարեկանում նորմալ զարգացող երեխաների մեծ մասը սկսում է արտասանել առաջին բառերը, սակայն երեխաներն այս հարցում ունեն անհատական բավականին մեծ տարբերություններ: Որոշ երեխաներ կարող են ակտիվ խոսքի փուլին անցնել 2 տարեկանում կամ ավելի ուշ: Այսինքն` նրանց պասիվ խոսքի փուլը միջինից շատ ավելի երկար է տևում, նույնիսկ՝ մինչև 3 տարեկան: Երեխայի արտասանած առաջին բառերը թոթովանքի ժամանակ արտասանվող հնչյունների զուգորդություններից կազմված բառերն են: Եթե թոթովելիս «մա-մա-մա» շարքը որևէ իմաստ չէր արտահայտում, ապա այժմ այդ զուգորդությունը կարող է նշանակել մայր:
Իրադրական խոսքը մեծ նշանակություն ունի ընտանիքի անդամների հետ երեխայի շփման և հիմնական պահանջմունքների բավարարման հարցում: Օրինակ` շատ երեխաներ «հաֆո» կամ «հաֆ-հաֆ» են ասում, երբ ուզում են ցույց տալ շանը, կամ ինչ-որ միտք արտահայտել, որը կապված է շան հետ: Նմանատիպ բառերի կիրառումը պայմանավորված է կոնկրետ իրադրությամբ, որում տվյալ պահին հայտնվել է երեխան:
Կապակցված համատեքստային խոսքի փուլը և եսակենտրոն խոսքի խնդիրը
Խոսքի զարգացման այս փուլը սկսվում է 1.5-2 տարեկանից: Այս փուլում երեխայի խոսքը հանդես է գալիս՝ որպես նրա գործողություններին ուղեկցող գործընթաց: Օրինակ` երեխան տուն պատրաստելիս ինքն իրեն խոսում է, տալիս է այն առարկաների անունները, որոնցով խաղում է:
Ժ. Պիաժեն, հետո նաև՝ Լ. Ս. Վիգոտսկին, ուշադրություն դարձրին այն հանգամանքին, որ երեխայի խոսքի և մտածողության զարգացման վրա խոր ազդեցություն են գործում այլ մարդկանց հետ փոխհարաբերությունները: Ժ. Պիաժեն առաջ քաշեց նաև «եսակենտրոն խոսքի» մասին իր տեսակետը: Եսակենտրոն է երեխայի այն խոսքը, որը նախատեսված է հենց իր համար, իսկ «սոցիալականացված» խոսքն ուղղված է ուրիշներին: Ըստ Պիաժեի` եսակենտրոն խոսքը ժամանակի ընթացքում մարում ու անհետանում է: Լ.Ս. Վիգոտսկին, քննադատորեն վերլուծելով Պիաժեի տեսակետը, առաջ քաշեց այն միտքը, որ երեխայի խոսքի ցանկացած տեսակ սկզբից ևեթ սոցիալական է: Փորձելով պարզել, թե երեխայի կյանքում ինչ նշանակություն ունի եսակենտրոն խոսքը, հանգեց այն եզրակացության, որ խոսքի այդ տեսակը սոցիալական ծագում ունի և ժամանակի ընթացքում ոչ թե անհետանում է, այլ դառնում է ներքին խոսք: Որոշ տվյալներ վկայում են, որ 2-3 տարեկան երեխայի եսակենտրոն խոսքը կապված է խնդրային իրադրությունների հաղթահարման հետ: Երբ երեխան հայտնվում է խնդրային իրադրության մեջ, որտեղ պետք է հաղթահարի չնախատեսված դժվարությունները, նրա ինքնաբուխ եսակենտրոն խոսքն անմիջապես ակտիվանում է: Այս փաստը ցույց է տալիս, որ խոսքի այս տեսակը ծառայում է խնդիրների լուծմանն ու խնդրային իրադրությունների հաղթահարմանը, այսինքն` երեխայի ադապտացիայի ապահովմանը:
Խոսքի հապաղման հոգեբանական գործոնները.
Ինչպես արդեն նշեցի, եթե խոսքի հապաղումը պայմանավորված չէ ֆիզիկական խնդիրներով, ապա դա հոգեբանական դրդապատճառներ ունի: Երեխայի խոսքի զարգացման մեջ ընտանիքը, ունենալով զարգացնող մեծ դերակատարություն, կարող է նաև հակառակ արդունքի հանգեցնել: Նշեմ մի քանի հիմնական իրավիճակներ, որոնք հանգեցնում են երեխայի հուզական մեծ լարվածության և, ըստ այդմ, նպաստում երեխայի ներամփոփվածությանն ու կյանքին խոսքով չմասնակցելուն.
- Կոնֆլիկտային ծնողներ
- Ապահովության զգացողության բացակայություն
- Անընդհատ երեխային սաստելու և բղավելու սովորություն
- Ծնողների մշտական զբաղվածություն և հաղորդակցման բացակայություն
- Մուլտֆիլմերի անդադար դիտում
- Բազմալեզու խոսքի առկայություն
- Անտեսվածություն
- Երեխայի հետ խոսելիս դիմախաղի և աչքերի կոնտակտի բացակայություն
- Հուզական կապի, գուրգուրանքի, դրական էմոցիաների անբավարարվածություն, և այլն:
Այս ամենն իրականում երեխային ստիպում է զգալ միայնակություն և օտարացվածություն: Իսկ նման դեպքում խոսքն արդեն լսելի դարձնելը ևս մեկ անգամ անպիտան և անկարևոր է թվում, քանի որ շրջապատող միջավայրը, գիտակցաբար թե անգիտակցաբար, ներշնչում է երեխային այդ զգացողությունը և չի նպաստում համապատասխան պայմանների ստղծմանը՝ հուզական և ֆիզիկական հաղորդակցմանը:
Կամիլա Խաչատրյան
Հոգեբան