Ներկայացնում ենք Արշալույս Զուրաբյանի ֆեյսբուքյան հրապարակումը.
«ԷՍՊԻՍԻ ԲԱՆ
Գիրքն ու երևակայությունը մտքի շարժիչ ուժեր են, որոնք գործողության մեջ են դնում մտածելու ունակությունը, վեհացնում, ազնվացնում բարքերը, դաստիարակում ճաշակ ու մտածողություն:
Կան մարդիկ, որ գիրքը գնահատում են ըստ ծավալի: Դա նույնն է, որ մարդուն արժևորես ըստ նյութական ունեցվածքի կամ ըստ քաշի ու տարիքի: Վատ գրքերից պետք է հեռու մնալ՝ ինչպես ծույլ ու բթամիտ մարդկանցից:
Կարդալ պետք է միայն խիստ ընտրությամբ: Մի լսեք նրանց, ովքեր ասում են, թե պետք է շատ կարդալ։ Կյանքը մի ակնթարթ է և անիմաստ է ժամանակ վատնել մեծ թվով գրքեր կարդալու համար: Սենեկան ասում է, որ օգուտը ոչ թե շատ, այլ լավ գրքերում է:
Լավ գիրքը սնում է միտքն ու հոգին, զարմանք ու սեփական մտքեր առաջացնում, ծնում երազանք, պոռթկումներ, ինքնուրույն դատողություններ, առաջացնում վերափոխվելու ու վերափոխելու ցանկություն, օգնում գեղեցիկ մտածել:
Շատ կարդալն օգտակար կարող է լինել ոչ բոլորի համար: Ընթերցանության հանդեպ բուռն հակումը կարող է ծնել նաեւ կյանքից կտրված, սեփական դատողություններից զուրկ ինքնահավան հիմարների, միտքը դարձնել անպտուղ:
Գրքից օգտվելու կարողությունը արվեստ է: Յուրաքանչյուր լավ գիրք չէ, որ պետք է դանդաղ ու խորհրդածելով ընթերցել: Գրքեր կան, որ պետք է կարդալ մեկ շնչով, զգալ գրողի հևքն ու շունչը, երբեմն կանգ առնել ու մտորել, կարդալ այնպես, ինչպես գրվել է: Շատ կարևոր է նաև հասկանալ այն՝ ինչը գրված չէ։
Ինչպես անարատ մեղրն է հարկավոր ճաշակել զգուշությամբ, այնպես էլ լավագույն գրքերը: Լավ գիրքն ավարտում ես հագեցած ու հարստացած, հետագայում ևս կարդալու ակնկալիքով»: