Հայուհիների մոտ նկատում եմ բրենդամանիա, որն արդեն վաղուց ակտուալ չէ արտերկրում. Ոճաբան Արփինե Գասպարյան. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Հայուհիների մոտ նկատում եմ բրենդամանիա, որն արդեն վաղուց ակտուալ չէ արտերկրում. Ոճաբան Արփինե Գասպարյան. life.panorama.am

Նորաձևությանը մշտապես հետևող և դրան մեծ նշանակություն տվող ոճաբան Արփինե Գասպարյանն այժմ Հայաստանում է: Նորաձեւության ամենաակտուալ թրենդների եւ ընդհակառակը՝ հակաթրենդների, ոճի հարցում հայուհիներիի թույլ տված սխալների եւ առավելությունների մասին Life.panorama.am-ը զրուցել է Ստամբուլում բնակվող ոճաբանի հետ:

«Ես բնակվում եմ Ստամբուլում. սոցիալական ցանցերի միջոցով հետևելով հայ աղջիկների ոճին ու հագուստներին՝ դեռևս տարիներ առաջ ինձ մոտ ցանկություն առաջացավ փոփոխել այն, ինչ հնացել է՝ ավելի առօրյա ու թեթև հագուստով տեսնել մեր գեղեցկուհի հայուհիներին: Այսօր ես կարող եմ համարել, որ այդ գործում իմ փոքրիկ լուման կատարված է»,- զրույցի սկզբում նշեց Արփինեն:

Հարցին, թե ի՞նչ տարբերություն է տեսնում հայուհիների և արտերկրում բնակվող աղջիկների ոճի ու հագուկապի միջև, Արփինեն ասաց, որ  շեշտված տարբերություն զգում էր դեռևս տարիներ առաջ, սակայն այսօր պատկերը մի փոքր այլ է:

«Այսօր մեր աղջիկները բավականին մեծ տեղ են տալիս իրենց հագուկապին, բավականին քմահաճ են:  Հայաստանում նորաձևությունը վերջին տարիներին չափազանց մեծ քայլերով առաջ է գնում: Իհարկե, հետևում եմ հայ դիզայներների աշխատանքներին, հավաքածուներին, ինչը հիանալի է: Վերջին շրջանում սոց-էջերով հայուհիների մոտ նկատում եմ բրենդամանիա, որն արդեն վաղուց ակտուալ չէ արտերկրում:  Այնտեղ կանայք կրում են այն հագուստը, որն իրենց հարմար է, որում նրանք վստահ են իրենց զգում, բայց ասեմ, որ մի քանի տարի առաջ այնտեղ նույնպես կար բրենդամոլություն և պիտակների ընդգծման տենդենց»,- նկատեց նա:

Արփինեն նշեց նաև, որ հայ աղջիկների մի մասը նաև մեծ նշանակություն է տալիս,  թե ինչպես է հագնվում այս կամ այն շոու բիզնեսի ներկայացուցիչը և շատ կարճ ժամանակահատվածում այն կրկնօրինակվում է նրանց կողմից.

«Իհարկե, ոչ բոլորն ունեն այդ խնդիրը, չեն սիրում մտածել ու նորն ու տարբերվողը ստեղծել, այլ սիրում են տեսնել, թե այս կամ այն հայտնին ինչպես է հագնվում և կրկնօրինակում դա: Ես կարող եմ, օրինակ, Ստամբուլից մի զգեստ վերցնել, Մոսկվայից կոշիկ, իսկ Իտալիայից աքսեսուար, այդ բոլորը համադրել ու տեղափոխել Հայաստան: Այս ամենն ինձ հաճույք ու մեծ ուրախություն է պատճառում»,- հավելեց ոճաբանը:

Խոսելով 2018 թվականի թրենդների մասին վերջինս նշեց.

«Համաշխարհային նորաձևության ամեն թրենդ չէ, որ ընդունվում և կիրառվում է հայուհիների կողմից , սակայն 2018-ի թրենդների մեծ մասը նրանք կիրառում են: Շատ ակտուալ են գոտկատեղին կապվող պայուսակները: Դրանք այս տարի համարվում են միանգամայն ոճային աքսեսուար: Փայլեր-փայլեր՝ մինչեւ վերջ. այ սա հայուհիներին հատկապես է դուր կգա: Փայլապատ կտորից պատրաստված թեթեւ թիկնոցներն այն են, ինչ պետք են ձեզ այս ամռանը: Այն, որ ներքնաշորը պետք է ցուցադրել, ոչ թե թաքցնել, սովորեցինք այս սեզոնին: Հաջորդ սեզոնին դիզայներները խորհուրդ են տալիս աչքի ընկել կապերով ներքնազգեստով: Այդ կապերը կարող են փաթաթվել գոտկատեղին, կարող են պարզապես դուրս գալ հագուստի տակից: Այս ամռանն ակտուալ են նաև ռետինե կապերը, որոնք կտորի վրա առաջացնում են ծալքեր, փոռեր: Առաջիկա սեզոնին ծալքերը մոդայիկների գլխավոր օգնականներից կլինեն: Կապեք, ձգեք, ու մոռացեք, որ ծալքերն ու փոռերը գիրացնում են»:

Արփինեն խոսեց նաև հակաթրենդների մասին՝ նշելով, որ նորաձևությունը կանանց նման փոփոխական է:

«Այս ամռան հակաթրենդներից են ջինսե շորտերը, մաքսի կիսաշրջազգեստները, մորթյա հողաթափերը և այլ թրենդներ, որոնք ամենաակտուալն էին անցած տարվա ընթացքում»:

Զրույցը եզրափակելիս Արփինեն նշեց.

«Չեմ սիրում ժամանակից առաջ ընկնել, բայց կարծում եմ բոլորիս այսօրվա աշխատանքը դա վաղվա օրվա հաջողության գրավականն է: Կարծում եմ՝ հայուհին պետք է միշտ ինքնավստահ, անկախ և ուժեղ լինի, կապ չունի նա կողակցի հետ է առաջ շարժվում, թե մենակ: Ստեղծեք ձեր աշխարհը, ձեր կարիերան և երբեք կախված մի եղեք ոչ ոքից: Հայուհին դարեր շարունակ կերտել է ուժեղ և ինքնավստահ կնոջ կերպար և մենք պարտավոր ենք հենց այդպես էլ շարունակել մեր ճանապարհը, և իհարկե, ապրել նորաձևության ոլորտի զարգացման եւ առաջմղման գեղեցիկ առաքելությամբ»:

life.panorama.am