Բնավորությունից շատ բան է կախված. մատնահարդար Նանո Սիրունյան. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Բնավորությունից շատ բան է կախված. մատնահարդար Նանո Սիրունյան. life.panorama.am

Ոճաբան-մատնահարդար Նանո Սիրունյանը Life.panorama.am-ի հետ զրույցում խոսել է մատնահարդարման գաղտնիքների, ակտուալ գույների և ճիշտ խնամքի մասին:

– Ինչպես գեղեցկության ցանկացած ոլորտ, այնպես էլ մատնահարդարումը ենթարկվում է նորաձևության կանոններին։ Այս պարագայում գլխավորը, թերևս, ակտուալ գույներն են։ Որո՞նք են այս տարվա ամենանորաձև գույները մատնահարդարման ասպարեզում։

– Ուզենք թե չուզենք, բայց դա արդեն արձանագրված փաստ է, որ գեղեցկության ցանկացած ոլորտ և դուք շատ ճիշտ նշեցիք, նաև մատնահարդարումը, ենթարկվում է նորաձևության կանոններին։ Այս տարի նախապատվությունը տրվում է սպիտակին, բայց միևնույն ժամանակ ուզում եմ նշել, որ դասականը միշտ նորաձև է և ակտուալ։ Նախընտրելի են պարզ և թափանցիկ երանգները, որոնք մատներին բնական գեղեցկություն են հաղորդում։ Բայց պետք է նշեմ, որ 2018թ-ի ամռան թրենդային գույներից են նաև դեղինը,մանուշակագույնը և շագանակագույնը։

– Վերջին երկու տարվա ընթացքում նկատելի է, որ կարելի է մի քանի գույներ համադրել։ Ո՞ր գույներով կարելի է ամենագեղեցիկ համադրությունները ստանալ։

– Այո՛, շատ ճիշտ եք։ Այդ տենդենցը նկատվում է վերջին մի քանի տարիներին։ Պետք է նշեմ, որ այն չի կորցրել իր արդիականությունը մինչև այժմ։ Գույները կարելի է համադրել տարբեր սկզբունքներով՝ հաշվի առնելով մեր շատ սիրելի հաճախորդների նախասիրությունները, ինչպես նաև մատնահարդարի տարիների փորձը և ոլորտին տեղյակ լինելը։ Կարելի է համադրել նաև հագուստի գույների հետ և այդպես շարունակ։ Բայց մասնագիտական տեսանկյունից կցանկանայի նշել, որ սպիտակը համադրվում է գրեթե բոլոր գույների հետ, հատկապես գեղեցիկ է ստացվում վարդագույնի և երկնագույնի հետ համադրելիս։ Կաթնագույնի հետ ավելի նախընտրելի է ոսկեգույնը և շագանակագույնը, դեղինը կարելի է համադրել մանուշակագույնի հետ՝ ստանալով շատ վառ և ամառային տրամադրություն։ Իսկ սևը շատ գեղեցիկ է ստացվում սպիտակի, երբեմն նաև կարմիրի հետ՝ ստանալով ավելի վառ և համարձակ կերպար ։

– Որոնք են ամառային ամենանորաձև ու ամենապահանջված զարդանախշերը, իլուստրացիոն նկարները, որոնք արվում են եղունգների վրա որպես դիզայն։

– Զարդանախշերը որպես այդպիսին լրացուցիչ օղակ են հանդիսանում մատնահարդարման բնագավառում։ Դրանք էլ ավելի են գեղեցկացնում արդեն իսկ հարդարված եղունգները և տալիս եղունգներին անկրկնելիություն։Կցանկանայի նշել, որ զարդանախշերից և նկարներից օգտվում են հատկապես առավել համարձակ հաճախորդները՝ ընդգծելու համար իրենց վառ անհատականությունը։ Հատկապես ամռան օրերին շատ գեղեցիկ են ծաղկային թեմաներով նախշերը, որոնք, հավատացեք, նաև բարձրացնում են հաճախորդի տրամադրությունը։ Նորաձև են նաև փայլերով ստացված տարբեր համադրությունները և օմբրե տարբերակը։

– Եղունգների կտրվածքները ևս կախված են նախասիրություններից, ի՞նչ տեսակներ են դրանք լինում և որո՞նք են ամենանորաձևերը։

– Այո, շատ ճիշտ եք։ Նախասիրությունները լինում են շատ տարբեր, բայց երկար տարիներ աշխատելով այս ոլորտում՝ իմ բոլոր հաճախորդներին հասցրել եմ ճանաչել անհատապես։ Ինչու եմ դա ասում, որովհետև բնավորությունից շատ բան է կախված և արդեն իսկ կարելի է պատկերացում կազմել, թե եղունգներին ինչ ձև պետք է հաղորդվի։ Միևնույն ժամանակ՝ հաշվի եմ առնում եղունգների կառուցվածքը, մատների ձևը, ինչպես նաև երկարությունը։Մեծ նշանակություն եմ տալիս նաև անձնական նախապատվություններին։ Ամեն կին ունի եղունգների իր կառուցվածքը և ամենևին էլ պարտադիր չէ ընտրել այն ձևը, որը իրեն չի համապատասխանում։ Ինչպես արդեն նշեցի՝ բնական հարդարված եղունգները շատ թրենդային են, բայց շատ ակտուալ են նաև քառակուսի եզրերը մի փոքր հարթեցված եղունգները։ Շատ նորաձևության հարթակներ թելադրում են նաև եղունգների երկար և սուր տարբերակը, ինչպես նաև կարելի է 2018-2019թ թրենդային ձև համարել եղունգների նշաձև տարբերակը։

– Յուրաքանչյուր պարագայում պետք է եղունգները լինեն կոկիկ, որպեսզի կատարված գունային և դիզայներական լուծումները գեղեցիկ ստացվեն։ Մի քանի խորհուրդ, թե ինչպես ունենալ ամուր, հարթ ու առողջ եղունգներ։

– Ձեռքերը մշտապես խնամքի կարիք ունեն, այլապես մաշկը օրվա ընթացքում կրելով տարբեր ազդեցություններ, կարող է կորցնել նրբությունը և առաձգականությունը։ Հիշեք նաև, որ ձեռքերը մատնում են կնոջ տարիքը: Հոգ տարեք ամեն օր, մանավանդ, որ այսօր խնամքի շատ հեշտ միջոցներ կան թե՛ պատրաստի և թե՛ տնային։Պատրաստի միջոցները կարող եք ձեռք բերել ինքներդ, ընտրության լայն տեսականի կա քսուքներ, յուղեր, եթերային յուղեր: Իսկ տնային միջոցներից կփորձեմ մի քանի խորհուրդ տալ՝ քնելուց առաջ կարելի է կուտիկուլաներին ձիթապտղի յուղ քսել ,այն հիանալի փափկեցնում է մաշկը, կանխարգելում ծլեպների առաջացումը և չի թողնում, որ մաշկը ճաքճքի։ Շաբաթը մեկ կարելի է մերսել եղունգները կես կիտրոնի հյութով՝ այն հիանալի սպիտակեցնում է եղունգները: Իսկ խնձորի կտորներով մերսումը կխոնավեցնի ձեր մաշկը. այն կխլի ձեզնից ընդամենը 2-3 րոպե, բայց դուք չեք էլ կարող պատկերացնել, թե այն ինչ հրաշք ազդեցություն է ունենում ձեռքի մաշկի վրա։

Life.panorama.am