Ջորջ Քլունին գլխավորել է տարվա ամենաբարձր վարձատրվող դերասանների վարկանիշային աղյուսակը՝ Forbes ամսագրի վարկածով։ Համապատասխան ցանկը չորեքշաբթի օրը հրապարակվել է պարբերականի կայքում։
12 ամիսների ընթացքում Քլունին 239 միլիոն դոլար է վաստակել։ Ինչպես նշում է ամսագիրը, բացի կինոյում նկարահանվելու հոնորարներից, օսկարակիր դերասանին բավական մեծ եկամուտ է բերել թեքիլայի արտադրության նրա հիմնած Casamigos Tequila ընկերության վաճառքը 1 միլիարդ դոլարով։
Ցուցակում երկրորդ տեղը զբաղեցնում է դերասան Դուեյն Ջոնսոնը՝ 124 միլիոն դոլարով։ Երրորդ տեղում Ռոբերտ Դաունի–կրտսերն է՝ 81 միլիոն դոլար եկամտով։
Այնուհետև Forbes-ի տարեկան վարկանիշային աղյուսակում տեղ են գտել Քրիս Հեմսվորթը (64,5 միլիոն դոլար), Ջեքի Չանը (45,5 միլիոն դոլար), Ուիլ Սմիթը (42 միլիոն դոլար), Աքշայ Քումարը (40,5 միլիոն դոլար), Ադամ Սենդլերը (39,5 միլիոն դոլար), Սալման Քհանը (38,5 միլիոն դոլար) և Քրիս Էվանսը (34 միլիոն դոլար):