Սնելով մարմինը՝ պետք է չմոռանան սնել նաև միտքն ու հոգին․ Մարիամ Հովհաննիսյան. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Սնելով մարմինը՝ պետք է չմոռանան սնել նաև միտքն ու հոգին․ Մարիամ Հովհաննիսյան. life.panorama.am

Կինն ինքնին գաղտնիք է: Թերևս որքան կին կա, նույնքան էլ կան գաղտնիքներ՝ կապված նրանց արտաքային և ներքին գեղեցկության հետ: Կնոջ գեղեցկության բանաձևերը՝ անթիվ ու անհամար են, այս անգամ Life.panorama.am-ը, շարունակելով «Կնոջ գեղեցկության գաղտնիքները» շարքը, զրուցել է պարուհի և դերասանուհի Մարիամ Հովհաննիսյանի հետ:

– Մարիամ, ո՞րն է կնոջ գեղեցկության գաղտնիքը՝ Ձեր գաղտնիքը:

– Սովորաբար կանայք չեն բացահայտում իրենց գաղտնիքները, բայց, այնուամենայնիվ, կասեմ, որ ինձ համար կնոջ ամենագնահատելի հատկանիշը կանացի և իմաստուն լինելն է։

– Ըստ Ձեզ՝ որտե՞ղ է սկսվում և ավարտվում կնոջ ներքին ու արտաքային գեղեցկության սահմանները:

– Ընդհանրապես մարդու արտաքին աշխարհն իր ներքինի արտացոլանքն է։ Որքան լիքն է կինը ներսից, այնքան համեստ, կշռադատ ու իմաստուն է արտաքինից, որից էլ բխում են շատ այլ վեհ հատկանիշներ և հատկապես՝ նրա գեղեցկության անսահմանությունը, քանզի գեղեցկությունն, ըստ իս, սահմաններ չունի։

– Սեքսուալությունը՝ որպես գեղեցկություն: Ինչպե՞ս պահել այս կանոնը, որպեսզի սեքսուալությունը գռեհկության չհասնի:

– Սեքսուալությունը գեղեցիկ է չափի մեջ, իսկ դա արդեն գալիս է կնոջ դաստիարակությունից և էսթետիկն ու գռեհիկը միմյանցից զանազանելու ունակությունից։ Յուրաքանչյուր վեհ և բանիմաց կին երբեք չի անցնի այդ սահմանը։

– Յուրաքանչյուր կին ունի իր բանձևերը՝ տարատեսակ դիետաներ, մարզաձևեր, խնամքի այլ պարագաներ: Դուք ունեք անթերի մարմին, հետաքրքիր է՝ ինչ բանաձևեր եք կիրառում այն պահպանելու համար:

– Չեմ սիրում, երբ կինն իրեն չի հետևում՝ հազարավոր պատճառներ մատնանշելով։ Ինձ համար կնոջ խնամված լինելը թերևս ամենակարևոր բանն է, և ինքս միշտ փորձում եմ անել ամեն ինչ, որպեսզի պահպանեմ ինձ համար սահմանված գեղեցկության կանոնները. այն է՝ լինել միշտ խնամված, կոկիկ և նրբակազմ։ Ինքս միշտ փորձում եմ հեռու մնալ տարատեսակ դիետաներից, որոնց սովորած մարդը մի օր դրանցից հրաժարվելու դեպքում կարող է կրկնակի քաշ հավաքել։ Ինձ համար լավագույն դիետան դա ուտելն է, ուտել օգտակար և շատ վիտամիններով հարուստ սնունդ, բայց՝ չափավոր։ Ես սնվում եմ օրը 3 անգամ՝ վաղ առավոտյան, որի մեջ մտնում է կոկոսի կամ նուշի կաթի մեջ մանր կտրատած տարատեսակ մրգեր և հատապտուղներ, այնուհետև կեսօրին՝ ժամը 12-ին, ուտում եմ ամբողջ օրվա կտրվածքով ամենաշատ քանակությամբ, որպեսզի էներգիա ունենամ և միաժամանակ հասցնեմ ավելորդ կալորիաներն այրել ողջ օրվա ընթացքում, իսկ երեկոյան` 19:00-ից ոչ ուշ, ընթրում եմ և ուտում աղցաններ ու թեթևամարս սնունդ՝ առանց հացի։ Իսկ եթե հանկարծ ուշ ժամի քաղց եմ զգում, այն թեթևացնում եմ խնձորով կամ անանասով։ Եվ այդ ամենին գումարած մասնագիտությունիս ելնելով՝ վարում եմ ակտիվ կյանք. զբաղվում եմ սպորտային պարերով և «Զումբա» ֆիթնեսով, այդ առումով բախտս իսկապես բերել է։

– Կիրթ կինը գեղեցիկ է, եթե անգամ արտաքանապես չունի շլացուցիչ դիմագծեր: Միաժամանակ կիրթ և գեղեցիկ կանայք քիչ են: Ինչի՞ հետ եք սա կապում, և ինչպե՞ս եք փորձում ինքներդ ձեր օրինակով կոտրել այդ կարծրատիպը:

– Կարծում եմ` ուղղակի կանայք պետք է կարողանան պահել ներքին և արտաքին գեղեցկության բալանսը՝ չկենտրոնանալով միայն մեկի վրա, չէ որ նրանք բնության զարդերն են և պիտի անեն այնպես, որ այդ զարդն իր մեջ ունենա և՛ խորհուրդ, և՛ էսթետիկա։ Սնելով մարմինը՝ պետք է չմոռանան սնել նաև միտքն ու հոգին, և հակառակը։

life.panorama.am