Ժամանակակից հայ պոետներ, որոնց արժե կարդալ. vnews.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ժամանակակից հայ պոետներ, որոնց արժե կարդալ. vnews.am

Շատերը ցավոք չգիտեն, որ ժամանակակից հայ պոեզիան շատ հարուստ է, բազմազան ու սիրուն:
Ի՞նչ է մտածում ժամանակակից հայ մարդը, ի՞նչն է նրան հուզում ու ուրախացնում, որո՞նք են համաշխարհային պոեզիայի նոր ուղիները, միտումները, մոտիվները, ինչպիսի՞ն է 20-րդ դարավերջի ու 21-րդ դարասկզբի հայերենը. այս հարցերի պատասխանները գուցե գտնեք, եթե կարդաք մեր ժամանակակից պոետներին:

Այս անգամ գրականագետ, «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանին ենք խնդրել՝ առանձնացնել մեր ժամանակների լավագույն 5 երիտասարդ պոետներին, որոնց պետք է կարդալ:

Կարդացեք նաև՝ Ինչ կարդալ ձմռանը. խորհուրդ է տալիս Արքմենիկ Նիկողոսյանը

Եվ այսպես.

Կարեն Անտաշյան

Կարեն Անտաշյանը ծնվել է 1983 թ. փետրվարի 3-ին Վանաձորում: 2009-ին հիմնադրել է Granish.org գրական կայքը և հիմնադրամը: Այս կայքը ներայումս գրական ամենամեծ առցանց հարթակն է մեզանում. այստեղ կգտնեք հայ ժամանակակից պոետների ու արձակագիրների, թարգմանիչների ու գրականագետների աշխատանքները:

Կարեն Անտաշյանը բանաստեղծական 3 ժողովածուներ ունի հրատարակած. «Վերջից հետո, Սկզբից առաջ», 2004 թ., «Անտաշատ», 2009 թ, «Ծիլի-Ծով. գիրք հմայության», 2014 թ:

«Եթե նախկինում Կարենի յուրաքանչյուր նոր ժողովածուն էր ինձ համար իրադարձություն, հիմա, քանի որ քիչ է գրում, յուրաքանչյուր բանաստեղծությունը: Ընդհանրապես, պետք է կարդալ նրա «Անտաշատ», «Ծիլի Ծով» գրքերը թեկուզ միայն նրա համար, որ տեսնեք, թե ինչ վարպետությամբ է Կարենը ժողովածու կառուցում. ամեն ինչ տրամաբանված, ամեն ինչ շարունակումի տրամաբանության մեջ: Կարծես վեպեր լինեն», – ասում է Արքմենիկ Նիկողոսյանը:

Կարդացեք նաև՝  Ես Կարեն Անտաշյանն եմ…

Որսորդը

#
Ես այս կողմերի որսորդն եմ –
միակը ի բնե, առկա այն տեղերում,
ուր իմ թակարդն ընկան կամ իմ անունը տվեցին:

#
Փրկիչ չեմ –
ամեն ինչ այնպես էլ հոսում է միակ հնարավոր հունով,
բանվոր չեմ –
ջանք չեմ գործադրում և անուններ չեմ դնում,
պահակ չեմ –
անհնար է պահպանել կյանքը մասին հիշողությամբ,
զինվոր չեմ կողմնապահ –
հավասար հմայիչ եմ գտնում՝
կարմիրն ու ոսկին սևի վրա
և երկնագույնն ու արծաթը՝ ճեփճերմակին,
դիտորդ չեմ –
թռչուններ կան, որ դեռ պիտի ճամփեմ գարուն,
ձիեր, որ պիտի սանրեմ,
մեղուներ, որոնց ընդառաջ ծաղկեմ պիտի –
մեղուն ղուն-ղուն ասի, հաֆուն՝ հաֆ-հաֆ:
Զվարթ է իմ հայտնությունը, երբ Աստղիկներ կան,
ում երազում ճանապարհ պիտի դառնամ
դեպի ծննդոց կաթ հեղող ակունքները:

#
Իմ չափերի համար չափազանց մեծ է
արարածներով և հիշողությամբ լցված
այս տարածությունը,
և հասցնելու համար ես այնտեղ եմ լինում միայն,
ուր որ թակարդ ունեմ ի տես
նրանց, որ սիրելու տարբեր ձևեր գիտեն՝
ինչպես որ վերցնելն ի ծնե,
տալն են սովորում, որպես ընթացքի իմաստություն
և լինելը, որպես ջրից ու արևից հասնելու կերպ:

Կամակոր չեմ – իմ կամքն այն է, ինչ լինում է
անհնարինը երազելու հեշտանքից:

#
Ազատություն ունեմ նաև դրանից զատ ու լիքը գործ –
անցնել բոլոր ջրերով ու քարերով,
լինել մեծերի մոտ ու փոքրերի հետ,
հասկանալի լինելով ինքնին՝ լեզու չդառնալ, բառ,
[որքան արարածներ կան համանիշ՝ նույնքան լեզուներ] նույնքան նշանագրեր չդառնալ՝
ընկալման սահմաններ չդառնալ
ի հնե միակության չափում:

#
Չդառնա՛լ:
Օրհնել գիշերներն ու ցերեկները նույն շնչով:

#
Սգավոր չեմ –
աշուններն ու գարունները,
առանձնյակների կենսագրությունը,
կյանքը և մահը
էությունից դրդված շնչառություն են:
Ես շունչն եմ:
#
Բնիկ չեմ – ես այստեղ չեմ եղել,
երբ բաժանվում էր պարարտն ու պատը,
ցուրտն ու ջերմը, առատն ու սուղը,
և ինձ համար
տեղորոշում ու ինքնություն չի սահմանվել:
Ճամփորդ եմ ուրիշ տեղերից եկած
և համատարած ուղևոր եմ
ինձ ու ինձ անվերջ ընդարձակվող,
ինքս ինձ անվերջ վերադարձող, ճշգրտող –
ուզում եմ լինել ավելի քան եմ՝
շոշափելով ավելի քան՝ է:

#
Ես երբեք չեմ լքում իմ եղած վայրերը:

#
Տերը չեմ – ինձ համար էլ նետ կա պահված՝
ինչպես այս կողմերում ամենայնիվ.
կհամընկնենք, երբ ճախրս ավելին լինի քան ես եմ –
պայծառ մտոք, մարմնով գեղանի ու ոգով զվարթ,
երբ ավելի ողջ էլ երբեք չեմ լինելու
և մահը արժանի որսորդ է,
սերը՝ արժանի թակարդ…
որսի և որսորդի կատարյալ միացումը սիրով –
ուտելն է:

#
Ես քո վախից արթնացած հրեշն եմ:
Ես քո տաքացրած օձն եմ:
Ես քո ունեցած-չունեցածն եմ:
Ես քո եղած-չեղածն եմ:
Ես քո որսորդն եմ:

Հասմիկ Սիմոնյան

Հասմիկ Սիմոնյանը ծնվել է 1987-ի մարտի 7-ին Երևանում: 2005 թվականին հրատարակել է առաջին ժողովածուն՝ «Լուսնոտ բառեր», որն արժանացել է Սլավիկ Չիլոյանի անվան մրցանակի: 2010 թվականին հրատարակվել է «Թափթփված սենյակներ» բանաստեղծությունների երկրորդ ժողովածուն:

Կարդացեք նաև՝  Ես Հասմիկ Սիմոնյանն եմ

«Հասմիկին իր բանաստեղծական առաջին քայլերից եմ կարդում: Ունեցել է տեղապտույտներ իր ստեղծագործական կյանքում, բայց իր լավագույն գործերը հույզով, ապրումով ուղղակի բերնեբերան լցված, բանաստեղծական փայլուն արվեստով իրացրած ստեղծագործություններ են: Հասմիկի բանաստեղծությունները խոսում են հետդ, անգամ այն տպավորությունը կարելի է ստանալ, որ հենց ընթերցման ընթացքում ծնված հարցերիդ են պատասխանում: Շատ զիլ է: Ես իր նոր գրքին եմ վաղուց սպասում: Շատ ուժեղ է լինելու», – ասում է Արքմենիկ Նիկողոսյանը:

քեզ

ես չեղա նավզիկե քեզ համար
չնայած երբ էլ դու եկար
եկար քրտնած ու թաց
ոսկորներիդ մեջ պտտահողմ տեսա, ալիքներ
թափառող
թափառիկ` պես մարդու մեռած հիշողության

ինչ կար քեզանից
գարուն ամառ աշուն
անկիսելի քաղաք պստիկ-մստիկ ցույցերով
և անշարժ աստվածներ սայլակում հաշմանդամի

ինձնից մի մարմին կար` որբանոց գրքերի

դու անտեր գրքի պես լուսնային մի գիշեր ոռնացիր երկար

ու ես գնացի
փնտրելու իմպեսներին

բայց ում էլ որ գտա
եկավ անձրևի հետ` աստվածային խաղաղ, ամնարդկային կրքոտ

ու լուսնային մի գիշեր
երբ մինի աստծված էի` միայնակ ու դժբախտ
ես հիշեցի ոռնոցդ քրքրված ու անտուն

քեզ բացեցի կամաց որ մաշված էջերդ հանկարծ չցավեցնեմ
ու կծկվեցի քո մեջ
ինչպես հարազատ դագաղում

գիրք իմ որ իմը չես

դու չեղար նավզիկե ինձ համար
չնայած ես միշտ եկա
որ մատներդ շոյել սովորեն ու աչքերդ դատարկ չմնան

ու լուսնային մի գիշեր երբ պտտահողմ ելավ
և ալիքներ բարձրացան
ես ջրհեղեղ ուզեցի ու բառը` իբրև նավ
ինձ բերեց քեզ մոտ
քեզ տեսնելու համար և սակայն չունենալու

գիրք իմ որ դու ես ու ես չեմ
գիրք իմ որ այդքան ես եմ
ներիր իմ սխալները
ես սովորական աստված եմ` ամեն քայլափոխի հանդիպող
վառիր աստղը քո կղզու
որ լուսնային այս գիշեր
ոսկորներիս պտտահողմը ավազներդ մաքրեն

կրակոց
Արտակ Նազարյանին

և հայրդ էլ քո հայրը չի լինի
չի ասի տաք խոսքեր
կամ մի գնա

փողոցը կընկնի ոտքերիդ տակ սպիտակ ու ճմրթված թղթի պես

(հիշիր, պա, օրերն այս, երբ ես հիվանդ էի գրիպով
ու քայլում էի անձրևի տակ տարտամ հույսով գտնելու աշխատանք
և մի ուհի մուրացկան անտաշ ու բթացած մատներ ուներ
կյանքը ծխել էր նրան ու թքել պատի տակ,
սրան հիշիր, պա, հետո մենք էլ ժամանակ չենք ունենա հիշելու)

հեռվում ավտոմատները կրակում էին շատ բարձր
մենք գոռում էինք, որ մեր ձայնը ավելի բարձր լինի
բայց ավտոմատները ձայնով խոցել գիտեին
և ինչ ամոթ էր, պա,
դու ոստիկան էիր,
իսկ ես ընդամենը բանաստեղծ,
թե դու էիր բանաստեղծ, արդեն չեմ հիշում,

երկինք կար` գետի պես ոլորված աջ կողմում
ձախում դու էիր,
հեռվում կինդ` նրբին մատներով,
խորը գրպանիդ մեջ նստած ապահով ու տաք
կյանքը ծխում էր նրան ու թքում գրպանիդ մեջ
ու երկինքը ոլորվում էր անվերջ
ու երկինքը լաբիրինթ էր պուճուր` խցկված նյարդերիդ մեջ

փողոցը մեծ էր, կուրացուցիչ սպիտակ թուղթ
հեշտ գրվող բառեր չէին
թաց մայթին կարևոր չի անձրևոտ, թե գրիպոտ

չասացիր տաք խոսքեր
կամ մի գնա
ոչինչ
փողոցն էր, ես էի ու դու
դե դու գնացիր
իսկ ես
մնացի կանգնած թիկունքում
ավտոմատները կրակեցին շատ բարձր
և ձայնը ինչ խորը խոցեց
փողոցն էր, թե սահմանը թղթի պես
արնոտված զինվոր-տառերով

հեշտ գրվող բառեր չէին
թաց մայթին կարևոր չի անձրևոտ, թե
երկինքը լայն էր` անտեր կանանցով լիքը
գետը` խորը ոլորուն երկնքի պես

լաց

ամենակարևորը քեզ ճիշտ հրաժեշտ տալն էր
հետո դուռը կփակես
թփթփացնելով կիջնես փոքր տղեկի պես
կսլանաս
կսահես
կսուրաս
կգնաս

կմնա
հատակին
հաստակաշի օձերի պես թափառող մի քանի գոտի
գալարվող մի երկու տուփ անձեռոցիկ
բզկտված-լխկած մարմին մինչև վերջ տրված
հուժկու աժդահա տորք անգեղ լացին
որ վերջացնելուց հետո աստվածային քացիներով կսրբագործի գոյդ
կդառնաս փխրուն ինչպես շոկոլադով տորթը
և մաքուր թթու դրված խոզի տոտիկների պես

կմնա
վռազ արված քո ֆոտոն
հեռախոսիս մեջ
դու քնած
կծկված վերմակի տակ չծնված երեխայի պես
սրբիչդ պատուհանից կախ գիշերվա լոգանքից հետո
սրբիչդ աշխարհի ամենամեծ թաշկինակի պես
պատուհանից քեզ հաջող անող
անհավանական կապույտ
այնքան որ թվում է հարազատ եղբայր ես գնացող բանակ

և մենակ եմ որովհետև չեկա քեզ ճանապարհելու
և մենակ ես որովհետև ճանապարհը գիտես
առաջ դեպի ռիո դե ժանեյրո
առաջ դեպի մալվինո սալվադոր

ահա ինքնաթիռները երկար-բարակ հաջողներից հետո
քեզ երկաթե սկուտեղով մեր երկնքից ձեր երկնքին շռայլող
ահա ավտոբուսները որոնց չեմ սիրում
երթուղայինը որտեղ հարյուր դրամով կգնես ատելությունս
ավտոմեքենան որ քշել չգիտեմ բայց ունեմ վարորդական իրավունք
և ահա ձիերը որ երազում եմ քշել լեռներով անտառներով ու դաշտերով
սրբիչդ որ կախարդական գորգի պես
վարժեցված կգնար քո հնարավոր հետքերով
եթե պատուհանի մեխին մնացած չլիներ ու այսքան նրբածփիկ չքանդվեր

ահա հարազատներդ
մայրդ
սրբիչ-թելի կծիկը ձեռքներին լաբիրինթոսի դռանը կանգնած
քիչ-քիչ վերածվող սասունցու արմատներով հույն արիադնաների
ես
չկամ
որովհետև արդեն մեծ տղա ես
և գիտես կտրատել շոկոլադով տորթը
և գիտես վերադառնալ անձնագրիդ ետևից
և գիտես երբ չասել բառեր սիրտ թափելու պես
և գիտես երբ բանալին լուռ սեղմել վզիս
և ոտքիդ չափսը թողնել մարմնիս
անհավանական կապույտ հետքերով
դու կենաց ասել էլ կիմանաս
որովհետև արդեն մեծ տղա ես
շատ մեծ տղա

Ամբողջությամբ՝ vnews.am