Ի վերջո, Փարիզ այցի նպատակը շոփի՞նգն էր (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ի վերջո, Փարիզ այցի նպատակը շոփի՞նգն էր

Օրեր առաջ «Իրատես» թերթը գրել էր. «Ասում են, թե վարչապետի տիկինը շատ արագ տեղավորվել է արարողակարգային պաշտոնական արտոնությունների դաշտում: Բոլորովին վերջերս ասում են, մի քանի թիկնապահների ուղեկցությամբ եղել է Փարիզում: Տիկին Հակոբյանը մշակութային այցելություններ է իրականացրել, սակայն «չի խորշել» հանրահայտ փարիզյան շոփինգից, այցից պաշտոնական մանրամասներ չկան, սակայն վերջինիս դրես կոդից «շոփինգային» մանրամասներն աչք են շոյում: Անհայտ է նաև, թե ում հաշվին է իրականացվել տիկնոջ փարիզյան այցը, հատկապես, թիկնապահների ուղևորությունը: Ֆրանսիական կողմի հավաստմամբ, հայկական կողմը խնդրել է թիկնապահների համար զենք կրելու հատուկ թույլտվություն, ինչը զարմանք է հարուցել, որովհետև անհասկանալի է, թե Փարիզի փողոցներում, խանութներում և ռեստորաններում ինչից և ումից պիտի պաշտպանեին վարչապետի տիկնոջը մինչև ատամները զինված թիկնապահները»:

Այս տեղեկատվությունը երեկ դարձավ սոցիալական ցանցերի, հատկապես՝ Ֆեյսբուքի ամենաքննարկվող թեմաներից մեկը։ Իշխանական  կեղծ օգտատերերի բանակը սկսեց գրոհի ենթարկել այն կայքերին, որոնք մամուլի տեսության մեջ տեղադրել էին «Իրատեսի» այդ լուրը։ «Լավ ա արել, աչքներդ էլ հանել ա»՝ հիմնականում այսպես էին հակադարձումները։ Ինչևէ։

Այսօր ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այդ լուրի կապակցությամբ ֆեյսբուքյան գրառում է կատարել, որում ասվում է.

«Երեկ թերթերից մեկը լուր էր հրապարակել Փարիզում իմ կատարած գնումների մասին: Լուրն արտատպել էին հայաստանյան գրեթե բոլոր կայքերը, իսկ շատերի մոտ այն օրվա ամենաընթերցված լուրն էր դարձել:

Սա նշանակում է, որ հանրությանն իսկապես հետաքրքրում է, թե ինչ գնումներ եմ արել Փարիզում: Ու որպեսզի դա չմնա մարդկանց երևակայության տիրույթում, սիրով ներկայացնում եմ, թե ինչ եմ գնել Փարիզում (լուսանկարում):

Ի դեպ, Փարիզ մեկնելիս ունեցել եմ 300 եվրո, որից ծախսել եմ 100-ը: Բոլորը միասին գնել եմ նվերներ Մարիամի, Շուշանի ու Արփիի համար. սպորտային կոշիկ՝ Մարիամին, պայուսակ` Շուշանին և նկարում պատկերված մնացածը՝ Արփիին: Շուշանի ու Արփիի նվերների ծախսը «իր վրա վերցրեց» Ֆրանսիայում ՀՀ դեսպանը, այնպես որ, ես անձամբ Փարիզում գնել եմ մեկ զույգ սպորտային կոշիկ: Այսքանը…

Փարիզում իմ շոփինգի ընթացքում ինձ ուղեկցել են դեսպանը, դեսպանատան վարորդը և ինձ հետ մեկնած անվտանգության աշխատակիցները (անվտանգություն ապահովող անձանց խնդիրը կարգավորվում է ՀՀ օրենսդրությամբ):

Սիրում եմ բոլորիդ»։

Ավելին, Աննա Հակոբյանը նաև գնումների լուսանկարն էր հրապարակել, որը ստորև ներկայացնում ենք։

Արդյո՞ք կարիք կար նման գրառում ու լուսանկար հրապարակելու։ Որևէ մեկը չէր հարցնում՝ որքան գումար կար այդ պահին Աննա Հակոբյանի գրպանում։ Ավելին, վստահ ենք, որ որևէ մեկն անկեղծորեն նույնիսկ չհավատաց, որ նա ընդամենը 300 եվրո գումարով է եղել Փարիզում։  Նույնիսկ շարքային որևէ մեկը, այն էլ՝  Փարիզ մեկնելիս, առնվազն այդքան գումար ունենում է իր գրպանում, և վերադառնալիս՝ ցանկացած մեկն էլ իր երեխաների, հարազատների համար որևէ նվեր գնում է։ Ա. Հակոբյանը որքան էլ փորձում է իր այդ գրառմամբ արդարանալ, մեսիջ հղելով, թե՝ «ես ձեզանից մեկն եմ»,  այնուամենայնիվ դա անհաջող, պարզունակ PR քայլ դարձավ, որը նոր հարցեր առաջացրեց։

Նախ, առհասարակ ՀՀ վարչապետի կինը, ցանկալի է, որ մշտապես գեղեցիկ և խնամված ներկայանա ոչ միայն՝ արտաքնապես, այլև՝ բովանդակությամբ։ Բովանդակային առումով գոնե, որն առաջնահերթ է, նա որևէ խնդիր չունի։ Բայց պետք չէ  «աղքատ» կամ «հասարակ քաղաքացի» ձևանալ. դա էժանագին քայլ է, որին որևէ մեկն անկեղծորեն չի հավատում։ «Հայաստանը փոքր երկիր է, բոլորը բոլորի մասին 5 րոպեում ամեն ինչ իմանում են»,- ինչպես ասում են։ Պետք չէր երեխայի համար գնված սպորտային կոշիկը կամ դեսպանի կողմից նվեր ուղարկված խաղալիքները փռել սեղանին և նկարել։ Պատկերը, խոստովանենք, հաճելի չէր։

Ավելի լավ կլիներ, եթե Աննա Հակոբյանն իր գրառման մեջ ներկայացներ այցի նպատակը։ Ի՞նչ այց էր դա, ի՞նչ նպատակով էր Աննա Հակոբյանը մեկնել Փարիզ։ Ի վերջո, ՀՀ վարչապետի կամ նրա տիկնոջ այցը կազմակերպվում է հարկատուների հաշվին։ Միգուցե այդ մասին նշվեր, մարդիկ հասկանային՝ ինչ նպատակով են ծախսվում այդ գումարները։ Առավել ևս, որ նրա հետ մեկնել են նաև անվտանգության աշխատակիցները (անվտանգություն ապահովող անձանց խնդիրը կարգավորվում է ՀՀ օրենսդրությամբ)։ Այլապես, ստացվում է, որ լրատվամիջոցը ճիշտ էր, և Նիկոլ Փաշինյանի կնոջ այցի նպատակը «շոփինգն» էր։ Իսկ նման շոփինգ և ավելի լավ տեսականիով կարելի էր անել նաև Երևանում՝«Adidas» էլ ունենք, որի պաշտոնական ներկայացուցիչը Սուքիասյաններին պատկանող «Սպորտ Թայմ» ընկերությունն է, խաղալիքների լավ խանութ-սրահներ էլ ունենք։ Նույնիսկ աղջիկների սիրելի L.O.L SURPRISE անակնկալ տիկնիկների տեսականիով… Դրա համար Փարիզ հասնել պետք չէր։

Հ.Գ. Ի դեպ, շատ լավ կլիներ նաև մեկնաբանեին, թե ինչո՞ւ է օրեր առաջ Նիկոլ Փաշինյանն ընտանիքով ՀՀ վարչապետին սպասարկող հատուկ ուղղաթիռով, հարկատուների հաշվին, մեկնել Արցախ՝ պարզապես զինվոր որդուն տեսակցելու համար։ Որևէ ծնող իրեն չի կարող թույլ տալ նման բան՝ հատուկ ուղղաթիռով գնալ, ծառայության մեջ գտնվող զավակին տեսնել ու վերադառնալ։ Սիրուն չի։

Նվարդ Հախվերդյան



Նման նյութեր