«ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ն Վանաձոր ԻնֆոՏուն ծրագրի շրջանակներում նախօրեին կազմակերպվել է Versus Studio/Վերսուս ստուդիայի «Աշխարհների սահմանագծին» վավերագրական ֆիլմի դիտում-քննարկումը։
Քննարկումը վարել է հեղինակ Tigran Paskevichian-ը։
Ֆիլմի դիտում-քննարկմանը ներկա էր հերոսներից մեկը՝ Վանաձորում բնակվող տիկին Անգելինա Սրապյանը։ Նա կիսվել է անձնական հուշերով, պատմել է մի քանի տարի առաջ Գերմանական կարմիր խաչի աջակցությամբ իր գերության վայրերը կատարած այցելության մասին։
«Աշխարհների սահմանագծին» վավերագրական ֆիլմը 2-րդ աշխարհամարտի հայ ռազմագերիների և տեղահանված անձանց ճակատագիրը ներկայացնելու փորձ է։
Մարդիկ, որոնք անցնելով պատերազմի, գերության, հարկադրանքի և ստրկության ճամփաներով՝ դժվարին ընտրություն պիտի կատարեին Հայրենիքի և ազատության միջև։
Ֆիլմի մասին
Համաշխարհային 2-րդ պատերազմից հետո տասնամյակներ շարունակ մարդիկ փնտրում էին անհետ կորած իրենց հարազատներին։ Չկորցնելով մերձավորի վերադարձի հույսը՝ ենթադրություններ էին անում, թե նրանք մնացել են Եվրոպայում կամ անցել Ամերիկա։
Առեղծվածային այդ կռահումներն անհիմն չէին. Խրուշչովյան ձնհալից սկսած՝ անհետ կորած համարվող որոշ մարդիկ գաղտնագրերով սկսեցին իմաց տալ իրենց եւ կեցության նոր վայրերի մասին։ Դա, սակայն, մնաց ընտանիքների ներսում, չբացահայտվեց որպես պատմական և քաղաքական երեւույթ։
Բացի պատմության նոր, մինչ այս անհայտ դրվագներ նկարագարելուց՝ ֆիլմի բովանդակությունը նաև լավ առիթ է քննարկումներ ծավալելու ազատության և բռնության, մարդու իրավունքի և գաղափարախոսական կամայականությունների տեսանելի և աներևույթ հակասությունների շուրջ։
Ֆիլմը կառուցված է Գերմանիայում և ԱՄՆ-ում նկարահանված վկայությունների, ականատեսների անձնական արխիվների, ռուսական և ամերիկյան ֆիլմադարանների նյութերի համադրմամբ։ Փորձագետ-խորհրդատուներն են պատմաբաններ Տիգրան Ղանալանյանը (Երևանի պետական համալսարան), Պավել Պոլյանը (Ֆրայբուրգի համալսարան, Գերմանիա), Ազատ Օրդուխանյանը (Բոխումի համալսարան, Գերմանիա)։