«Կանաչ գիրք» ֆիլմը հաղթել է Տորոնտոյի կինոփառատոնում
Advertisement 1000 x 90

«Կանաչ գիրք» ֆիլմը հաղթել է Տորոնտոյի կինոփառատոնում

Ռեժիսոր Փիթեր Ֆարելի «Կանաչ գիրք» ֆիլմն ստացել է Տորոնտոյի 43-րդ միջազգային կինոփառատոնի Գրան-պրին: Այդ մասին հայտնի է դարձել սեպտեմբերի 16-ին, երբ ամփոփվել են ստուգատեսի արդյունքները, որի հեռարձակումն իրականացվում էր դրա կայքում: Կինոնկարը պատմում է ջազային դաշնակահար Դոն Շիռլի և նրա վարորդ ու թիկնապահ Թոնի Լիպի ճանապարհորդության մասին, որը նրանք 1962 թվականին կատարել են ԱՄՆ-ի հարավում: Ճանապարհին նրանք օգտվում են ուղեցույցից, որտեղ նշված են աֆրոամերիկացիների համար անվտանգ վայրերը: Գլխավոր դերակատարներն են՝ Վիգո Մորթենսենը և Մահերշալա Ալին:

Ինչպես նշում են քննադատները, Տորոնտոյի փառատոնում հաղթելուց հետո, որտեղ կայացել է «Կանաչ գրքի» պրեմիերան, այն շատ մեծ շանսեր ունի ապագայում իր ստեղծողին բերելու «Օսկար» մրցանակ: Ժապավենը համաշխարհային վարձույթ կմտնի այս տարվա նոյեմբերի 21-ին:

Տորոնտոյի կինոստուգատեսում, որը մեկնարկել էր սեպտեմբերի 6-ին, ցուցադրվել է աշխարհի ավելի քան 80 երկրների 340-ից ավելի (255 լիամետրաժ և 88 կարճամետրաժ) ֆիլմեր:

Ավանդույթի համաձայն, Տորոնտոյում գլխավոր պարգևին արժանանում է այն կինոնկարը, որը հաղթում է հանդիսատեսների քվեարկության արդյունքներով: