Շատերը յոգուրտն առողջ և օգտակար մթերք են համարում, սակայն դա այնքան էլ այդպես չէ, պնդում են մասնագետները: British Medical Journal ամսագրում հրապարակված նոր հետազոտության համաձայն՝ մանկական և այսպես կոչված՝ օրգանական յոգուրտները կարող են անչափ վտանգավոր լինել, քանի որ ահռելի քանակությամբ շաքար են պարունակում:
Լիդսի և Սուրեյ համալսարանների գիտնականները վերլուծել են Մեծ Բրիտանիայի սուպերմարկետներում վաճառվող յոգուրտի 921 տեսակի մասին տեղեկությունները: Այս արտադրանքի բոլոր խմբերում (բացառությամբ բնական, հունական և «հունական ոճով» յոգուրտների) շաքարի միջին մակարդակը արտադրանքի 100 գրամում 5 գրամից մի փոքր բարձր էր, այսինքն՝ անցնում էր այն շեմից, որն անհրաժեշտ է այն «շաքարի ցածր պարունակությամբ արտադրանք» դասակարգելու համար:
Հայտնաբերվել է, որ աղանդեր խմբի մթերքներից հետո շաքար ամենաշատը պարունակվում է օրգանական յոգուրտների մեջ՝ մթերքի 100 գրամին մոտ 13,1 գրամ: Համեմատության համար՝ ռաֆինադի ստանդարտ կտորը կշռում է մոտ 4 գրամ, ինչը հավասար է 1 թեյի գդալ շաքարավազին: Այսինքն՝ յոգուրտի 100 գրամում կա 3 գդալից ավելի շաքար:
Հետազոտության առաջատար հեղինակ, Լիդսի համալսարանից բժիշկ Բերնադետ Մուրը պնդում է, որ չնայած յոգուրտը կարող է առողջության համար օգտակար լինել, այս մթերքները խիստ տարբերվում են սննդարար նյութերի պարունակությամբ: «Օրգանական» նշված մթերքները հաճախ համարվում են «ամենաօգտակարը», սակայն դրանք իրականում կարող են լինել շաքարի քողարկված աղբյուր: Դրանց հաճախակի օգտագործումը երեխաների մոտ կարող է առաջացնել ավելորդ քաշ և շատ այլ խնդիրներ: