Վիրտուալ սեքսը համացանցում
Advertisement 1000 x 90

Վիրտուալ սեքսը համացանցում

Թերևս համամիտ եք, որ համակարգիչ ասվածը դարձել է շատերիս անբաժան «ընկերը»… Տարաբնույթ խաղեր, ինտերնետային խանութներ և այլն, իսկ շատերի համար համակարգիչը, ցավոք, երբեմն դառնում է նաև սեքսով զբաղվելու անփոխարինելի միջոց: Խոսքը վիրտուալ սեքսի մասին է:

Վիճակագրությունը փաստում է, որ տարեց տարի շատանում են այն կայքերը, որտեղ յուրաքանչյուր ոք կարող է փորձել վիրտուալ սեքս. թերևս դրանք ունեն մեծ պահանջարկ: Բայց ցավալին այն է, որ այս տեսակ կայքերը «բռնում են» մարդկանց, ու շատերը դառնում են դրանց մշտական այցելուները` խուսափելով իրական շփումից:

Վիրտուալ իրականությունը վերածվել է ամենահամարձակ երևակայությունների իրականացման վայր: Որոշ երկրներում տարածում են ստացել այսպես կոչված «մութ սենյակներ»-ը` զվարճալի վայրեր,  որոնք նախատեսված են կիբերսեքսի համակարգչային հատուկ ծրագրերին միանալու համար:

Վիրտուալ կյանքով ապրող մարդը ժամանակի ընթացքում հեռանում է իրական կյանքից, դառնում է չշփվող և ինքնամփոփ, «պաղած» էմոցիաներով: Դրա ծայրահեղությունն էլ վիրտուալ սեքսն է (Cybersex), երբ էրոտիկ նկարների, ֆիլմերի օգնությամբ գրգռվում են, նույնիսկ հասնում օրգազմի: Նման վիճակի տևական ընթացքը հետագայում կարող է բավականին լուրջ սեռական խանգարումների պատճառ դառնալ: Պատճառը թվացյալ, անիրական, բայց արդեն ձևավորված և արմատացած պատկերն է, ուրվագիծը, ինչից էլ գրգռվում է  անհատը: Այսինքն՝  իրական փոխհարաբերությունները ամբողջովին փոխարինվել են վիրտուալով:

Ովքե՞ր են դիմում այդ միջոցներին 

-անչափահասները, ում համար վիրտուալ սեքսը և’ հասանելի է, և’ ապահով: Բայց այն կարող է նաև բացասաբար անդրադառնալ անչափահասի հոգեկան աշխարհի վրա: 

-մարդիկ, ովքեր ընտանեկան կյանքում հիասթափություն են ապրել: Այս մարդիկ չեն կարողանում ամուսնալուծվել` ունենալով տարբեր պատճառներ, դավաճանության էլ չեն գնում, դրա համար դառնում են վիրտուալ սեքսի սիրահարներ: Ըստ վիճակագրության` վիրտուալ սեքս որոնողների 35 տոկոսը հենց ամուսնական կյանքից հիասթափվածներ են: Այս դեպքում վիրտուալ սեքսն օգնում է պահպանել ընտանիքը և չդավաճանել:

-մարդիկ, ովքեր վստահ չեն ո՜չ իրենց անձի, ո՜չ էլ իրենց սեքսուալ կարողությունների վրա: 

-մարդիկ, ովքեր օր ու գիշեր աշխատում են, և անձնական կյանքի համար ժամանակ չեն ունենում: Սեքսոպաթոլոգները եկել են այն եզրակացության, որ վիրտուալ սեքս կայքերից ամենաշատ կախվածություն ունեն հենց գործարար կանայք և տղամարդիկ:

-իհարկե մարդիկ, ում համար տհաճ է իրական սեքսը, քանի որ ունեն այնպիսի մի հիվանդագին երևակայություն, որ կարող են լիցքաթափվել միայն վիրտուալ սեքսի օգնությամբ: 

– կասկածամիտ, տագնապային մարդիկ, որոնք իրենց շրջապատող մարդկանց  համարում են վտանգ սպառնացող: Այս տիպի մարդիկ շփվող չեն,  ընդունակ չեն պաշտպանել սեփական դիրքորոշումը, հեշտությամբ նահանջում են իրենց նպատակներից, իրենց բնորոշ է անվճռականությունը,  և այս ամենը նպաստում է սեռական նախաձեռնության նվազմանը;

– մարդիկ, որոնց  բնորոշ են մանկամտությունը և մշտապես կախյալություն ունենալու հատկությունը:

–  ֆիզիկապես տկար մարդիկ, որոնք դժվարանում են իրական հարաբերություններ սկսել, իսկ վիրտուալ աշխարհը հնարավորություն է տալիս  գերտղամարդ և գերկին զգալու:

– տարբեր տարիքային խմբերին պատկանող մարդիկ, որոնք ինչ-որ բան ունեն թաքցնելու: Նրանց մի մասը ուզում է ավելի մեծահասակ երևալ, մյուսը` ավելի երիտասարդ:

– սոցիալապես ոչ կայացած մարդիկ, որոնց համար նյութական արժեքները պակաս կարևոր չեն. պետք չէ ծաղիկներ նվիրել, շամպայն գնել: Այստեղ ամեն ինչ  մատչելի է… բացի իրական հարաբերություններից;

– այն մարդիկ, որոնք խուսափում են պատասխանատվությունից և իրական սեռական կապերից,  որոնց հետևանքներն են` հղիություն և սեռավարակներ:

Հետևաբար, այս ամենից զերծ մնալու առումով ողջունելի են «բնական», իրական, ազատ և անկեղծ միջանձնային փոխհարաբերությունները:

Յուրաքանչյուրն ունի ընտրելու իր իրավունքը, բայց շատ կարևոր է հիշել, որ ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ: Վիրտուալ սեքսով տարվելու դեպքում անձը կարող է վերջնականապես կորցնել այն գեղեցիկ ճանապարհը, որը տանում է դեպի իրական սեքս:

Ե՛վ օնլայն սեքսուալ ակտիվությունը, և՛ կիբերսեքսը բերում են բնական ինտիմ արժեքների խեղաթյուրմանը: Դա արհեստական հաճույքների աշխարհ է, երևակայության աշխարհ, որտեղ առկա են ինքնախաբեությունը և իլյուզիան:

sexology.am