Էս շարքը վերջացնեմ «Կռիս»-ով: Էլի էղած պատմություն, ոչ մի բառ չհորինած. Քրիստ Մանարյան
Advertisement 1000 x 90

Էս շարքը վերջացնեմ «Կռիս»-ով: Էլի էղած պատմություն, ոչ մի բառ չհորինած. Քրիստ Մանարյան

Էս շարքը վերջացնեմ «Կռիս»-ով: Էլի էղած պատմություն, ոչ մի բառ չհորինած

ԿՌԻՍԸ

Քրիստ Մանարյան

Ծառերի ճյուղերը ծանրացել են ու հասել գետին: Երբեմն-երբեմն մի մեծ ճյուղ վեր է թռչում՝ ճերմակ փոշի շաղ տալով շուրջը, որ հետո նորից ճկվի ու խոնարհվի ձյան տակ: Փողոցում մեքենաներ չկան՝ ոչ մի մեքենա չի կարող բարձրանալ մեր դիքը էսպիսի ձյան ժամանակ: Խշխշան լռություն է:
Թռչունների համար լուսամուտի գոգին դրսից դրված հացի փշրանքները չեն երևում՝ փաթիլները վաղուց ծածկել են դրանք:
Ձեռքիս ֆաներայի կտոր է, գրպանումս՝ փշրանքներ: Ոտքով մի կողմ տալով ձյունը դիմացի թթի ծառի տակ փոքրիկ տեղ եմ բացում, դնում եմ ֆաներան, վրան եմ լցնում փշրանքներն ու նորից վազում եմ տուն՝ ցուրտ է:
Արածս իհարկե միամտություն է՝ թռչունները հազիվ թե իջնեն փողոց ու սկսեն կտցել փշրանքները առատ ձյան տակ: Նրանք իսկի չեն էլ երևում: Գիշերներն էլ քնած են, ափսոս:
Փոխարենը հայտնվում է տուզիկ Չարլին ու ձյունոտ մռութն իջեցնելով՝ հետաքրքրված հոտոտում է կերը: Բայց չի ուտում՝ Չարլին քաղցած չի, նրան լավ են պահում, ուղղակի հետաքրքրասեր է:
– Չարլի՜, Չարլի՜…
Թեև պատուհանը փակ է՝ նա լսում է ձայնս ու գլուխը բարձրացնելով նայում է իմ կողմը: Ես ձեռքով եմ անում ու շշնջում եմ,-
– Չարլիիի՜…
Չարլին մի քիչ էլ է նայում մեր պատուհանին ու պատրաստվում է շարունակել ճամփան: Հանկարծ մեխվում է տեղում ու քարանում: Ես հետևում եմ նրա հայացքին՝ վախվխելով, թաթերով ճեղքելով բարձր ձյունն ու օդը հոտոտելով ֆաներայի կողմն է գալիս մի մեծ առնետ, նրանցից, որ ապրում են փողոցի տակով ձգվող առվի ափերին:
Չարլին անշարժացել է: Առնետը կանգ է առնում, հետո սիրտ անելով սողում է առաջ, դեպի փշրանքները:
Ես զգում եմ, թե ինչպես է մեջս գլուխ բարձրացնում վրդովմունքը, քունքերս սկսում են դմբդմբալ՝ ախր ես թռչունների համար եմ դրել հացը՝ դու ո՞վ ես…:
Առանց վերարկուի կրկին սլանում եմ փողոց:
Երբ հասնում եմ ֆաներային՝ ծանր, ողորկ, քարի պես ամուր ձյունագնդիկն արդեն ձեռքումս է:
Դմբո Չարլին հմայվածի պես նայում է, թե ոնց է առնետը պատրաստվում ուտել թռչունների համար նախատեսված հյուրասիրությունը:
Ես լավ աչք ունեմ, թաղում բոլորը գիտեն՝ ձև չի, որ չկպնեմ, էն էլ էսքան մոտիկից:
Առնետը հարվածից գալարվում է օդում ու նորից ընկնում է թաթերի վրա: Մի երկու վայրկյան շշմած է, հետո սկսում է ծվծվալ՝ երկար, բարձր, աղիողորմ, աշխարհից նեղացած…:
Չարլին ականջները սրած՝ վախվորած ընկրկում է: Առնետի անհույս ծվծվոցից ներսս միանգամից սառչում է՝ ոգևորությունիցս հետք չմնաց:
Քաղցած առնետը շրջվում է ու կաղալով հեռանում է՝ փիս եմ խփել, որքան ուժ ունեի:
Մնացել եմ ցցված փողոցում, փաթիլներն իջնում են թարթիչներիս ու խուտուտ են տալիս: Ցուրտը կծում է քիթս ու ականջներս: Առնետը չքվում է: Մի քիչ էլ եմ կանգնում ու դառնում եմ տուն:
Երեկոյան սիրտ չունեմ պարծենալու մերոնց մոտ, թե ինչ դիպուկ հարվածեցի առնետին:
Քնելիս շարունակում եմ մտածել նրա մասին՝ դառը ծվծվոցն ականջներիցս դուրս չի գալիս:
Մյուս օրը ձյունը կտրվել է, ամպերի հետևում դժվարությամբ նշմարվում է ձմեռային պաղ արեգակը, այնտեղ, ուր երկինքը քիչ ավելի լուսավոր է:
Սահնակը ձեռքիս փողոց եմ իջնում ու նորից տեսնում եմ առնետին:
Բայց արդեն սատկած, վրան՝ մեքենայի դողերի հետքեր: Բերանից արյուն է ցայտել ու ներկել ֆաներան, աղիքները դուրս են թափվել բլիթի պես տափակած փորից՝ էլի եկել է փշրանք ուտելու ու չի հասցրել, կերը տեղում է…: Սառած արյունը վարդագույն պսպղում է:
Ես դանդաղ գնում եմ դեպի դիքը՝ սահնակիս թելը բռնած: Բայց շուտ-շուտ հետ եմ նայում՝ բերանը բաց առնետին:
Մի երկու անգամ դիքից ցած սահելով՝ վերադառնում եմ տուն:
Առնետը քաղցած մեռավ, իսկ ես նստած եմ տաք տանը, կուշտ կերած…:
Մաման բուբլիկներ է թխում, քաղցր խմորի հոտը բռնել է ողջ տունը, Արփենիկը նոր կարած զգեստն է հագցնում իր ամենամեծ տիկնիկին ու քթի տակ երգում է, բուրավետ, խաղալիքների մեջ կորած, մինչև առաստաղը հասնող տոնածառը շողում է հազար գույներով, երեկոյան հյուրեր են գալու՝ վաղը Նոր Տարի է…
Գնում եմ ննջարան ու ձևանում եմ քնած, որ մերոնք արցունքներս չտեսնեն: Միանգամից քնում եմ:
Երազում Ձմեռ Պապին վերցրել է սահնակս ու մռայլ գնում է դեպի դիքը՝ քշելու: Չի խոսում հետս: Ես արդարանում եմ.-
– Թռչունների համար էի դրել…
Պատասխան չկա:
– Էկավ կերավ…հո իրա համար չէի՞ դրել…
– Սուտ մի խոսի:
Նրա ձայնը բամբ է ու հոգնած: Դիքը չգիտես ինչու ուրիշ տեղ է ու շատ հեռու: Շարունակում ենք քայլել:
– Սուտ մի խոսի՝ ինքը դեռ ոչինչ չէր կերել, որ խփեցիր: Ու ասենք թե ուտեր՝ ի՞նչ պիտի լիներ, հը՞:
– Բա թռչունները…
– Թռչունները ի՞նչ…մի ավել բուռ փշրանք չէր ճարվի՞ տանը, որ նորից բերեիր, դնեիր իրանց համար:
Ճիշտ է ասում: Ու երեսիս չի նայում, քայլում է ձյունը ճռճռացնելով: Հազիվ եմ հասնում հետևից՝ քայլերը մեծ են:
– Բայց ինքը կռիս ա…հո թռչուն չի՞
– Հետո՞ ինչ, ինչո՞վ ա թռչուններից վատ:
– Կռիսը՞…կեղտոտ ա:
– Ո՞վ ա քեզ ասել:
– …Բոլորն են ասում…
– Բոլորն ասում են, բայց ձյունագնդիկով խփեցիր հենց դու:
Նրան հակաճառելը դժվար է:
– Բայց իմ տեղը ով էլ լիներ՝ կխփեր…չէ՞…
Նա կանգ է առնում ու առաջին անգամ նայում է դեմքիս, վերից վար՝ բարձրահասակ է, ինչպես մեր տոնածառը, թավ, սառցակալած մորուքն ու հոնքերը խառնվել են իրար, գլուխը հսկայական է, աչքերը խորն են, նայում են հոգնած ու ոչ բարեկամաբար: Ոնց որ մեր աշխարհագրության ուսուցիչը լինի:
– Համոզվա՞ծ ես,- հարցնում է լռությունից հետո,- Հաստատ գիտե՞ս, որ քո տեղը ով էլ լիներ՝ կխփեր:
Ի՞նչ պատասխանեմ…
Հիմա էլ չթաքցրած անտարբերություն ու կշտամբանք կա հայացքում, երևի շատ գործեր ունի, դրա համար էլ վերցրել է սահնակս, որ հասցնի դրանք անել:
Կախում եմ գլուխս: Լացս գալիս է՝ մեղք էր առնետը, արյունն առաջվա պես պսպղում է ֆաներայի վրա:
Ձմեռ Պապը գնում է: Ես կծել եմ շրթունքս:
– Ձմեռ Պապի, ինձ նվեր չբերե՜ս,- հուսահատ, լացակումած բղավում եմ նրա հետևից,- Ինձ ոչինչ չբերես, չեմ ուզում…սահնակն էլ տար:
Ոնց որ իմ ձայնը չլինի, ոնց որ ուրիշը բղավի իմ փոխարեն ձյունածածկ փողոցում:
Նա շրջվում է, նայում է իմ կողմը, վճռական վերադառնում է ու ոտքերիս մոտ է դնում սահնակը, ձեռքը հոգոցով թափ տալով,-
– Հիմար տղա ես…
Հեռանում է ավելի արագ, էլ հետ չնայելով:
ՙՀիմար տղա ես՚,- շարունակում է արձագանքել նրա թավ, դժգոհ ձայնը:
Ես լալիս եմ քնիս մեջ՝ ի՜նչ վատ Նոր Տարի է, թող ընդհանրապես չգա…: