Հայկական գաթան գրանցվեց Գինեսի ռեկորդների գրքում (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հայկական գաթան գրանցվեց Գինեսի ռեկորդների գրքում

«Երեմյան փրոջեքթս» ընկերության կողմից պատրաստված գաթան պաշտոնապես գրանցվեց Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում: Ռեկորդը նվիրված է Երևանի 2800-ամյակին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Երեմյան փրոջեքթս» ընկերությունից, ռեկորդը գրանցեց Հայաստան հատուկ այցով ժամանած «GUINNESS WORLD RECORDS»-ի  պաշտոնական  մրցավար, միջազգային արբիտոր Ջոանա Մարի Բրենտը, ով, հանձնելով ռեկորդը հավաստող վկայականը, նշեց. «Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ այստեղ ներկա գտնվելու համար, շնորհակալություն նաև ինձ Երևան հրավիրելու համար: Ռեկորդը նախապատրաստելու համար պահանջվել 11 օր և այս հսկայական գաթան թխվել է 24 ժամում: Գաթայի թխման արարողությունն ավարտվել է երեկ կեսգիշերին: Եկեք շնորհակալություն հայտնենք և ողջունենք «Երեմյան փրոջեքթս»-ի թիմին, որը պատրաստել է այս գեղեցիկ գաթան: Գինեսի համաշխարհային ռեկորդներն ունի իր նվազագույն կանոնները, համաձայն որի ռեկորդը սահմանվում է:  Կոնկրետ այս գաթայի ամենակարևոր նախապայմանն այն էր, որ այն կշռեր առնվազն  18 կգ:  Երբ այսօր առավոտյան կշռում էինք ամբողջական գաթան, նրա վերջնական արդյունքը եղավ 368.6 կգ: Շնորհավորում եմ, դուք պաշտոնապես ռեկորդ սահմանեցիք»:

Ողջունելով միջոցառման հյուրերին «Երեմյան փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանն ասաց. «Երբ այս տարի մարտին առաջին անգամ կազմակերպել էինք ամենաերկար գաթայի հյուրասիրություն, միջոցառումը շատ լավ ընդունվեց թե՛ երևանցիների, թե՛ քաղաքի հյուրերի կողմից: Շատերը մեզ անընդհատ հարցնում էին, թե ինչու մենք չէինք հրավիրել Գինեսի գրասենյակի ներկայացուցիչներին։ Այսօր մենք ձեր դատին ենք հանձնոմ «Աշխարհի ամենամեծ գաթան», որն արդեն  մեր կողմից հրավիրված Գինեսի գրասենյակի ներկայացուցիչների կողմից որպես ռեկորդ գրանցվեց հենց «Աշխարհի ամենամեծ գաթա» անվանակարգում։ Մեզ համար շատ կարևոր է մեր հայկական խոհանոցը, աղանդերները ներկայացնել աշխարհին, դարձնել ավելի ճանաչելի։ Այս միջոցառումը սիրով նվիրում ենք մեր մայրաքաղաք Երևանի 2800 ամյակին, որի կապակցությամբ բոլորիս շնորհավորում եմ: Խոսքս ուզում եմ ավարտել մեր կարգախոսով՝ Մենք սիրում ենք Երևանը»:

Միջոցառմանը ներկա էր  Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Արեյանը, ով  շնորհավորեց ռեկորդի գրանցման առթիվ և շնորհակալություն հայտնեց «Երեմյան փրոջեքթս»-ի թիմին  Երևանը այդչափ սիրելու և իրենց գործունեությամբ ամեն օր այդ սերն ապացուցելու համար:

Գաթան պատրաստվել էր «Երեմյան փրոջեքթս»-ի չորս հրուշակագործների կողմից. թիմն աշխատել է ընկերության շեֆ-հրուշակագործ Անահիտ Միքայելյանի ղեկավարությամբ:

«Մեր հայկական ավանդական գաթան ներկայացվել է նորովի  և «GUINNESS WORLD RECORDS»-ի  բոլոր կանոններին համապատասխան ընթացակարգով։ Այս գործընթացին ներգրավված են եղել ոչ միայն մեր հրուշակագործները, այլև «Երեմյան Փրոջեքթս»-ի ամբողջ թիմը՝  սկսած  բանակցությունների վարումից մինչև միջոցառման կազմակերպում: Ես շնորհակալություն եմ հայտնում մեր ամբողջ թիմին և, իհարկե, մասնագետ-«վկաներին» ովքեր ևս մեծ ներդում ունեցան ռեկորդի գրանցման հարցում»,- ասաց «Երեմյան փրոջեքթս»-ի շեֆ-հրուշակագործ Անահիտ Միքայելյանը:

Անահիտ Միքայելյանը նշեց, որ գաթան կշռում է 368.6 կգ, երկարությունը 60 մ է, լայնությունը՝ 37 սմ: Այն պատրաստելու համար պահանջվել է 87 կգ ալյուր, 33 կգ շաքարավազ, 116կգ կարագ, 42կգ նուշ, 500 ձու և 45կգ հայկական չիր:

«GUINNESS WORLD RECORDS»-ի պաշտոնական ուղեցույցներում սահմանված պահանջներին և ընթացակարգին համապատասխանելու վերաբերյալ գաթայի պատրաստման յուրաքանչյուր փուլում մասնագետ-«վկաներն» օրեր շարունակ մշտադիտարկում են իրականացրել և մասնագիտական գնահատական են ներկայացրել գործընթացի՝ ընթացակարգին համապատասխանելու վերաբերյալ:

Այսպես, բժիշկ-սննդաբան Վարդանուշ Պետրոսյանը պատասխանատու էր ամբողջ գործընթացն ապահովելու և ընթացակարգը պահպանելու համար։

Ազգագրագետ Ռուզաննա Ծատուրյանի գործառույթն է եղել հետևել և հավաստել, որ պատրաստված աղանդերը հենց գաթա է:

ՀՀ Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության ավագ մասնագետ Գևորգ Մելքոնյանը հետեւել է գաթայի պատրաստմանը՝ սկզբից մինչեւ վերջ եւ մինչ գաթայի հյուրասիրությունը հավաստել է, որ գաթան պիտանի է ուտելու համար:

Չափագիտության ազգային ինստիտուտի Մեխանիկական և անկյունագծային չափումների լաբորատորիայի մասնագետ-չափագրող Գուրգեն Ասրյանը կշռել է գաթան «GUINNESS WORLD RECORDS»-ի կողմից սահմանված պահանջներին համապատասխան:

Այս իրադարձությունն իր շուրջը համախմբեց երևանցիներին, մայրաքաղաքի հյուրերին և զբոսաշրջիկներին, որոնք հնարավորություն ունեցան գնահատելու Գինեսի ռեկորդակիր գաթայի համը: