Կան սեզոնային աշխատանքներ, որոնցով ամբողջ տարի զբաղվել չես կարող: Աշխատանքի նման տեսակ է վերջին տարիներին շատ ակտուալ դարձած վարձու Ձմեռ Պապը:
Ամանորյա գիշերն իրենց երեխաներին ուրախացնելու համար հայ ծնողներն իրենց տուն են հրավիրում Ձմեռ Պապիկի ու Ձյունանուշիկի: Եվ քանի որ վերջին մի քանի տարիների ընթացքում այս տենդենցը գնալով աճում է, ստեղծվել են հատուկ կազմակերպություններ, որոնք Ձմեռ Պապիկներ և Ձյունանուշիկներ են «մատակարարում»: Նման կազմակերպություններում, սակայն, անհրաժեշտ է նախօրոք գրանցվել, համապատասխան մուծումներ անել և նոր միայն պատվիրել: Կարելի է Ձմեռ Պապի ու Ձյունանուշ վարձել նաև առանց նախօրոք պատվիրելու և ավելի մատչելի գներով՝ անմիջապես Հանրապետության հրապարակից: Ամանորի գիշերն այստեղ տասնյակ Ձմեռ Պապիկներ ու Ձյունանուշներ սպասում են «իրենց ժամին»: Նրանց վճարը սկսվում է 5000 դրամից: Սակայն հրապարակից Ձմեռ Պապերի ձեր տուն հրավիրելով՝ կարող եք անակնկալի գալ, քանի որ նրանցից շատերը ձմեռային ցուրտ գիշերվան դիմակայելու համար արդեն բավականաչափ խմած են լինում։ Բացի այդ, հնամաշ հագուստներ են կրում և հաճախ չեն իմանում՝ ինչով զբաղեցնեն երեխաներին:
Այս առումով ավելի նախընտրելի են այն կազմակերպությունները, որոնք հատուկ այս գործով են զբաղվում: Նրանց կողմից տրամադրվող Ձմեռ Պապերն ու Ձյունանուշները մասնագիտությամբ հիմնականում դերասաններ են և երեխաներին զբաղեցնելու հատուկ ծրագրեր ունեն: Նման ծառայությունները, սակայն, ավելի թանկ արժեն: Ընդհանուր առմամբ, գներն այսպիսին են` եթե հրավիրեք միայն Ձմեռ Պապիկի, դա կարժենա առնվազն 8000 դրամ` առանց նվերի: Միջին գները տատանվում են 15-30.000 դրամի սահմաններում` կրկին առանց նվերի: Իսկ եթե ցանկանում եք, որ Ձմեռ Պապիկի հետ Ձյունանուշն էլ ձեր տուն այցելի, գումարը կրկնապատկվում է:
Գները կախված են նաև այցելության ժամերից: Ամենաթանկն ուղիղ ժամը 24-ն է: Եթե ցանկանում եք, որ Ձմեռ Պապը ձեր ընտանիքի հետ միասին դիմավորի Նոր տարին, պետք է թանկ վճարեք: Օրինակ, նախորդ տարի ժամը 24-ի՝ միայն Ձմեռ Պապի այցելությունն արժեցել է մոտ 150 դոլար:
Գրիգորի Հակոբյանը ղեկավարում է նմանատիպ կազմակերպություն, որը գործում է գրեթե երեք տարի: Գրիգորին ասում է, որ բազմաթիվ պատվերներ են ունեցել: Գովազդները սկսում են հեռարձակվել դեկտեմբերի կեսից: Առաջին պատվիրատուները մանկապարտեզներն են, որոնց ամանորյա հանդեսները տևում են մինչև դեկտեմբերի 24-ը: Այս կազմակերպությունում Վեց Ձմեռ պապ կա, որոնք բոլորը դերասաններ են: Գրիգորին վստահեցնում է, որ իրենց Ձմեռ Պապիկները հարբած վիճակում երբեք չեն աշխատում, քանի որ նրանց արգելված է աշխատանքի ընթացքում խմելը: Այստեղ շատ քիչ են Ձյունանուշները, ինչը, երևի, պայմանավորված է պահանջարկով՝ այդպես ավելի էժան է։
Տնային այցերի ժամանակ ամենատարբեր խառնվածքի տեր մարդկանց կարելի է հանդիպել: Ձմեռ Պապերի ու Ձյունանուշների հետ հետաքրքիր ու հիշվող դեպքեր են պատահում: Օրինակ, Ձմեռ Պապերից մեկին ասել են, որ նա պետք է պատուհանից ներս մտնի, քանի որ իրենք երեխային այդպես են խոստացել: Եվ քանի որ նրանց բնակարանը յոթերորդ հարկում է գտնվել, պատվիրատուներն ասել են, որ իրենք վերամբարձ կռունկ կբերեն, սակայն Ձմեռ Պապն այդ պատվերից հրաժարվել է. «Մի անգամ էլ մի հարուստ մարդ հրավիրել էր Ձմեռ Պապիկի` իր երեխային ուրախացնելու: Երբ մեր Ձմեռ Պապը տուն էր մտել, պարզվել էր, որ երեխան 15-ամյա մի տղա է: Նա շփոթվել էր, չէր իմացել՝ «տղա ջա՞ն» ասի, թե՞ «բալիկ ջան»,- պատմում է Գրիգորին:
Ձմեռ Պապիկներ տրամադրող կազմակերպություն ունի նաև «Արձագանք» ռադիոկայանը: Այստեղ էլ սկզբում շատ են մանկապարտեզների պատվերները, որոնք ավելի մատչելի գներով են արվում և տևում են մոտավորապես դեկտեմբերի 21-29-ը: Ի դեպ, սկզբնական շրջանում որպես Ձյունանուշ է աշխատել նաև դերասանուհի, «Արձագանք» ռադիոկայանի հաղորդավար Անի Բայաթյանը։ Նա պատմում է, որ շատ տպավորիչ է եղել առաջին պատվիրատուի տուն գնալը` Ձմեռ Պապի հետ. «Մտանք բնակարան, այդ մարդիկ նոր էին Ռուսաստանից վերադարձել, սարսափելի ճոխ սեղան էր գցված: Ես նման բաների վրա երբեք ուշադրություն չեմ դարձնում, բայց դա աչքի էր զարնում: Մի պառավ տատի էր նստած ու իր երկու տղաները, որ Նոր տարվա համար Ռուսաստանից էին վերադարձել: Սկզբում երեխաները վախեցան մեզանից, հետո արդեն ընտելացան: Սովորաբար Ձմեռ Պապիկն է կենաց ասում, այստեղ այդ տատիկը տեղից վեր կացավ ու ասաց` դե, տղերք ջան, ձեր գործերին հաջողություն… ու խմեցին` առանց մեզ վրա ուշադրություն դարձնելու: Հետո էլ ինձ ասաց՝ Ձյունանուշ ջան, մի հատ էս տոլմայից օգտվի, շամպանսկի խմի: Երբ դուրս եկանք, այնքան ծիծաղեցինք, որ Ձմեռ Պապիի բեղը պոկվեց»:
Անին նաև տպավորվել է, երբ մի երեխա խաղալիքը կախել է ծառից և ասել՝ ուզում եմ, որ իմ եղբայրը խելոք լինի, մամայիս չջղայնացնի: Չնայած, ասում է, եղել են նաև շատ լկտի երեխաներ, իրենց լավ չեն պահել Ձմեռ Պապիկի հետ. «Բայց մենք ամեն ինչի էլ դիմացել ենք, ու ընդհանրապես, շատ լուրջ էինք վերաբերվում այդ գործին, քանի որ երեխաների հետ աշխատելն ավելի բարդ է»:
Նատաշա Հարությունյան
«3 Միլիոն»