Օրեր առաջ՝ Հռոմի օպերային թատրոնում, Արամ Խաչատրյանի 115-ամյակին և Երևանի 2800-ամյակին նվիրված համերգ է տեղի ունեցել, որի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ հնչել են Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Էդգար Հովհաննիսյանի ստեղծագործությունները։ Համերգի ընթացքում ելույթ են ունեցել նաև ջութակահար Հայկ Կազազյանն ու դուդուկահար Կամո Սեյրանյանը, որոնք բացի իրենց ծրագրված կատարումներից նաև իմպրովիզ ելույթով են հանդես եկել՝ դուետով նվագելով Կոմիտասի «Կռունկ» ստեղծագործությունը:
Life.panorama.am-ի հետ զրույցում Կամո Սեյրանյանը պատմել է տպավորությունների և ունեցած մեծ պատասխանատվության մասին:
«Այս համերգը կազմակերպել էր Իտալիայում Հայաստանի դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը, և պետք է ասեմ, որ շատ շնորհակալ եմ նրան նման աշխատանքի ու առհասարակ` իր ճիշտ կազմակերպված գործունեության համար: Ասեմ, որ ի դեմս նրա՝ բավականին լուրջ դեսպան ունենք Իտալիայում, լինելով կին՝ նա ահռելի մեծ աշխատանք է տանում, իսկ միայն Հռոմի օպերային թատրոնը զբաղեցնելն արդեն տիտանական աշխատանք է: Համերգին ներկա էին բարձրաստիճան հյուրեր, Իտալիայում գտնվող բոլոր դեսպանները, կարելի է ասել՝ Իտալիայի էլիտան էր հավաքված, հանդիսատեսի հազիվ 10%-ն էր հայ, և անբացարտելի ուրախ եմ, որ կարողացանք նաև օտարերկրացիներին ներկայացնել մեր արվեստը»,- պատմեց մեր զրուցակիցը:
Դուդուկահարը համերգի ընթացքում հնչեցրել է «Սարերի հովին մեռնեմ» և «Վաղարշապատի պար» հայկական ժողովրդական ստեղծագործությունները: Խոսելով իր և Հայկ Կազազյանի իմպրովիզ կատարումից՝ Կամո Սեյրանյանը պատմեց.
«Ես ու Հայկ Կազազյանը՝ Սերգեյ Սմբատյանի հետ միասին, որոշեցինք բացի անհատ կատարումներից, նաև իմպրովիզ տարբերակով անակնկալ մատուցենք, և դա ստացվեց մեզ մոտ: Մենք կատարեցինք Կոմիտասի «Կռունկը», որից հետո դահլիճը ծափերից տրաքում էր: Իսկ համերգի վերջում հանդիսատեսն իր ծափերով երևի տասն ագամ դիրիժոր Սերգեյ Սմբատյանին հետ էր կանչում, որը համերգը եզրափակվեց Խաչատրյանի «Լեզգինկայով» և «Սուսերով պարով»»:
Դուդուկահարն ընդգծեց.
«Շատ պատասխանատու էր նման բեմի վրա հանդես գալը, սեփական ազգիդ արվեստը ներկայացնելը: Ինքս աշխարհի ամենամեծ ու հայտնի բեմերում ելույթ ունեցել եմ, բայց սա ուրիշ տեսակ հարթություն էր: Ավելի մատչելի օրինակ բերելով՝ կարող եմ ասել, որ սա նույնն է, եթե ֆուտբոլիստը խաղա «Բարսելոնայում» կամ «Ռեալ Մադրիդում»: Հռոմի օպերային թատրոնում ելույթ ունենալը ինձ համար մեծ ձեռքբերում էր, և դա իմ մեջ պատասխանատվությունն էլ ավելի է մեծացնում: Ուրախ եմ, որ կարողացա իմ յուրօրինակ նվերը մատուցել Արամ Խաչատրյանի 115-ամյակին և Երևանի 2800-ամյակին: Որպես երաժիշտ ու հայ՝ շատ ուրախ եմ, որ կարողացել եմ դարերով եկած ազգիս մշակույթը մատուցել օտարազգի հանդիսատեսին, իսկ գնահատականը չդադարող ծափերն էին»: