Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան հայտարարել է 2018 թվականին քիմիայի գծով Նոբելյան մրցանակի դափնեկիրներին: 110-րդ մրցանակը կհանձնվի ամերիկացի գիտնական և ինժեներ Ֆրենսիս Առնոլդին ֆերմենտների ուղղորդված Էվոլյուցիայի համար, ինչպես նաև ամերիկացի քիմիկոս, Միսուրիի համալսարանի պրոֆեսոր Ջորջ Սմիթին և բրիտանացի կենսաքիմիկոս, Քեմբրիջի համալսարանի պրոֆեսոր սըր Գրեգորի Վինտերին պեպտիդների ու հակամարմինների ուսումնասիրման համար:
Հաղթողի հայտարարման ուղիղ հեռարձակումն ընթանում էր Նոբելյան կոմիտեի կայքում: Հոկտեմբերի 5-ին հայտնի կդառնա Խաղաղության մրցանակի դափնեկրի անունը: Ալֆրեդ Նոբելի հիշատակին տնտեսական գիտությունների գծով մրցանակը, որը հիմնվել է 1969 թվականին՝ Շվեդիայի Բանկի կողմից, կշնորհեն հոկտեմբերի 8-ին:
Այս տարի Ստոկհոլմում կհրապարակեն Նոբելյան հինգ դափնեկիրներից չորսի անունները: Նոբելյան կոմիտեն որոշել է չշնորհել գրականության Նոբելյան մրցանակ և դրա հանձնումը տեղափոխել է 2019 թվական: Այդ որոշումն ընդունվել է Շվեդիայի ակադեմիայում ծագած սկանդալի պատճառով, ինչից հետո կազմակերպությունից հեռացան նրա վեց անդամներ: Նոբելյան մրցանակի չափն անցյալ տարի ավելացվել է մինչև 9 մլն շվեդական կրոն (1,12 մլն դոլար): Դափնեկիրների պարգևատրման արարողությունը ավանդաբար տեղի կունենա Ստոկհոլմում դեկտեմբերի 10-ին՝ շվեդ ձեռնարկատեր և գյուտարար Ալֆրեդ Նոբելի մահվան օրը: