Հայաստանի ազգային արխիվի ներգաղթի կոմիտեի պահոցում աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին և նրա ընտանիքին, ինչպես նաև Ֆրանսիային վերաբերող հետաքրքիր փաստաթղթեր կան:
Հայաստանի ազգային արխիվի հրատարակչական բաժնի գլխավոր արխիվագետ Անահիտ Քոչարյանն «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ 1946 թվականին Ազնավուրյան ընտանիքը դիմել է Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ներգաղթի կոմիտեին՝ Խորհրդային Հայաստան տեղափոխվելու խնդրանքով:
Արխիվում պահվում են Ազնավուրյանների խնդրագրերն ու ձեռագիր ինքնակենսագրականները: «Ազնավուրի մայրը` Քնար Բաղդասարյան –Ազնավուրյանը, իր ինքնակենսագրականում գրել է, որ ծնվել է 1902 թվականի նոյեմբերի 16-ին: Դերձակուհի է եղել: Նրանց տանը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ապաստան են գտել հայ բանաստեղծ, ֆրանսիական դիմադրության շարժման մարտիկ Միսաք Մանուշյանն ու նրա կինը` Մելինե Մանուշյանը:
Նույն փաստաթղթերում պահվում է նաև Շառլ Ազնավուրի հոր` Մամիկոն Ազնավուրյանի ինքնակենսագրությունը, ով ծնվել է 1897 թվականի մայիսի 26-ին: Եղել է դերասան, միաժամանակ նաև ճաշարանի կառավարիչ:
«Հորս անունը Միսաք Ազնավուրյան է` արհեստով խոհարար, մորս անունը Հայկանուշ, ով ապրում է Թիֆլիսում, ծնունդով Ախլցխացի է»,-նշված է Մամիկոն Ազնավուրյանի ինքնակենսագրականում: Մամիկոն Ազնավուրյանը հիշատակել է նաև իր երկու քույրների` Աստղիկ Երեմյանի և Արուսյակ Ազնավուրյանի մասին, ովքեր ապրել են Խորհրդային Հայաստանում:
Ազնավուրի հայրը ունեցել է միջնակարգ կրթություն:
Քնար և Մամիկոն Ազնավուրյանները թատերական խմբով եղել են Իզմիրում, ապա Սալոնիկում, որտեղ և ծնվել է Աիդա Ազնավուրյանը: Նա իր ինքնակենսագրականում նշում է, որ ծնվել է հունվարի 13-ին: Տասը տարեկանից կրթություն է ստացել գեղարվեստական վարժարանում, ապա խաղացել թատրոններում, երգել տարբեր բեմերում:
Անահիտ Քոչարյանն ասաց, որ Շառլ Ազնավուրի ինքնակենսագրականը ինչ-ինչ պատճառներով չի հասել արխիվ:
Ազգային արխիվի սփյուռքահայության մշակութային կապերի կոմիտեի ֆոնդում է պահվում նաև Խորհրդային Հայաստանի կազմավորման 50 ամյակի կապակցությամբ Մամիկոն Ազնավուրյանի շնորհավորանքը:
Ֆրանսիայի վերաբերյալ Հայաստանի ազգային արխիվի հրատարակչական բաժնի գլխավոր արխիվագետն առանձնացրեց լեգիոներներին առնչվող փաստաթղթերը, որոնցից է օրինակ 1944 թվականին Ֆրանսիայում գրված նրանց երդման տեքստը, Ֆրանսիական դիմադրողական շարժման մասնակից հայերի անվանացուցակը:
«Հայաստանի ազգային արխիվում, Առաջին հանրապետության արտգործնախարարության արխիվում, նաև Ամենայն հայոց կաթողիկոսի դիվանի փաստաթղթերում պահվում են նաև կապիտան Պուադեբարին վերաբերող փաստաթղթեր, ով Ֆրանսիայի Լիոն քաղաքի միսիոներներից էր, և հայտնի էր Անդրկովկասում 1918-1920 թվականներին հայանպաստ գործունեությամբ: Նա շատ մեծ աջակցություն է ունեցել նաև Կարսի հարցի լուծման հարցում»,- ասաց նա:
Գլխավոր արխիվագետը նշեց, որ Կովկասում 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին գործել է «Կովկասյան մետալուրգիական և արդյունաբերական ընկերություն»-ը, որը շատ մեծ գործունեություն է ծավալել պղնձահանքերի շահագործման բնագավառում, համագործակցել հայտնի ընկերությունների հետ: