Դերասան Ռոբին Ուիլյամսի (1951 – 2014) և նրա նախկին կնոջ՝ Մարշա Գարսեսի անձնական իրերի հավաքածուն 6 միլիոն դոլարով վաճառվել է Sotheby՚s-ի՝ հոկտեմբերի 4-ին Նյու Յորքում կայացած աճուրդում: Այս մասին աճուրդային տան մամուլի ծառայությունը հայտնել է հոկտեմբերի լույս 5-ի գիշերն իր կայքում:
Նշվում է, որ այլ իրերի թվում ներկայացված էր «Ոսկե գլոբուս» պարգևը, որը դերասանն ստացել է ռեժիսոր Բարրի Լևինսոնի «Բարի լույս, Վիետնամ» (Good Morning, Vietnam, 1987) դրամայում ռադիոհաղորդավար Էդրիան Քրոնաուերի դերի համար:
Լոտը ձեռք է բերվել 27,5 հազար դոլարով: Սթիվեն Սփիլբերգի «Կապիտան Քրյուկ»(Hook, 1991) ֆիլմից սուսերը, որտեղ Ուիլյամսը մարմնավորել է Փիտեր Փենին, աճուրդով վաճառվել է 4,8 հազար դոլարով: Նաև աճուրդի էին հանվել ժամացույց, նկարներ և արվեստի այլ առարկաներ դերասանի անձնական հավաքածուից, այդ թվում՝ բրիտանացի փողոցային նկարիչ Բենքսիի մի քանի գործեր:
Ռոբին Ուիլյամսը վախճանվել է 2014 թվականի օգոստոսի 11-ին Կալիֆոռնիայում 63 տարեկանում: Ոստիկանության տվյալներով՝ մահվան պատճառ է դարձել ինքնասպանությունը: