Եթե ընտանիքում շատ երեխաներ կան, քաղցկեղով հիվանդանալու վտանգն ավելի փոքր է: Այս եզրակացությանն են հանգել Ցյուրիխի համալսարանի գիտնականները և նրանց ավստրալացի գործընկերներն Ադելաիդայի համալսարանի Բժշկական դպրոցից:
Ուսումնասիրելով 178 երկրների վիճակագրական տվյալներ՝ նրանք ուշադրություն են դարձրել ընտանիքի չափի և ուռուցքաբանական հիվանդությունների միջև կապի վրա. պարզվել է, որ հիվանդանալու հավանականությունն այնքան մեծ է, որքան փոքր է ընտանիքը: «Եվ այդ կապը պայմանավորված չէ եկամուտներով, ուրբանիզացիայի մակարդակով (այդ թվում, թե որտեղ Է ապրում ընտանիքը) և տարիքով»,- հայտարարել է գիտական աշխատության առաջատար հեղինակ, Ցյուրիխի համալսարանի պրոֆեսոր Մասիեժ Հենենբերգը: Դեռ ավելին, հիվանդանալու վտանգը մեծ ընտանիքում սովորականից փոքր է եղել ոչ միայն ծնողների ու երեխաների, այլև նրանց հետ ապրող այլ հարազատների մոտ:
«Որքան մեծ է ընտանիքն, այնքան մարդիկ ավելի հազվադեպ են հիվանդանում որոշակի տիպերի քաղցկեղով, ներառյալ ուղեղի, միզապարկի, թոքերի, ստամոքսի, կրծքագեղձի, ձվարանների քաղցկեղը, ինչպես նաև մելանոման»,- նշում է համալսարանն իր կայքում:
Գիտնականները գտել են դրա բացատարությունը: Նրանց խոսքով՝ ընտանեկան կյանքը թեպետև որոշ դեպքերում սթրես է առաջացնում, այնուամենայնիվ, «ստեղծում Էէ հատուկ հուզական միջավայր, որը դրականորեն է ազդում ցանկացած հիվանդության դիմադրելու վրա. և դա ընտանիքի անդամներին պաշտպանում է նաև քաղցկեղի զարգացումից»: Շվեյցարացի և ավստրալացի գիտնականների այս հետազոտությունը ցույց է տալիս, որ «ընտանիքի անդամների կողմից միմյանց աջակցելն ընտանեկան կյանքի առողջ ապրելակերպի պահպանման գործում կարող է ապահովել նաև պաշտպանություն քաղցկեղի դեմ»,- արձանագրում է Ցյուրիխի համալսարանը: