Հայաստանում այսօր նշում են Հայ մամուլի օրը: Այս օրը նշանավորվել է Մադրասում հայկական առաջին «Ազդարար» տպագիր պարբերականի հրատարակությամբ: ՀՀ կառավարության 2004թ. ապրիլի 22-ի որոշմամբ հոկտեմբերի 16-ը նշվում էր որպես «Մամուլի աշխատակցի օր», սակայն հետագայում այն վերանվանվեց և դարձավ Հայ մամուլի օր:
Հայկական առաջին տպագիր պարբերական «Ազդարարը» հիմնադրվել է Մադրասում 1794 թվականի հոկտեմբերի 16-ին։ «Ազդարար» ամսագրի հիմնադիրն էր շիրազցի Հարություն քահանա Շմավոնյանը։ Պարբերականը գործել է մինչև 1796 թվականի մարտ ամիսը։ Այդ ընթացքում հրատարակել է 18 համար (տետրակ) յուրաքանչյուրը՝ մոտ 50 էջ, 965 էջ ընդհանուր ծավալով։ Ամսագիրը դադարել է գործել նյութական դժվարությունների պատճառով։ Տպագրվել է գրաբարով, մասամբ՝ հնդկահայ և Նոր Ջուղայի բարբառներով։
«Ազդարարը» գիտաճանաչողական, պատմագիտական, գրական, հասարակական հանդես էր և արտացոլել է հնդկահայ կյանքը, անդրադարձել հայ ժողովրդի լուսավորության, ազգային ինքնագիտակցության, ազատագրության խնդիրներին¸ իրազեկել Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Ամսագիրը գաղութահայերին հորդորել է վերադառնալ հայրենիք։ «Ազդարարի առանձին համարներ տպագրվել են պատկերազարդ, կարմրագույն տառերով։