#Made in Armenia. այսպես է կոչվում BlogNews.am-ի նոր նախագիծը, որը պատմելու և բացահայտելու է Հայաստանից դուրս ապրող հայերին, ովքեր իրենց մասնագիտության մեջ հաջողություններ են գրանցել: Մեր նախագծի առաջին հերոսուհին plus size մոդել Նաիրան է, ով բնակվում և իր գործունեությունը ծավալում է Տաշքենդում: Մոդելն այս շրջանում հայրենիքում է և իր առաջին քայլերն է անում հայկական մոդելային ասպարեզում: Ասում է՝ բարդ է, քանի որ Երևանում plus size մոդելի պահանջարկ չկա, և այս ոլորտում նա միակն է: Սա պատմություն է մի աղջկա մասին, ով գեր լինելն ընդունեց ոչ թե որպես թերություն, այլ այն որպես առավելություն ծառայեցրեց գումար վաստակելու համար:
Նաիրան 29 տարեկան է, ծնվել է Տաշքենդում: Չափսերն են՝ կուրծք՝ 120 սմ, գոտկատեղ՝ 110 սմ, կոնք՝ 136 սմ:
– Ինչպես շատ աղջիկներ, դու նույնպե՞ս երազել ես մոդել դառնալու մասին, ինչպե՞ս սկսվեց ամեն ինչ։
– Ես որոշեցի մոդել դառնալ այն ժամանակ, երբ բոլորն ինձ համոզում էին նիհարել: Ասում էին՝ դու գեր ես, տգեղ, նստիր տանը և դուրս մի արի, որպեսզի քեզ ոչ ոք չտեսնի: Ես ինձ, իհարկե, հավանում էի, բայց երբ մարդիկ բացասական էին արտահայտվում, ես սկսում էի ինձ չհավանել, և ինքնագնահատականս ընկնում էր: Հետո համացանցում տեսա ամերիկացի մոդել Էշլի Գրեհեմին և մտածեցի՝ իսկ ինչո՞ւ ոչ, իսկ ինչո՞ւ ես չեմ կարող այդպես: Ընդունվեցի մոդելային դպրոց, կարճ ժամանակում ինձ սկսեցին հրավիրել հագուստի գովազդի նկարահանումների, մասնակցել եմ բավականին շատ հաղորդումների, զբաղվում եմ նաև առողջ սննդակարգի գովազդով: Քանի որ իմ հետևորդների մեծամասնությունը գեր կանայք և աղջիկներ են, մեկն ուզում է նիհարել, մյուսն էլ՝ պահպանել կազմվածքը, ես փորձում եմ երկուսի խմբին էլ օգնել, որպեսզի նրանք հասկանան՝ գեր լինելը տգեղության չափանիշ չէ, պետք չէ դրանից քաշվել:
Ինձ դուր էր գալիս, երբ մոդելներին շպարում էին, երբ նրանք նստում էին, իսկ մասնագետները գեղեցկացնում էին նրանց: Հիշում եմ՝ երբ սկսեցի նկարահանվել, մի ձեռքս մատնահարդարում էին, մյուս մասնագետը դիմահարդարում էր ինձ, մյուսն էլ՝ վարսահարդարում: Դա, իհարկե, հաճելի է, բայց իրականում բավականին բարդ աշխատանք է:
– Հայկական ընտանիքում ես ծնվել, մեծացել: Հետաքրքր է, ծնողներդ ինչպե՞ս ընդունեցին որոշումդ։
– Հայրս Ուզբեկստանի հայկական համայնքի ներկայացուցիչ է, և նրան հաճախ էին ասում՝ տեսել ես՝ ինչպես է լուսանկարվում դուստրդ։ Իհարկե, ինձ վրա բարկանում էին ծնողներս, ասում, որ իրենց նման մոդել պետք չէ: Հիմա հաշտվել են այդ մտքի հետ և հասկանում են, որ սա իմ մասնագիտությունն է, իսկ ես չափերը երբեք չեմ անցնում:
– Մի քանի ամիս է՝ բնակվում ես Երևանում։ Ինչպե՞ս ընդունեցին քեզ հայրենիքում: Հաշվի առնելով, որ Երևանում չկա plus size մոդելի պահանջարկ, ինչպե՞ս ես պատկերացնում այստեղ քո գործունեությունը:
– Երբ որոշեցի տեղափոխվել Հայաստան, մոդելային բոլոր գործակալություններին ուղարկեցի լուսանկարներս: Ես գիտեի, որ այստեղ ինձ գրկաբաց չեն սպասում, և պատկերացրեք՝ այդ չորս գործակալություններից միայն մեկը պատասխանեց, որ գուցե պատվիրատուները ցանկանան համագործակցել ինձ հետ: Հետո գնացի քասթինգի, և ինձ հրավիրեցին նկարահանվելու Գրիգոր Եսայանի տեսահոլովակում, որից հետո առաջարկեցին սիթքոմում նկարահանվել։ Չնայած իմ կերպարը համապատասխանում էր, բայց ինձ չընտրեցին, քանի որ չէի կարողանում հայերեն կարդալ: Հիմա առաջարկ ունեմ նկարահանվելու հագուստի խանութի գովազդում, որը ներկայացնելու է մեծ չափսի հագուստ: Երևանում բավականին քիչ են վճարում։ Տաշքենդում երկու ժամվա ֆոտոսեսիայի համար վճարում էին 100 դոլար, իսկ Երևանում՝ 19 ժամի համար՝ 25.000 դրամ: Մոդելի աշխատանքն Ուզբեկստանում ավելի զարգացած է, քան Հայաստանում, այսինքն՝ Երևանում անգամ նման մոդելներ չկան:
Ամբողջությամբ՝ blognews.am