Twitter միկրոբլոգների ծառայությունը փոփոխություններ է մտցրել հաղորդագրությունները հեռացնելու իր քաղաքականության մեջ և շուտով կսկսի օգտատերերին բացատրել, թե այս կամ այն թվիթն ինչու է արգելափակված դիտման համար:
Ինչպես ասված է Twitter-ի բլոգում, այն դեպքում, եթե սոցցանցի աշխատակիցները որոշեն, որ այս կամ այն հաղորդագրությունը հեռացման է ենթակա ծառայության կանոնները խախտելու պատճառով, ապա այն առաջվա պես կարգելափակվի դիտման համար, մինչև որ օգտատերն այն հեռացնի: Սակայն այժմ արգելափակված թվիթի տեղում կհայտնվի համապատասխան ծանուցում, որը բացատրում է, թե ինչու է այն ենթակա հեռացման, ինչպես նաև ծառայությունից օգտվելու կանոնների ցանկի վկայակոչում:
Համանման ծանուցում համընդհանուր դիտման համար կզետեղվի նաև կանոնազանցի էջի պրոֆիլում: Ընդ որում՝ երկու ծանուցումներն էլ մինչև 14 օր տեսանելի կլինեն արգելված հաղորդագրությունը հեռացնելուց հետո: Եվս մեկ նորամուծություն վերաբերում է այն թվիթներին, որոնք օգտատերերը նշել են որպես սոցցանցի կանոնների պոտենցիալ խախտողներ:
Ինչպես բացատրել են Twitter-ում, այժմ նման հաղորդագրությունները կթաքցվեն այն օգտատերերի աչքից, որոնք դրանց մասին զեկուցել են ծառայության աշխատակիցներին: Սակայն ցանկության դեպքում նրանք կկարողանան դիտել դրանք: Ինչպես ասված է բլոգում, սկսած 2017 թվականից սոցցանցի աշխատողներն «իրականացրել են ավելի քան 100 փոփոխություն ու էքսպերիմենտ, տասնյակ նորացումներ են կատարել ցանցի օգտագործման քաղաքականության մեջ, ընդլայնել աշխատակիցների թիմը», այդ թվում՝ նրանց, ովքեր հետևում են ծառայության կանոնների պահպանմանը: Այդ ամենն ուղղված են այն բանին, որ Twitter-ը դառնա «ավելի անվտանգ» սոցցանց, ասված է զետեղված հաղորդագրության մեջ: