Նոյեմբերի 25-ին Փարիզում հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակվեց Մարդկության բանավոր և ոչ-նյութական մշակութային գլուխգործոցներից մեկը: ՅՈՒՆԵՍԿՕ-ի կարեւորագույն մանդատներից մեկը հանդիսանում է աշխարհում գոյություն ունեցող մշակութային եւ բնական այն ժառանգության բացահայտման, պաշտպանման և պահպանման խրախուսումը, որը բացառիկ նշանակություն է ներկայացնում ողջ մարդկության համար: Վերջինս փորձում է բացահայտել աշխարհի ոչ միայն նյութական, այլ նաև` ոչ-նյութական հարուստ ժառանգությունը: Ոչ-նյութական մշակութային ժառանգության բնագավառում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից իրականացվող կարևորագույն ծրագրերից մեկը Մարդկության բանավոր և ոչ-նյութական մշակութային ժառանգության գլուխգործոցների հռչակումն է:
Սա 1997 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից սկսած միջազգային մեծ հնչողությամբ ծրագիր է: Քանի որ 1972 թ. ընդունված Համաշխարհային մշակութային և բնական ժառանգության պահպանման մասին կոնվենցիան բացառապես վերաբերում է միայն նյութական ժառանգությանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն ձգտում է ընդլայնել այդ պաշտպանությունն՝ ընդգրկելով նաև ոչ-նյութական մշակութային ժառանգությունը:
Հայկական դուդուկի երաժշտության հռչակումը` որպես Մարդկության բանավոր և ոչ-նյութական մշակութային գլուխգործոց՝ երրորդն է վերոնշյալ ծրագրի շրջանակներում: Առաջին հռչակումը տեղի է ունեցել 2001թ. մայիսին, որը շեշտադրել է ոչ-նյութական մշակութային ժառանգության պահպանման և պաշտպանման հրատապ անհրաժեշտությունը և ընդգրկել է 19 գլուխգործոց, որոնք պատմական, գեղարվեստական, և էթնոլոգիական տեսանկյուններից նշանակալի արժեքներ էին ներկայացնում: 2003թ. նոյեմբերին կայացած երկրորդ հռչակումն ընդգրկում էր 28 գլուխգործոցներ: