Ֆրեդ Դավթյանին ես ձեռնտու չէի լինի, քանի որ իմ ծրագրով իսկապես կլինեին արմատական փոփոխություններ. Սուրեն Շահվերդյան. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Ֆրեդ Դավթյանին ես ձեռնտու չէի լինի, քանի որ իմ ծրագրով իսկապես կլինեին արմատական փոփոխություններ. Սուրեն Շահվերդյան. life.panorama.am

Ինչպես հայտնի է, օրեր առաջ հայտարարվեց, որ ՀՀ մշակույթի նախարարության և Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն Ֆրեդ Դավթյանի որոշմամբ՝ 6-ամսյա ժամկետում թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնի համար կպայքարեն ռեժիսորներ Կարեն Ներսիսյանն ու Սուրեն Շահվերդյանը: Նրանք պետք է առաջիկա վեց ամիսների ընթացքում ներկայացումներ բեմադրեին, որից հետո միայն կորոշվեր, թե նրանցից ով կընտրվի այդ պաշտոնում: Սակայն այդ հայտարարությունից ընդամենը մի քանի օր անց Ֆրեդ Դավթյանն անակնկալ կերպով հայտարարեց, որ մտքափոխվել է և իր որոշմամբ թատրոնի գեղարվեստական ղեկավար է նշանակել Ղազախստանի Ալմաթի քաղաքի Մ. Յ. Լերմոնտովի անվան ռուսական դրամայի թատրոնի բեմադրող ռեժիսոր Կարեն Ներսիսյանին:

Այս որոշումը անսպասելի էր նաև ռեժիսոր Սուրեն Շահվերդյանի համար: Life.panorama.am-ը պարզել է, թե ինչ կարծիք ունի նա այս հապճեպ որոշման վերաբերյալ և ինչ վերաբերումնք՝ Կարեն Ներսիսյանի նկատմամբ:

«Անակնկալի եկա, երբ իմացա, որ Ֆրեդ Դավթյանը հապճեպ նշանակում է արել: Ինչևէ,  անձամբ ինձ ոչ մեկ այդ մասին նախապես չի ասել, ես մամուլից եմ տեղեկացել: Հիմա միայն կարող եմ շնորհավորել Կարեն Ներսիսյանին, չնայած, որ խախտվել է որոշման կանոնակարգումը: Կարեն Ներսիսյանին ցանկանում եմ ուժ ու եռանդ, որպեսզի թատրոնը բարձրացնի և կարողանա ինչ-որ բան փոխել: Ես պատրաստ եմ աջակցել նրան յուրքանչյուր հարցում: Նրան ֆեսյբուքի միջոցով եմ ծանոթ, արդեն իսկ ասել եմ, որ իրեն հեշտ աշխատանք չի սպասվում: Իսկ թե ինչու այս կերպ ընտրվեց գեղարվեստական ղեկավարը, ինքս մեկնաբանել չեմ կարող, դա կարող են անել միայն Ֆրեդ Դավթյանը և Մշակույթի նախարարությունը»,- նշեց Ս. Շահվերդյանը:

Ռեժիսորը ենթադրում է, որ Ֆրեդ Դավթյանին ձեռնտու չէր լինի, որ ինքն ընտրվեր այդ պաշտոնում, քանի որ իր ներկայացրած ծրագրով՝ թատրոնի տնօրենի լիազորությունները պակասելու էին:

«Այս նշանակումից հետո ես մի խնդրի մասին եմ բարձրաձայնում և հույս ունեմ, որ ինձ էլի մարդիկ կմիանան. Մեր երկրում թատրոնի օրենքն ու կանոնադրությունը պետք  է փոխվի, թատրոնի գեղարվեստական ղեկավարը չի կարող լինել տնօրենի հերթական աշխատողը՝ այստեղից է սկսվում մեր պրոբլեմը: Ժամանակին օրենքը փոխվեց և որոշվեց, որ թատրոնի գլխավոր ղեկավարը տնօրենն է, իսկ տնօրեն կարող է նշանակվել յուրաքանչյուրը, ով կհաղթի նշանակված մրցույթը: Այսօր հայկական թատրոններում գեղարվեստական ղեկավարի լիազորությունները չնչին են, և փորձը ցույց է տալիս, որ միանձնյա ղեկավարներով թատրոններն ավելի հաջող գործունեություն են ծավալում: Թատրոնը կարող է տնօրեն ունենալ, բայց նա պետք է գործի գեղարվեստական ղեկավարի լիազորությունների ներքո: Կարծում եմ՝ Ֆրեդ Դավթյանին ես ձեռնտու չէի լինի, քանի որ իմ ծրագրով իսկապես կլինեին արմատական փոփոխություններ և տնօրենի լիազորությունները բավականին կնվազեին, ամեն ինչ կլիներ թափանցիկ: Ես հավատացնում եմ ձեզ, որ յուրաքանչյուր թատրոն բավականաչափ գումար ունի, որոնք կուտակվում են և վարձակալություններից, և հովանավորներից, և այլ միջոցներից, պարզապես մենք սովոր ենք ասել՝ թատրոնը աղքատ է, փող տվեք: Ես չեմ մեղադրում Ֆրեդ Դավթյանին, միգուցե նա արմատական փոփոխությունների կողմնակից չէ և կարծում է, որ թատրոնը նորմալ վիճակում է գտնվում»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով նախկինում իր հնչեցրած կարծիքներին, թե Ստանիսլավսկու անվան  թատրոնը ըստ պատշաճի չի գործում, որ այն կարելի է առհասարակ փակել, Սուրեն Շահվերդյանը նշեց.

«Չգիտեմ մի պրոֆեսիոնալ արվեստագետ, թատերագետ, որ ռուսական թատրոնի գործունեությունը բարձր գնահատի, ինքս էլ բազմիցս ասել եմ, որ արմատական փոփոխություններ են հարկավոր, եթե մենք ուզում ենք ունենալ այնպիսի թատրոն, որ ռուսների առաջ ամոթ չլինի: Այդ փոփոխոթյունները պետք է վերաբերվեն անձնակազմին, խաղացանկին, լեզվի իմացությանը, թատրոնի շենքին ու մուտքին, ամեն ինչին: Ինչ վերաբերվում է դերասանական կազմին, իմ ծրագրում էլ էի նշել, որ պետք է այս թատրոն դրսից լուրջ մասնագետների հրավիրել, որոնք պայմանագրով կգային Հայաստան, կխաղային տվյալ ներկայացումը ու դրանով կբարձրացնեին թատրոնի անունը, նոր շունչ կհաղորդեին ու դերասանական կազմին էլ մասնագիտական հմտություններ կփոխանցեին: Ըստ իմ ծրագրի՝ թատրոնը պետք է ունենար 20-25 հոգանոց դերասանական խումբ, իսկ մնացածը հրավիրվեին ու աշխատեին նրանց հետ: Եթե այսօրվա որակի ռուսական թատրոն պետք է ունենանք, կարծում եմ՝ այդ թատրոնի կարիքը չկա: Հենց ռուսների առաջ է ծիծաղելի ունենալ այսպիսի ռուսական թատրոն»:

life.panorama.am