Վատ եղանակն ու լավ գրքերը լավ համադրություն են: Այսպիսի վատ եղանակին դիմանալու կամ ավելի լավ վայելելու համար առաջարկում ենք այսօր թեյախմություն կազմակերպել՝ մեր այս ցանկում ընդգրկված ցանկացած գրքով: Իսկ թե ինչ կկարդաք այսօր, որոշեք ինքներդ:
1. Ջոն Գրին «Ալյասկայի որոնումներում»/ “Looking For Alaska” by John Green
«Ալյասկայի որոնումներում» գիրքը հայտնի ժամանակակից հեղինակ Ջոն Գրինի առաջին նովելն է և թողարկվել է 2005թ.-ին: Հեղինակն այն գրել է քոլեջում իր հետ կատարկված որոշ դեպքերի հիման վրա: Ստեղծագործությունը պատմում է դեռահաս Մայլզ Հոլթերի մասին, որը նոր է ընդունվել քոլեջ, որտեղ էլ հանդիպում է մի քանի երիտասարդների ու ընկերանում նրանց հետ: Նա ծանոթանում է նաև Ալյասկա Յանգ անունով մի աղջկա հետ ու սիրահարվում նրան: Աղջիկն օգնում է Մայլզին իր սեփական հրեշների դեմ պայքարել ու հասունանալ: Միևնույն ժամանակ Ալյասկան իր սեփական խնդիրներն ունի, որոնց դեմ պայքարելն այդքան էլ հեշտ չի լինելու:
Գրքում յուրահատուկ տեղ են զբաղեցնում մարդկանց, այդ թվում նաև հայտնի մարդկանց, վերջին խոսքերը մահվանից առաջ: Մի բան, որը Մայլզի փոխանցմամբ ընթերցողին կօգնի իրեն ավելի մոտ զգալ բոլոր կերպարներին:
2. Ջենիֆեր Նիվենի «Բոլոր լուսավոր վայրերը»/ “All The Bright Places” by Jennifer Niven
Սա գուցե աշխարհի ամենառոմանտիկ ու ամենատխուր գրքերից մեկն է: Այն հրատարակվել է 2015թ.-ին ու միանգամից դարձել բեսթսելեր, իսկ 2019-ին այս գիրքը նաև կդառնա ֆիլմ՝ Էլ Ֆենինգի մասնակցությամբ: «Բոլոր լուսավոր վայրերը» պատմում է Ֆինչի ու Վայոլեթի պատմությունն, ու թե ինչպես է Ֆինչը սովորեցնում Վայոլեթին ապրել, մինչդեռ ինքն ուզում է մահանալ: Գլխավոր հերոսների միջոցով հեղինակն ընթերցողներին ներկայացնում է մի պատմություն, որը լի է սիրով, կյանքի մասին մտորումներով, ազատությամբ, բազմաթիվ արկածներով ու ճանապարհորդություններով: Գիրքը կստիպի ձեզ ժպտալ, ծիծաղել, լաց լինել, իսկ այն կարդալուց հետո՝ միշտ հիշել ու կյանքին այլ գույներով նայել:
3. Ռուփի Քաուր՝ «Կաթ ու մեղր» / “Milk and Honey” by Rupi Kaur
Գոյատևման մասին գրված այս պոեմների հավաքածուն հեղինակը ներկայացրել է 2014թ.-ին: Բռնություն, սեր, կորուստ, ֆեմինիզմ, ինքդ քեզ ընդունելու ու սիրելու ունակություն և վերջապես կնոջ վերածնունդ. այս ամենի մասին հեղինակը խոսում է իր սեփական փորձից ու խորհուրդ տալիս կանանց երբեք չհանձնվել, միշտ պայքարել ու գոյատևել: Գրքի յուրաքանչյուր գլուխ տարբեր նպատակ ու առաքելություն ունի, յուրաքանչյուր ստեղծագործություն՝ կյանքի մեկ այլ շրջան: Իհարկե կյանքը դառն է, սակայն եթե համարձակվես նայել շուրջդ, իսկապես նայել, ապա կգտնես կյանքի քաղցրությունները, որոնք գրեթե ամենուր են:
4. Միլան Կունդերա «Կեցության անտանելի թեթևությունը»/ “The Unbearable Lightness of Being” by Milan Kundera
«Կեցության անտանելի թեթևությունը» գրքի դեպքերը տեղի են ունենում Պրահայում 1968թ.-ին: Ստեղծագործությունը պատմում է մի տղամարդու մասին, որը գլուխ չի հանում իր զգացմունքներից. նա չի կարողանում ընտրություն կատարել իր կնամոլության, իրեն հավատարիմ մնացած երիտասարդ կնոջ ու իր սիրուհիներից մեկի միջև: Թոմաշի համար սեքսը և սերը մարդու կյանքի տարբեր ոլորտներ են. նա շատ արագ է ֆիզիկական հարաբերությունների մեջ մտնում բազմաթիվ կանանց հետ, սակայն սիրում է միայն իր կնոջը՝ Թերեզային: Ըստ Թոմաշի մեկը մյուսին բացարձակ չի խանգարում: Թոմաշը պարզապես «ցանկանում է Տիրոջ Արքայությունը երկրի վրա»:
5. Ջոան Ռոուլինգ՝ «Հարի Փոթերը և Փիլիոսոփայական քարը»
Ծնողներին կորցնելուց հետո Հարի Փոթերն ապրում է մորաքրոջ ընտանիքի հետ, որտեղ տղային հալածում են, նվաստացնում և գրեթե կիսաքաղց պահում: Սակայն երբ լրանում է Հարիի տասնմեկ տարին, նրան հրավիրում են Հոգվարթս` աներևակայելի մի դպրոց, որտեղ կարող են սովորել միայն բացառիկ` կախարդական ունակություններով օժտված պատանիներն ու աղջիկները: Այստեղ Հարի Փոթերին սպասում է բոլորովին նոր` անհավանական արկածներով ու փորձություններով հարուստ կյանք:
6. Չարլզ Բուկովսկի՝ «Սերը դժոխքի շուն է» / “Love is a Dog From Hell” by Charles Bukowski
Բուկովսկու պոեմների այս հավաքածուն մարդկանց, վայրերի, իրերի, արտաքին ու ներքին աշխարհների մասին են: Դրանք բավականին սահուն են ընթերցվում, իսկ վերջում՝ ստիպում են հիշել իրենց: Բուկովսկու պոեմների հայերեն թարգմանությունը դեռևս չեք կարող գտնել, սակայն VNews-ն ունի հատուկ ընթերցասերների համար թարգմանված իր հավաքածուն:
7. Էմիլի Բրոնտե՝ «Մոլեգին հողմերի դարավանդ»| “Wuthering Heights” by Emily Bronte
«Մոլեգին հողմերի դարավանդը» Էմիլի Բրոնտեի միակ նովելն է: Ընդամենը մեկ նովելով այս Բրոնտեն կարողացավ դառնալ բոլոր ժամանակների ամենասիրված դասական հեղինակներից մեկը: Գործը հրապարակվել է 1847թ.-ին և քանի որ այն ժամանակ կանանց թույլ չէին տալիս հրապարակել իրենց գործերը, Էմիլին իր համար ընտրել էր Էլիս Բել կեղծանունը: Նա մահացել է գրքի թողարկման հաջորդ տարին՝ 30 տարեկան հասակում: Նրա քույրը՝ Շարլոտ Բրոնտեն, որը հեղինակել է մեկ այլ հայտնի դասական գործ՝ «Ջեյն Էյր»-ը, քրոջ մահից հետո խմբագրել է «Մոլեգին հողմերի դարավանդը» և 1850թ.-ին հրապարակել այն Էմիլի Բրոնտեի իրական անունով:
Գիրքը առեղծվածներով, անիծված սիրով ու տարբեր սարսափ դրվագներով լի մի գործ է, որի գլխավոր հերոսներն են Քեթրին Էրնշոուն և Հիթքլիֆը, որոնք փոքր տարիքից միասին մեծանալաով սկսում են իրար սիրել: Հիթքլիֆը, որը ծառայող է աշխատում Էրնշոուների ագարակատանը, իր հանդեպ ցուցաբերված վատ ու անհարգալի վերաբերմունքի պատճառով հեռանում է, և վերադառնում է միայն տարիներ անց՝ որպես արդեն հարուստ մարդ: Նա սկսում է վրեժ լուծել իրեն ցավ պատճառած մարդկանցից: Այս գրքի հիման վրա նկարահանվել են մի շարք ֆիլմեր, որոնցից մեկում Հիթքլիֆին մարմնավորում է Թոմ Հարդին:
Ամբողջությամբ՝ vnews.am