Առողջ սերունդ ունենալու համար տղամարդիկ պետք է հայր դառնան մինչև 35 տարեկանը: Դա թույլ կտա նվազեցնել վաղաժամ ծննդաբերության կամ փոքրիկի մոտ բնածին արատների զարգացման հավանականությունը, հայտնում է The Daily Mail-ը:
Հետազոտության շրջանակում վերլուծվել է ավելի քան 40 մլն երեխաների առողջական վիճակը: Պարզվել է, որ սերունդի առողջության համար հոր տարիքը մեծ նշանակություն ունի: Այսպես՝ 40-ից և 50-ից մեծ տարիքի հայրերի երեխաների շրջանում բնածին արատների զարգացման հավանականությունը կտրուկ մեծանում է:
Գիտնականները սա բացատրում են այն հանգամանքով, որ կյանքի յուրաքանչյուր նոր տարում տղամարդկանց սերմնաբջիջների ԴՆԹ-ում կուտակվում են երկուական մուտացիաներ: 45 տարեկանից մեծ հայրերի երեխաները 14 տոկոսով ավելի հաճախ են վաղաժամ ծնվում: Դրանից բացի, նրանց մոտ 14 տոկոսով մեծ է փոքր քաշով ծնվելու հավանականությունը:
Իսկ եթե հայրը 50 և ավելի մեծ տարիքի է, ապա 10 տոկոսով մեծանում է հավանականությունը, որ նորածինը կունենա թոքերի արհեստական օդափոխության կարիք: Դրանից բացի, 45 և ավելի մեծ տարիքի տղամարդկանց զուգընկերուհիների մոտ 28 տոկոսով ավելի հաճախ է զարգանում գեստացիոն շաքարային դիաբետը: