«Ոսկե դպրոցի» ամենախելացի աշակերտի՝ Արամիկի կերպարը մարմնավորող, երիտասարդ դերասան Արմեն Բալաբանյանը նկատում է՝ Արամիկն իր իրական կերպարի հետ որևէ նմանություն չունի և հենց դրանով էլ հետաքրքիր է իր համար: Tert.am Life-ի հետ զրույցում նա պատմել է, թե ինչու որոշեց դերասան դառնալ և ինչպես ստացավ իր հեռուստատեսային առաջին դերը:
Արմենը 21 տարեկան է, Թատերական ինստիտուտի 4-րդ կուրսի ուսանող: Նա նշեց, որ դերասանի մասնագիտությունն իրեն վաղուց է գրավել. «Սովորում եմ Հրաչյա Գասպարյանի արվեստանոցում, դերասանի վարպետության առումով շատ կարևոր բաներ եմ սովորել իրենից: Բեմում խաղալը միշտ իմ ցանկությունն է եղել, շատ ներկայացումներ դիտելուց հետո որոշել եմ, որ պիտի դերասան դառնամ: Թատրոնում դու կարող ես արտահայտել այն ամենը, ինչ կյանքում քեզ անհանգստացնում կամ հուզում է»:
Նա ասաց, որ դերասանական առաջին քայլերը սկսել է ուսանողական թատրոնում, խաղացել է մի քանի ներկայացումներում, մասնակցել Մոլդովայում ու Սլովակիայում կայացած թատերական փառատոնների: Արմենը հետաքրքրված է նաև ռեժիսուրայով և պատրաստվում է ներկայացում բեմադրել համակուրսեցիների մասնակցությամբ: «Ոսկե դպրոցը» երիտասարդ դերասանի առաջին հեռուստատեսային նախագիծն է, որտեղ հայտնվել է քասթինգին մասնակցելով:
Ի սկզբանե այլ կերպարի համար էի մասնակցում քասթինգին, բայց զանգահարեցին և առաջարկեցին խաղալ Արամիկի կերպարը, ես էլ համաձայնեցի: Սա ինձ համար մեծ շանս է: Ինձ համար երանելի է այս թիմի հետ աշխատելը, որովհետև արդեն մի ընտանիք ենք դարձել:
Ես այնտեղ ինձ շատ հանգիստ ու հարմարավետ եմ զգում, անգամ, կարոտում ու անհամբեր սպասում եմ նկարահանման օրերին»,-ասաց Արմենը:
Նրա փոխանցմամբ՝ սիթքոմի բոլոր խաղընկերների հետ մտերմացել և շփում է հաստատել նաև նկարահանման հրապարակից դուրս, իսկ դերասանուհիներ Էրմինա Զախարովայի և Լիանա Հակոբյանի հետ Արմենը վաղուց է մտերիմ, քանի որ նրանք նաև կուրսընկերներ են:
Դերասանը նշեց, որ իր հերոսի՝ Արամիկի հետ ընդհանրապես նմանություն չունեն ինչպես մարդկային որակների, այնպես էլ ոճային առումով:
«Արամիկն ու ես շատ տարբեր ենք, թեկուզ, սովորելու առումով: Ես դպրոցական տարիներին առանձնապես չեմ փայլել մաթեմատիկա, քիմիա կամ ֆիզիկա առարկաներից, որոնք Արամիկը շատ է սիրում: Շատ երեխաներ, դիտելով սիթքոմը, ինձ նույնացնում են իմ կերպարի հետ: Նույնիսկ դեպքեր են եղել, երբ սոցիալական կայքերով խնդիր են ուղարկել և խնդրել, որ լուծեմ: Այդ առարկաներին տիրապետող ընկերներիս խնդրել եմ լուծել ու պատասխանն ուղարկել, երեխաներին թվացել է, թե ինքս եմ կարողացել դա անել:)»,- պատմեց նա:
Ամբողջությամբ՝ life.tert.am