Ինչ են ակնեները (ուգրի)
Advertisement 1000 x 90

Ինչ են ակնեները (ուգրի)

Ակնեներն ու պզուկները մաշկի փոփոխությունն են` կապված ճարպագեղձերի աշխատանքի խանգարման ու բորբոքման հետ: Այն համարվում է կորյակային հիվանդություն, իսկ կենցաղում կորյակային ցանն անվանում են պզուկներ:

Պզուկներ հանդիպում են դեռահասային տարիքից սկսած։ Բավականին տարածված հիվանդություն է թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց շրջանում: Որպես կանոն, կորյակներ առաջանում են հիմնականում մարմնի այն մասերին, որտեղ տեղակայված են շատ ճարպագեղձեր` դեմք, կուրծք, մեջք:

Կորյակների առաջանալը կապված է հորմոնների հետ, քանի որ դրանք ազդում են ճարպագեղձերի աշխատանքի վրա: Իսկ բորբոքված մասերը, որոնք պատճառ են դառնում պզուկների, առաջանում են բակտերիաներից, որոնք ապրում են մաշկի վրա:

Եվ հենց մաշկի փոփոխությամբ են բացատրվում կորյակային հիվանդության էտապներն ու զարգացման տեսակները: Ճարպագեղձերի ծորանների խցանումն ու բորբոքումն էլ բերում են մաշկի վնասմանը:

Ըստ մաշկի վնասվածության աստիճանի էլ` տարբերակում են հիվանդության ծանրության աստիճանը: Կորյակների առավել ծանր տեսակները պատճառ են դառնում սպիների առաջացմանը:

Շատ-շատերի մոտ զարգանում է այս հիվանդության բավականին ծանր տեսակը: Պզուկներից ազատվելու համար անհրաժեշտ է ճիշտ հասկանալ խնդրի էությունը և ճիշտ որոշում կայացնել բուժման համար:

Առանձնանում են հիվանդության առաջնային և երկրորդային էլեմենտներ: Առաջնային էլեմենտները լինում են 2 տեսակ` բորբոքային և ոչ բորբոքային: Այս բաժանումը շատ պայմանական է, իսկ «բորբոքային» բնորոշումը կախված է առաջին հերթին արտաքին տեսքից` մաշկի կարմրությունից ու այտուցվածությունից:

Ոչ բորբոքային էլեմենտներով ակնեները կորյակներն են, իսկ բորբոքայինը` պզուկներն են: Կորյակներն էլ իրենց հերթին լինում են բաց և փակ: Շատ հաճախ կորյակային հիվանդության ծանր ձևը պատճառ է հանդիսանում բավականին խորը սպիների: Հիվանդության ծանր տեսակը հանդիպում է մարդկանց 10 տոկոսի մոտ:

Որքան էլ զարմանալի է, այս հիվանդության առաջացմանն ու զարգացմանը նպաստում է սնվելու ձևը: Մարդու մարսողական համակարգը շատ հետաքրքիր դրսևորումներ կարող է ունենալ:

Մեր օրգանիզմը կարող է ընդունել չիպսերի ու գազավորված ըմպելիքների ոչ նորմալ քանակություն, իհարկե այս ամենն ունի իր սահմանը, և մեր օրգանիզմը չդիմանալով նման անակնկալների, միանգամից սկսում է ըմբոստանալ, ինչն էլ արտահայտվում է հենց մարդու դեմքի վրա: Այն սկսում է արտահայտվել կորյակների, պզուկների և այլ ցանի տեսքով: Բայց նման հավանականության դեպքում պետք է աշխատել բացառել բոլոր պատճառները:

Եվ այսպես, մեր մաշկի համար սարսափելի է երկու բան` որոշակի մթերքների պակասը և, հակառակը` ինչ-որ մթերքների ավելցուկը: Օրգանիզմին շատ անհրաժեշտ է սննդամթերքի բազմազանությունը:

Մեր ռացիոնը պետք է պարտադիր բաղկացած լինի կենդանական (միս, ձուկ, կաթնամթերք) և բուսական (միրգ, բանջարեղեն, սունկ) ծագման սննդամթերքից: Երբեմն այս մթերքների ավելցուկն ու շատ էկզոտիկ սննդատեսակներն էլ միասին բերում են նրան, որ մարսողական համակարգը չի կարողանում յուրացնել ամբողջը, և այստեղից սկսում են խնդիրներ առաջանալ:

Իհարկե, սննդամթերքի չափը յուրաքանչյուրն ինքն է որոշում, որովհետև, օրինակ, 1 կգ ելակը մեկի մոտ կարող է առաջացնել 100 պզուկ, մյուսի մոտ` ընդամենը հաճույք առաջացնել: Այնպես որ` յուրաքանչյուրն ինքը պետք է որոշի իր թույլատրելի չափաբաժինը: Իհարկե, երբեմն այն կարող է պատահական ստացվել:

Մի քանի սննդատեսակ պարզապես նպաստում է կորյակների առաջացմանը: Միլիոնավոր հոդվածներ կան սուրճի վնասի ու օգտակարության մասին: Բայց պետք է ասել, որ սուրճը պատկանում է կորյակներ առաջացնող մթերքների թվին: Սուրճը նպաստում է կորտիզոլա հորմոնի տեսակի առաջացմանը, որը պատասխանատու է սթրեսների դեպքում:

Հենց դա էլ շատ հաճախ միջին տարիքում առաջացած շատ ակնեների պատճառ է հանդիսանում: Հատկապես վտանգավոր է առավոտյան անոթի խմած սուրճի քաղցր չափաբաժինը, որից հետո կարող է առաջանալ ոչ թե փոքրիկ կարմիր բիծ, այլ մեծ բորբոքված պզուկ: Իսկ թե ո՞րն է ձեր ամենաշատ չափաբաժինը, դա ոչ ոք չի կարող ասել: Դա կարող է լինել 3 գավաթը կամ 1 լիտրը:

Շաքարը, շոկոլադը, կոնֆետը, տորթը, չորաբլիթը, չիպսը և պաղպաղակը նպաստում են պզուկների առաջացմանը: Նաև պետք է ասել, որ թվարկվածների թվին են պատկանում շաքար պարունակող հյութերը:

Բնականաբար, այս բոլոր մթերքներից հրաժարվել հնարավոր չէ և կարիք էլ չկա: Ավելի լավ է փորձել փոխարինել ոչ օգտակարը օգտակարով:

Օրինակ, տարբեր տեսակի գազավորված ու քաղցր ըմպելիքները կարելի է փոխարինել պարզապես ջրով կամ ուղղակի բուսական թեյով, իսկ շաքարին շատ հարմար փոխարինող են մեղրն ու տարբեր մրգերի չրերը:

Կաթնամթերքների մեջ պետք չէ շատ ստիպել օգտվել անյուղ կեֆիրից կամ կաթնաշոռից, բայց ահա պաղպաղակի ու պանրի քանակությունը պետք է շատ կրճատել:

Կաթնամթերքն իր մեջ պարունակող պրոգեստերոնի ու այլ նյութերի շնորհիվ ակտիվացնում է ճարպագեղձերի աշխատանքը: Եթե առանց մեծ քանակության կաթնամթերքի դժվարանում եք, կարելի է անցնել կենդանի յոգուրտների, որոնց շնորհիվ նյութափոխանակությունը բավականին լավանում է:

Երևի չկա մի այնպիսի օրգան, որը չտուժի տապակած ու ճարպոտ սննդամթերքից: Կարելի է կենդանական ճարպը փոխարինել բուսական ծագման ձեթերով:

Մաշկի համար հատկապես շատ կարևոր են վիտամին A-ն և E-ն: Վիտամին E իրենց մեջ շատ պարունակում են ընկույզն ու նուշը, իսկ A վիտամին շատ է պարունակում հատկապես գազարը: Իհարկե, պետք է ասել, որ հենց նույն սննդամթերքի տեսակների չարաշահումը կարող է հանգեցնել պզուկների առաջացմանը:

Ակնեների բարդացումը վիճակի հավելյալ վատացումն է, այսինքն` նախկին կորյակային ցանի վրա նորի առաջացումը: Իսկ դրա պատճառ կարող է հանդիսանալ նախկին կորյակների սխալ բուժումը:

Իսկ թե ինչպես ազատվել նման տհաճ երևույթից, կախված է վիճակի բարդությունից և նրանից, թե որքանով է այն անհանգստացնում տվյալ անձնավորությանը:

Կորյակային հիվանդության նպատակը ոչ թե եղած պզուկները վերացնելն է, այլ հետևելը, որպեսզի ցանի նոր էլեմենտներ չառաջանան: Եվ ինչքան արագ փորձենք կանխել այն, այնքան շուտ կազատվենք նաև դրանց հետևանքներից, քանի որ սպիներն ու հետքերն արդեն քսուքներով չեն բուժվում:

Ինքնուրույն կարելի է բուժել կորյակային հիվանդության թեթև տեսակը, որն ամենահաճախն է հանդիպում: Կորյակների ինքնաբուժությունն արդյունավետ կլինի, եթե հաշվի առնենք մի քանի կարևոր խնդիրներ` մաշկի ճիշտ խնամքը և տեղային օգտագործման պրեպարատների կիրառումը:

Այս դեպքում արդյունքը զգալի է լինում, հնարավոր է՝ ոչ շատ արագ, բայց 2-3 շաբաթ հետո անպայման տարբերություն կլինի: Բայց հիվանդության արդեն բարդ շրջանում անպայման անհրաժեշտ է մասնագետի օգնությունը:

Երբեմն կորյակների թեթև տեսակների ժամանակ ժողովրդական միջոցներն ավելի արդյունավետ են, քան նորագույն բժշկական պրեպարատները, բայց կան մի քանի նրբություններ:

Չի կարելի ասել, որ այս կամ այն ժողովրդական միջոցը «հավանաբար» կարող է օգնել տվյալ մաշկին, քանի դեռ պարզ չեն այդ միջոցի կողմնակի ազդեցությունները:

Մարդկանց, ովքեր տառապում են ալերգիաներով, ընդհանրապես խորհուրդ չի տրվում դիմել տարբեր միջոցների, որովհետև հետևանքները կարող են լինել անկանխատեսելի: Իսկ որևէ այլ գանգատ չունենալու դեպքում կարելի է պատրաստել առաջարկվող միջոցները: Օրինակ, դաղձի թեյը կորյակների թշնամին է, կարելի է խմել այլ հեղուկների փոխարեն:

Առաջարկվող մի քանի բաղադրատոմսերն օգնում են ընդհանրապես մաշկին և նաև կորյակներից հնարավորինս ազատվելու միջոցներ են.

Հավաքել համեմատաբար մատղաշ եղինջ, օրինակ, մայիսին, ապա այն անցկացնել քամիչով ու ստացված զանգվածն անցկացնել թանզիֆի կտորով: Խտացված հյութը խմեք օրը 3 անգամ: Այն երկար պահպանելու համար կարելի է ավելացնել մի քիչ մեղր և դնել սառնարանում, իսկ որպեսզի ավելի հաճելի լինի խմելը, կարելի է մի քիչ կիտրոն խառնել: Եղինջի օգտակարության աստիճանը, կարելի է ասել, անհավանական շատ է: Այն օրգանիզմից դուրս է հանում բոլոր խարամներն ու թույները, որ կուտակված են աղիների տարբեր մասերում, բարձրացնում է արյան տոկոսը, լավացնում է ենթաստամոքսային գեղձի աշխատանքը և իր մեջ պարունակում է B, E խմբի A, C, K վիտամիններ:

Շատ լավ օգնում է թարմ քամած գազարի, բազուկի կամ երկու հյութերի խառնուրդը: Իհարկե, այս դեպքում կարիք չկա օրվա մեջ կես բաժակից ավելի խմել:

Երիցուկի թուրմով լվացվելը ևս շատ օգտակար է կորյակների դեպքում: Մոտավորապես 6 ճաշի գդալ երիցուկի մանրացրած ծաղիկները լցնել 0,5 լիտր եռջրի մեջ, եռացնել ևս 2-3 րոպե, հետո փակել կափարիչով ու թրմել 2 ժամ: Ստացված թուրմը սառնարանում կարելի է պահել 2 օր: Առավոտյան կարելի է լվացվել գոլ ջրով, իսկ հետո՝ երիցուկի սառը թուրմով:

Մաշկը շաբաթվա մեջ 1 անգամ կարելի է մաքրել աղաջրով թրջած բամբակով: Ավելի լավ է օգտագործել ծովի աղ, չնայած կերակրի աղը ևս կլինի:

Սովորական կորյակներին օգնում է կռատուկի արմատներից, հունական ընկույզի տերևներից ու սրոհունդից պատրաստված թուրմը, որն անվանում են բուլղարական բուժական թուրմ: Յուրաքանչյուրից հավասար քանակությամբ խառնել ու այդ խառնուրդից 1 ճաշի գդալ լցնել 1 բաժակ ջրի մեջ ու եփել: Ստացված թուրմից կարելի է օրվա մեջ 2 բաժակ խմել:

Իսկ առհասարակ լավ մաշկ ունենալու առաջին պայմանը սթրեսներից խուսափելն է: Պետք չէ շատ նյարդայնանալ, որովհետև դա բացասական ազդեցություն է ունենում մաշկի վրա:

Հատկապես շոգ եղանակին դեմքն ու ճակատն անընդհատ աշխատեք սրբել, որպեսզի դուրս եկած ավելորդ ճարպը հեռացվի, իսկ դրա հետ էլ, համապատասխանաբար, օրվա ընթացքում կուտակված բակտերիաները: Պետք է բաց չթողնել ուրախանալու առիթը:

Հումորն ու ծիծաղը դրականորեն են ազդում մարդու օրգանիզմի վրա, իսկ ալկոհոլ ավելի լավ է չօգտագործել:

Յուղոտ մաշկին օգնում է կիտրոնով ու սովորական օղիով պատրաստված քսուքը: 250 գ կիտրոնը հենց կեղևով քերել ու լցնել օղու մեջ:

Ստացված խառնուրդը պահել սառնարանում 1 շաբաթ, հետո քամել ու մաքրել դեմքն առավոտյան ու երեկոյան:

Պետք է անընդհատ հետևել, որպեսզի այս ամենի հետ վիտամինների պակաս չզգացվի: Ընդհանուր առմամբ մաշկի վիճակի վրա ազդում են 4 վիտամին` A-ն, E-ն, C-ն, B-ն: Խորհուրդ չի տրվում դեմքը լվանալ սովորական օճառով:

Օճառն, ընդհակառակը, կործանում է մաշկի պաշտպանական շերտը: Իսկ եթե օճառով լվացվելը պարտադիր է, ուրեմն պետք է օգտագործել հատուկ օճառներ:

Սուսաննա Ազատյան

Սեպտեմբեր 5, 2008

168.am