Հաջորդ ամիս հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունիի և նրա կնոջ՝ միջազգային կարգի փաստաբան Ամալ Քլունիի Բերքշիրի շքեղ առանձնատանը կկայանա աստղային հյուրերի մասնակցությամբ ընդունելություն, որին ներկա են լինելու նաև Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին, նրա կինը՝ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը, ու ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբաման:
Բրիտանական Daily Mail պարբերականը նկատում է, որ հղիության երրորդ ամսում գտնվող Մարքլը պսակադրությունից ի վեր առաջին անգամ հնարավորություն կունենա շնորհակալություն հայտնել իրեն Հարիի հետ ծանոթացնողին՝ Միշել Օբամային:
Քաջատեղյակ աղբյուրը պարբերականի հետ զրույցում հայտնել է, որ Միշել Օբաման շատ է ցանկանում Մեծ Բրիտանիա այցի ժամանակ հանդիպել Քլունիներին, քանի որ ինքն ու իր ամուսինը՝ Բարաք Օբաման, շատ մտերիմ են աստղային զույգի հետ:
Բացի դրանից, տիկին Օբաման Հարիին ու Մեգանին տեսնելու, շուտով ծնող դառնալու կապակցությամբ շնորհավորելու մեծ ցանկություն ունի:
«Նա հիասթափված է, որ չի կարողացել ներկա լինել թագավորական զույգի պսակադրության արարողությանը: Նա առանցքային դեր է ունեցել Հարիին Մեգանի հետ ծանոթացնելու հարցում ու պատասխանատվություն է զգում նրանց համար»,- ասել է աղբյուրը:
Հիշեցնենք, որ զույգն ամուսնացել է 2018 մայիսի 19-ին: Նրանց առաջնեկը լույս աշխարհ կգա 2019թ. գարնանը: