Սյունե Սևադայի ֆեյսբուքյան գրառումը. ««Ձեռքդ ետ տար ցավի վրայից» գրքի էջերը սկսել են պոկվել, ես իրենց խնամքով եմ թերթում, ինձ զրկել եմ անգամ «Գառ-ախպերիկը» շաբաթվա մեջ մի քանի անգամ կարդալու հաճույքից, բայց գրքի սոսինձը անձնազոհությունս չի գնահատում։
Ժամանակ առ ժամանակ մի պատմվածք ճռթում ու պոկվում է մոխրագույն գրքից, էն գրքից, որի շապիկի ներսի կողմը միշտ հիշեցնում է, որ հայը պատմական հայրենիքը գերադասում է իրական հայրենիքից։ Գրքից, որտեղ Հրանտ Մաթևոսյանն իր գրչեղբորը տողատակով խնդրում է վերադառնալ, գիրք, որում ծուխը մարում է, որտեղ օգոստոսը չոր է, մարդը՝ ոսկի, լույսը ծանր է, իսկ գեղեցիկ կինը կաղապար ունի։ Որտեղ կա սիրելու տարիք ու լուսնալույս, որտեղ մենք ունենք ցերեկվա խեղճ ու շաբաթվա երկրորդ կիրակի։ Շատ չհամարվի՝ մյուս պատմվածքի վերնագիրն է, ու ինձ էլ շատ չհամարվի էս գիրքն ունենալը, որը սիրում եմ ու ամեն էջի ճռթոցի հետ հրաժարվում այն հաճախ թերթելուց։ Ավագ ընկերս ինձ նվիրել է երկկողմանի «Գյադաների ժամանակը-Երկիր՝ ցպահանջը»՝ գիրքն ինձ պահ տալով մինչև 2095 թիվ։ Ես էդ ժամանակ 100 տարեկան կլինեմ, ինքը՝ հարյուր երեսունից անդին, ու երկկողմանի գիրքը թերթելուց հավատում եմ, որ գնալու եմ ու գիրքը ձեռամբ իրեն վերադարձնեմ։
Ավետիս Հարությունյան, չգիտեմ ուր ես, չգիտեմ՝ կգաս, թե՝ ոչ, բայց հուսով եմ, որ գրում ես։ Ու որ կկարդանք, այս ժամանակի ընթացքում հատկապես ուշադիր կկարդանք, դանդաղ ու հասկանալով կկարդանք։ Թե մեղավոր ես՝ պատիժը լինելու է՝ ինքդ ես սովորեցրել, թե մեղավոր չես՝ թող անտեղի մեղադրողներն ու իրենց դատավոր կարգածներն ինչ-որ մի օր ներեն իրենք իրենց։
Մեր գրականությունը Վանո ունի՝ ուզեք-չուզեք, ու դա շահում է տեքստերի համար, բայց պարտություն է գրողներիս համար, որովհետև վեր-վեր թռնել չենք կարողանում, որովհետև կամաչենք էդ տեքստերի կողքին մեզ լուրջ գրող համարել։ Որովհետև մենք փորձում ենք լավ գրել, իսկ դու լավ ես գրում։ Շնորհավոր ծնունդդ»։