Հայկ Պետրոսյանի քաղաքական ներկայացումը, նմանակումը Հայկ Մարությանին և մյուս հետաքրքիր մանրամասները. life.tert.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հայկ Պետրոսյանի քաղաքական ներկայացումը, նմանակումը Հայկ Մարությանին և մյուս հետաքրքիր մանրամասները. life.tert.am

Քաղաքական հումոր, նմանակումներ, երգ ու պար. Հայկ Պետրոսյանի էներգիան բեմում անսպառ է։ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում երեկ կայացավ Հայկ Պետրոսյանի «Ամեն ինչ լայվ ա լինելու» մոնոներկայացումը, որում տեղ են գտել Հայաստանի քաղաքական իրադարձությունները սկսած թավշյա հեղափոխությունից։

Tert.am Life-ը լուսանկարել է մոնոներկայացման ամենահետաքրքիր դրվագները և զրուցել Հայկի հետ։

Այս ներկայացման սցենարը դերասանը գրել է 5-6 օրում` հեղափոխության փուլում։ Ասում է` այդ օրերին իրադարձություններն այնքան բուռն էին, որ շատ արագ է կառուցել սցենարը։ «Ինչպես այսօր է ընդունված ասել, էյֆորիա կար։ Իրականում էլ հումորային շատ բաներ եղան։ Ներայացնան մեջ էլ եմ ասում, որ սա աշխարհի ամենաուրախ  հեղափոխությունն էր։ Ես մասնագիտությամբ քաղաքագետ եմ, աշխարհում ոչ մի հեղափոխություն չի եղել, որ այսքան ուրախ, զվարթ, խորոված անելով, փողոց փակելիս երգել-պարելով անցնի»,- ասաց Հայկը։

Դերասանի խոսքով` քաղաքական թեմաների անդրադառնալու հարցում երբեք կաշկանդված չի եղել։ Նախկին իշխանությունների օրոք էլ անում էր ներկայացումներ, որոնց  մեջ կային քաղաքական շատ շեշտադրումներ, այս անգամ խաղում է ամբողջությամբ քաղաքական ներկայացում, որովհետև օրվա թեման է այդպես թելադրում։

Առաջնախաղից հետո դերասանը որոշ փոփոխություններ է արել սցենարում։ Ասում է` սա օրվա ներկայացում է։ Առաջնախաղից հետո եղած քաղաքական նոր իրադարձությունները, քաղաքապետի ընտրությունները չէին կարող դուրս մնալ իր տեսադաշտից։ «Յուրաքանչյուր ներկայացման ժամանակ սցենարի մոտ 30 տոկոսը թարմացնում եմ, բայց հիմքը մնում է նույնը։ Հաջորդ ներկայացումները դեկտեմբերի 20-ին և 21-ին են լինելու։ Այդ ժամանակ էլ պետք է փոփոխություններ լինեն, որովհետև արտահերթ ընտրություններին չանդրադառնալ չեմ կարող»,- ասաց դերասանն ու հավելեց, որ այդ օրերին իր հետ բեմում կլինի նաև բենդը, կխաղա այս ներկայացման լավագույն կտորները, կլինեն նաև ամանորյա թեմաներ։ Ըստ նրա` սպասվում է ամանորյա արտահերթ ներկայացում, որով կամփոփի հեղափոխական թավշյա տարին։

Ամբողջությամբ՝ life.tert.am