Ռազբեժկինան կարծում է, որ վավերագրական ֆիլմեր ստեղծող հայերը պիտի զգային «օդում ճախրող» հեղափոխությունը։
Նախահեղափոխական ժամանակաշրջանին վերաբերող կադրերի պակասը վկայում է, որ Հայաստանում վավերագրական ֆիլմ նկարողները չեն կարողացել զգալ հեղափոխության շունչը։ Ռուս սցենարիստ և ռեժիսոր Մարինա Ռազբեժկինան այս մասին ասաց Sputnik Արմենիային:
Հայաստանում գտնվելու օրերին Ռազբեժկինան պարզել է, որ այն ամենը, ինչ նկարահանվել է հեղափոխության մասին, տեղի է ունեցել բոլորի աչքի առաջ, և նախահեղափոխական ժամանակաշրջանին վերաբերող տեսանյութեր չկան։ Նրա համոզմամբ, վավերագրական ֆիլմ ստեղծողները, եթե այդպիսիք կան, հեղափոխությունից մի քանի շաբաթ առաջ պետք է զգային` ինչ է կատարվում, գտնեին էպիկենտրոնը և առնվազն 100 ժամանոց տեսանյութ նկարեին մինչ մարդկանց փողոց դուրս գալը։
«Հեղափոխությունը հենց այնպես չի առաջացել, հասկանալի է, որ նախապատրաստվել է։ Գուցե այդ նախապատրաստական փուլն ավելի հետաքրքիր էր, քան այն, ինչ տեղի ունեցավ հետո։ Հետաքրքիր է իմանալ, թե ինչ է կատարվել մարդկանց, իշխանական կառույցների հետ, որոնք լուռ համաձայնություն տվեցին հեղափոխությանը։ Ի՞նչ էր տեղի ունենում զինվորականների և հին իշխանության հետ, նոր իշխանության հավակնորդների…»- նշեց նա։
Ռազբեժկինան կարծում է, որ վավերագրական ֆիլմ նկարողները մշտապես պետք է մտածեն այն մասին, թե ինչ է տեղի ունենում և ինչ է սավառնում օդում։
«Իսկ օդում, պարզվում է, հեղափոխություն էր հասունանում։ Այդ ամենը ծաղկող ծառի է նման, և մենք` առավել զգայուն մարդիկ, հասկանում ենք` հենց որ սկսի հյութը ծորալ, ոմանց մոտ ալերգիա կառաջանա, ոմանք էլ իրենց լավ կզգան», – ընդգծեց նա։
Ռազբեժկինան նշեց, որ վավերագրական ֆիլմ ստեղծողի կյանքը բարդ է. հսկայական էներգիա և ուժ է պետք, ու եթե մարդը պատրաստ չէ ինքնուրույն առաջ շարժվելու, ուրեմն այդ մասնագիտությունը նրա համար չէ։
«Եթե բավականացնի ուժն ու այն գիտակցումը, որ ուզում ես միայն վավերագրական ֆիլմերի ռեժիսոր դառնալ, ապա Արարատը քո առաջ կճեղքվի, և դու ամեն ինչ շուռ կտաս քո ճանապարհին»,- ընդգծեց ռեժիսորը։
Հիշեցնենք, որ թավշյա հեղափոխությունը Հայաստանում տեղի ունեցավ ապրիլին։ Վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, և խորհրդարանը նոր վարչապետ ընտրեց Նիկոլ Փաշինյանին։