77 տարեկան հասակում մահացել է իտալացի ռեժիսոր և դրամատուրգ Բեռնարդո Բերտոլուչին: Այդ մասին նոյեմբերի 26-ի առավոտյան հայտնել են Corriere della Sera և Repubblica առաջատար տեղական թերթերը:
Բերտոլուչին «Կոնֆորմիստ», (1970 թ.), «Վերջին տանգոն Փարիզում» (1972 թ.), «Քսաներորդ դար» (1976 թ.), «Վերջին կայսրը» (1987 թ.), «Փոքրիկ Բուդդան» (1993 թ.), «Անհետացող գեղեցկություն» (1996 թ.) և «Երազողները» (2003 թ.) ֆիլմերի հեղինակն է:
Ռեժիսորի ստեղծագործությունը նշվել է հեղինակավոր կինեմատոգրաֆիական պարգևներով: Նա «Օսկար» (1987 թ.), «Ոսկե գլոբուս» (1988 թ.), BAFTA (1989 թ.), Բեռլինի միջազգային կինոփառատոնի (1970 թ.), Վենետիկի կինոփառատոնի (1997, 2007 թթ.) մրցանակների դափնեկիր Է: 2011 թվականին Բերտոլուչին ստացել է Կաննի կինոփառատոնի պատվավոր մրցանակը, 2013 թվականին աստղի է արժանացել Հոլիվուդի Փառքի ծառուղում: 2014 թվականին Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրների Հռոմում կայացած 14-րդ գագաթնաժողովում Բեռնարդո Բերտոլուչին Խաղաղության մրցանակի է արժանացել մարդու իրավունքների բնագավառում իր ներդրած ավանդի համար: