«Կա՛ց, ես դեռ չեմ հասկացել… Ես դեռ կհասկանամ, այ, կտեսնես…». Անդրեյ Բիտով. thearmenians.am
Advertisement 1000 x 90

«Կա՛ց, ես դեռ չեմ հասկացել… Ես դեռ կհասկանամ, այ, կտեսնես…». Անդրեյ Բիտով. thearmenians.am

Մահացել է Անդրեյ Բիտովը: Հրաժեշտ ենք տալիս Անդրեյ Բիտովին:

Անդրեյ Բիտով, ուղղակի Անդրեյ Բիտով: Ոչ թե ռուս գրող, ոչ թե ռուսական պոստմոդեռնիստական գրականության հիմնադիրներից, այլ ուղղակի Անդրեյ Բիտով:

«Հայաստանի դասերը» մեզ ավանդած Անդրեյ Բիտով: Հրանտ Մաթևոսյանով Հայաստանն իրենով արած Անդրեյ Բիտով: Հրանտ Մաթևոսյանին ու Հայաստանն աշխարհով արած Անդրեյ Բիտով:

Վանո Սիրադեղյանն արձանագրել է. «Հայ ընթերցողը Հրանտ Մաթևոսյան կարդալ չի սիրում։ «Բարձր» ընթերցողը կարդալ սկսեց ռուս-սովետական գրական շրջանակներում Մաթևոսյանի ընդունված լինելու պարտադրանքով, «ցածր» ընթերցողը Հրանտին գիտի «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի մակարդակով։ Այս էլ պարտադրեց Հենրիկ Մալյանը…»։

Հրանտ Մաթևոսյանին «Բարձր» ընթերցողին «պարտադրողներից» նաև Անդրեյ Բիտովն էր:

«Նրա մեծ նախնին`մեր բոլորիս մեծ նախնին, նշել էր նրա և մեր բոլորիս ընթացքի ուղին` որ իմպերիայի, բռնության, մետաղական կամքի պղնձե քառատրոփի առաջ բոլոր խեղճուկրակներիս փախուստի ուղին էր, և նա իհարկե գալու էր այստեղ,- ով ենք մենք, ինչ ենք անում, անցյալի և ներկայի կուռ մամլիչի տակ մենք ինչքան ենք մենք մնում, ինչքան ենք աղարտվում ու աղավաղվում և կամ մնում անբասիր:

Եվ իհարկե նրա ճանապրհին ընկերուհիների հետ կանգնած էր լինելու Հայոց մեր բանաստեղծուհին և իհարկե` երևանյան տաք իրիկվա մեջ,- այս ով է եկել, ինչ իրավունքով է մեր ցավը իր ցավը համարում, այլև մեր վերքից սեփական մարմնի համ առնում:

Մեր բանաստեղծուհին.- Իսկ ես ահա չեմ հավատում, որ 1915-ը Ձեր բերանում իսկապես Ձեր սեփական մարմնի համն է տալիս:

Անդրեյը.- Ինչքան որ հնարավոր է:

Ես` երեսուն տարի հետո.- Կարողության հարց է: Ես ուրախ եմ, որ իմ գրչեղբայրը, իմ սերնդակիցը, իմ ընկերը այն անխոնջ ուղևորը եղավ, ում ոչ ուղին, ոչ էլ գյուտը պատահաբար չէին գտնված,- դրանք` Մարդը եւ Հայաստանը` համառորեն փնտրված էին»: Հրանտ Մաթևոսյանն է՝ իր ընկեր Անդրեյ Բիտովի մասին:

Եվ այս ամենը հասկանալու համար, Անդրեյ Բիտովին հասկանալու համար, մեզ հասկանալու համար, Հրանտին հասկանալու համար ընթերցենք հատվածներ Անդրեյ Բիտով մեծ, լուսավոր, խորը մարդու «Հովվերգություն, XX դար» սքանչելի, սքանչելի գործից:

Ուղղակի ընթերցենք՝ ի հիշատակ և ի խոնարհումն…

«Այնպես պատահեց, որ ես սկզբում ծանոթացա Հրանտ Մաթևոսյան մարդու և զգալիորեն ավելի ուշ՝ նրա գրքերի հետ։

Ինձ համար էական է առանձին պատմել այդ տպավորությունների մասին և ես կջանամ բացատրել՝ ինչու։

Մենք մայրաքաղաք էինք ժամանել երկրի տարբեր ծայրերից և կողք կողքի ապրում էինք Ռուսթավելու փողոցի մոգական Կանաչ տանը։ Հարազատ միջավայրից կտրվելը վատ էր անդրադառնում մեզ վրա։ Մի քիչ նվաճողներ, մի քիչ գավառացիներ, մենք որոշ ժամանակ անց հայտնաբերեցինք, որ չենք կարողանում մերվել մայրաքաղաքին։

Հետզհետե կորցնելով մեր իսկական դեմքերը, փոքր-ինչ ցնորված, մենք մի գլուխ խոսում էինք մեր ինքնությունը պահպանելու անհրաժեշտության մասին, իսկ ինքներս է՛լ ավելի էինք տարալուծվում խորթ ապրելակերպի մեջ։ Եվ, հուսալքվելով, ընդունում էինք, որ ապրել հնարավոր է միմիայն տանը։

thearmenians.am