Ռեժիսոր, սցենարիստ Էդգար Բաղդասարյանի նոր աշխատանքը՝ «Էրկեն կիշեր» վերտառությամբ գեղարվեստական կինոնկարը, ներկայացնում է երեք տարբեր պատմություն այսօրվա, 1915 և 1003 թվականների մասին: Տարբեր ժամանակաշրջաններում ապրող հերոսների դրամատիկ կյանքը կապված է գայլի և գնդաձև քարի հետ: Ճակատագիրը հետապնդում է այդ խորհրդանիշների տերերին: Ժապավենը կինոթատրոններում կցուցադրվի դեկտեմբերի 8-ից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` դեկտեմբերի 5-ին լրագրողները հնարավորություն ունեցան դիտել ֆիլմը և զրուցել ստեղծագործական կազմի հետ:
«Կարծում եմ, որ ֆիլմում ընդգրկված դերասանները բարձր մակարդակով են հանդես եկել: Այս կինոնկարն իրականում «Road movie» է: Ֆիլմում շարժը շատ է: Ամենաանիմաստ շարժը, ավաղ, մեր օրերում է. կոնֆորմիզմ և բացասական երևույթներ, որոնք մեր ժամանակներում են տեղի ունենում և հենց մեզ հետ»,- նշեց Էդգար Բաղդասարյանը և հավելեց, որ փախուստն էլ է վատ, ու միակ արդարացված շարժը Նարեկացու դարաշրջանում ապրող կերպարներից մեկինը՝ Հովսեփինն էր՝ մտածված հանուն որդու փրկության:
Ռեժիսորը խոստովանեց, որ շատ է ցանկանում մի լայնածավալ աշխատանք ստեղծել, որը կպատմի Գրիգոր Նարեկացու մասին:
Դերասանուհի Լուիզա Ներսիսյանն ասաց, որ մեծ ոգևորությամբ են համագործակցել ռեժիսորի հետ: «Դերասաններն այսօր շատ քիչ ժամանակ ունեն իրենց մարմնավորած կերպարի շուրջ խորհելու, մտածելու համար: Բաղդասարյանի հետ աշխատելով՝ կարողանում ես խորքային հասկանալ մարդուն, նրա էությունը, այն, ինչ պետք է նրան՝ կերպարին»,- ընդգծեց Ներսիսյանը:
1915 թվականը նկարագրող ֆիլմում Հաճի աղայի կերպարը կերտած դերասան Սամվել Գրիգորյանի խոսքով՝ ինքը շատ հուզված դիտեց կինոժապավենը: «Ամենաշատը հավանել եմ 2018 թվականի մասին պատմող ֆիլմը: Կար տեմպ, ռիթմ, ասելիք, առկա էր օրվա շունչը: Շատ եմ կարևորում այն ջերմ մթնոլորտը, որում մենք աշխատել ենք: Ասես՝ մի ընտանիք լինեինք, որը ցանկանում էր արժեք ստեղծել»,- շեշտեց նա:
Երիտասարդ դերասանուհի Արմինե Հակոբյանի համար «Էրկեն կիշեր»-ը առաջին լայնածավալ աշխատանքն է, որում ընդգրկվել է: «Չափազանց կարևոր է, երբ ռեժիսորը վստահում է քեզ, հարգում քո անհատականությունը, կարողանում է բացահայտել դերասանի և հերոսի ներաշխարհը: Էդգար Բաղդասարյանն այդպիսին է»,- ընդգծեց դերասանուհին:
Նա փաստեց, որ նկարահանող խումբը դերասաններին դրսևորվելու և ստեղծագործելու համար հրաշալի մթնոլորտ էր ստեղծել, ուստի, բաժանվելիս բոլորը հուզվել են: «Վերջին օրը ֆիլմում աշխատող տղաներից մեկի աչքերից արցունքներ էին հոսում: Անմոռանալի տեսարան էր: Ֆիլմի կայացման գործում կարևոր է յուրաքանչյուրի կատարած աշխատանքը, և ես շատ շնորհակալ եմ ամբողջ թիմին»,- եզրափակեց Արմինե Հակոբյանը:
«Էրկեն կիշեր» կինոնկարի նկարահանման աշխատանքները տևել են երեք տարի: Ֆիլմում զբաղված են դերասաններ Լուիզա Ներսիսյանը, Բաբկեն Չոբանյանը, Մարիա Սեյրանյանը, Շանթ Հովհաննիսյանը, Նարինե Գրիգորյանը, Սամվել Գրիգորյանը, Արմինե Հակոբյանը և այլք: