Քաղաքական վերջին իրադարձություններից մինչև հայկական կենցաղին բնորոշ դրվագներ՝ համեմված հումորով. Ռաֆայել Երանոսյանի առաջին մոնոներկայացումը ոչ միայն այս մասին էր, այլև պատմում էր, թե մի օր ինչպես որոշեց հայրենի գյուղից տեղափոխվել Երևան, ինչ ճանապարհ անցավ ու ինչու մինչև հիմա չի ամուսնանում: «tRaffik» խորագրով ներկայացումը դերասանը երեկ խաղաց ամենախիստ հանդիսատեսի՝գործընկերների համար:
Tert.am Life-ը ներկա է եղել երեկոյին ու ֆիքսել ներկայացման հետաքրքիր դրվագները, հայտնի հյուրերին և զրուցել դերասանի հետ:
Իրեն հատուկ անմիջականությամբ Ռաֆոն բեմում տարբեր թեմաներից «խցանում» առաջացրեց, ինչպես ներկայացման խորագիրն է, ու հանդիսատեսին ստիպեց լիաթոք ծիծաղել՝ շոշափելով հայերիս բնորոշ շատ երևույթներ: Նա նաև երգեց, պարեց ու նմանակումներ արեց:
Ներկայացման սցենարի հեղինակն Արմեն Վարդանյանն է։ Երեկոյի ավարտին դերասանը շնորհակալություն հայտնեց բոլոր աջակիցներին: Հատուկ շնորհակալությունն ուղղված էր դահլիճում ներկա հորն ու հորաքրոջը, որը Ռաֆոյի բնորոշմամբ, որպես մայր է իր համար: Ներկայացումը դերասանը նվիրեց մոր հիշատակին:
Արդեն հետնաբեմում գործընկերները շտապում էին շնորհավորել դերասանին։ Նա անկեղծացավ, որ չնայած խաղում էր ընկերների համար, հուզմունքը նույնչափ մեծ էր, ինչպես առաջին օրը։
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել հանդիսատեսին: Իմ կյանքում մի գրավական կա՝ հանդիսատեսը: Շատ ուրախ եմ, որ ունեմ ինձ սիրող հանդիսատես: Առաջին օրը, երբ բեմ բարձրացա, իրոք շատ հուզված էի։ Առաջին անգամ բեմում պատասխանատվությունն ավելի շատ է, բայց հանդիսատեսն ինձ այնպես ողջունեց, որ լիցքավորվեցի ու ամբողջ էներգիաս փորձեցի հանձնել իրենց:
Մինչև բեմ բարձրանալը վախենում էի, հուզված էի, լարված, քանի որ խաղում էի ընկերներիս համար: Նրանց շարքում կան գեղարվեստական ղեկավարներ, ճանաչված դերասաններ ու պատասխանատվությունն այդ առումով շատ մեծ էր»,-ասաց նա:
Ամբողջությամբ՝ life.tert.am