Լալա Մանուկյան. «Ռապսոդիա կարոտի մասին»
Advertisement 1000 x 90

Լալա Մանուկյան. «Ռապսոդիա կարոտի մասին»

Կնոջ թաղման արարողություններից հետո, ծեր ամուսինը սիրտը թեթևացած մտածում էր, թե մեռավ, մեռոնվեց, խեղճը շատ էր տանջվում հիվանդությունից ու պարկելախոցերից։

Չնայած եղել է, հալիվորը վերջին ամիսներին հագուստն անգամ օրերով չի հանել հագից, անկողին չի մտել, խնամել է կնոջը, բայց դա արել էր սիրով ու պատասխանատվության մեծ զգացումով։

Հիմա պատկերացնել անգամ չէր ուզում, թե ոնց է ապրելու հետագայում, ինչով է լցնելու էս դատարկությունը, որ առաջացել է կնոջ կյանքից հեռանալուց հոտո։

Հոգեհացը լուռ անցավ,գովեցին հանգուցյալին, իրեն առողջություն մաղթեցին, ու երբ հյուրերը ցրվեցին, մնացին մենակ ինքն ու Ռուսաստանից եկած որդին։

Ծանր գիշեր անց կացրեց, ապրումներով լի… Առավոտյան աչքը կպել էր, տղայի ձայնից արթնացավ, ով հեռախոսով անվերջ ինչ որ աշխատանքային հարցեր էր լուծում։

Ծեր հայրը անշշուկ գնաց երկու բաժակ սուրճ դրեց, ջեռոցի կողքից ինչպես միշտ չհեռացավ, ու ինչպես միշտ մտքերի ետևից ընկավ՝ մինչև սուրճը չթափվեց, չջոկեց,որ եփվել է։ Վերցրեց փոքրիկ սկուտեղը, վրան խնամքով դրեց սուրճով լեցուն , դեռ անցած դարից իր հետ ապրած սրճեփը, երկու դատարկ բաժակ ու մեխանիկորեն ուղևորվեց դեպի ննջարան, որտեղ միշտ կինն է պառկած եղել։

Ծերունուն սթափեցրեց որդու ձայնը՝

– Ասեիր, ես կեփեի, այ հեր։ Բարի լույս

Սա առաջին սուրճն էր, որ առանց կնոջ պիտի խմեր։

Նստեց որդու կողքը ու լռեց։

Շատ բան ուներ ասելու որդուն, դրանից էր իր լռությունը։

Որդին մեկ գործնական զանգերի էր պատասխանում, մեկ ինքն էր զանգում,հրահանգներ տալիս, լրիվ այլ իրականության մեջ էր, կարծես միայն մարմինն էին բելել, տեղափոխել ծնողների տուն։

Հայրը լուռ խմեց սուրճը, ահագին ժամանակ հետևեց տղայի գործողություններին, ով համակարգիչից ու հեռախոսից չէր պոկվում, հետո ցածր ձայնով, բայց շատ վճռականորեն ասաց՝

– Մի հատ ցած գցիր էդ անտերներըը ձեռքիցդ։

– Հա, հեր ջան, համ աշխատում եմ, համ լսում քեզ։

– Դիր ցած, նստիր կողքս, կարոտս առնեմ։ Գիտեմ, գնալու ես ու էլ երբեք չեմ տեսնելու քեզ։ Մեկ էլ իմ թաղմանը կամ կգաս, կամ չէ։

– Դե լավ, է, այ հեր, էդպես մի ասա։

Հայրը ուշադրություն չդարձրեց որդու հերթապահ, չապրած խոսքերին, շարունակեց ասելիքը։

– Խեղճ մայրդ աչքը ճամփին գնաց։ Կարոտը խեղդում էր։ Ասում եմ, մեկ ա եկար, չէ՞, այ որդի։ Ւնչ կլիներ էնպես գաիր, որ դեռ սաղ լիներ։ Անաստված բան ստացվեց՝ աչքը դռան վրա հառած մահացավ։ Քանի անգամ մահը եկել ա, ինքը կարծես դիմադրել ա, չի մեռել, կարծես Գաբրիել հրեշտակին կարողանում էր համոզել, որ մի քիչ էլ սպասի, աչքս ճամփին ա։ Չես հավատա, բայց կարոտն էր իրեն կենդանի պահում, քեզ տեսնելու փափագն էր, թե չէ վաղուց մեռած կլիներ։ Հատուկ եմ ասում էս ամենը, որովհետև քեզ հետ կապ ունի եղածը, պարտավոր ես իմանալ։ Մնացածը՝ ոնց գիտես։

Հետո լռեցին երկուսն էլ, լուռ սուրճ էին խմում։

Հետո հայրը անհամարձակ շարունակեց.

– Ասում եմ, էս կարոտը տարօրինակ զգացում ա։ Մենք կարոտից մեռնում էինք, չգիտեինք ոնց ազատվենք էդ զգացումւց, որ քեզ հանգիստ թողնեինք, քո գործով լինեիր։ Համ ուզում եմ նախատեմ, համ էլ էնքան ենք հեռացել իրարից, օտարացել ենք, որ անիմաստ ա նստես, օտարծ հարազատիդ կյանքի ա-ն ու բ-ն բացատրես։ Սխալ ա մի տեսակ…Իրավունք էլ չունեմ վաղուց…

– Էդ երբվա՞նից չունես իրավունք, հերա ջան,- փորձեց կատակի տալ տղան։

– Էն ժամանակվանից, երբ մարդը դադարում է կարոտել որևէ մեկին, չի շտապում ժամ առաջ տեսնել, գրկել, հենց էդ ժամանակվանից էլ օտարանում է։

– Էս ինչեր ես ասում, այ հեր, ինչ օտար։ Նեղացնում ես։

– Ավելի լավ ա նեղանաս, բայց որոշ բաներ էդ ռուսացած գլուխդ մտնի, քան առանց նեղանալ գնաս ու շարունակես անտարբեր ապրել, ոնց միշտ ապրել ես։

Նորից երկար լռեցին։ Մեկ էլ հայրը շարունակեց։

– Գիտե՞ս, որ, քո ուղարկած փողից մի կոպեկ անգամ չենք ծախսե՞լ։ Հրեն ծալքի տակ դրած ա։

Տղեն անսպասելիությունից պապանձվեց, որովհետև գումար էր ամեն ամիս ուղարկել ու խիղճը հանգիստ ապրել էր, մտածելով, որ ծնողների համար ինչ պետք ա, անում ա՝ ապահով ապրում են։

Ծեր հայրը դողդոջյուն ոտքերով գնաց, ամբողջ գումարը բերեց, որը տարիներով ստացել ու մի կողմ էին դրել, դրեց սեղանին։

Ասաց՝ չենք օգտագործել, որդի՛։

Ասաց՝ քեզնից նեղացել, բայց բառ անգամ քեզ չենք ասել, դրել քո ուղարկած գումարից ենք խռովել։ Չգիտեինք, թե ոնց ասեինք՝ մեզ այլևս գումար մի ուղարկիր, դա էլ թարգի, չենք կարողանում ձեռք տալ էդ գումարին։ Չէինք ասում, որպեսզի նոր հոգս չդառնայինք քո գլխին , կյանքդ մեզանով չբարդանար։

Տղան իր էն սովոր աշխարհից միանգամից կտրվեց, սթափվեց։

Այսինքն՝ ի՞նչ։

Ստացվում է, որ գումարը ծնողները չեն օգտագործել, ապրել են ոնց անզավակ, անօգնական մեկը…

Իսկ ինքը իր բացակայությունը հենց էդ գումար ուղարկելով էր լրացնում։ Էդ գումարն էր ծնողներին տարիներով չայցելելու միակ արդարացումը։

Տղան կմկմաց, թե էս ի՞նչ եք արել դուք….Ախր ես հանգիստ էի, որ ոչ մի բանի կարիք չունեք…

Հերն էլ, թե՝

– Դու ո՞նց ես մտածու՞մ, էս թուղթը կարոտ կարա՞ փարատի՞։ Դու ո՞նց ես կարծում, ծնողին մահվան շեմին ի՞նչ ա պետք էս փուչ աշխարհում, ամենից, շա՞տ, գոնե մոտավոր պատկերացնում ե՞ս։ Էս թղթից ո՞նց կարոտն առներ մերդ, կասե՞ս։

Տղան պապանձվել էր։ Ուզում էր հարցնել, թե բա ո՞նց եք ապրել, հայրը իրենից առաջ ընկավ, աչքերը փախցնելով, գետնին իջեցրած ասաց՝ առանց սրա կարում էինք ապրել, այ առանց քե’զ չէր հնարավոր։ Առանց քեզ մենք չենք ապրել, պայքարել ենք միայն էդ անտեր կարոտի դեմ։

Նորից երկար, ճնշող լռություն տիրեց։

Տղան սեղանից կարկամած վերցրեց սիգարետները, կյանքում առաջին անգամ հեռախոսը նյարդերի վրա ազդեց, չվերցրեց հետը, թողեց սեղանին, կմկմաց, թե հիմա կգամ, ու դուրս եկավ։ Դուրս եկավ, որ մենակ լինի, լսածը ու տեսածը մարսի։ Բայց անկախ իրենից տաքսի կանգնեցրեց ուղևորվեց դեպի մոր գերեզմանը, որտեղ օր առաջ էր եղել բոլորի հետ, որտեղ որդիաբար ու հպարտությամբ հողին էր հանձնել իր մորը, ու բոլորի հետ վերադարձել էր տուն, խիղճը հանգիստ, պարտքը կատարած…

Հիմա ահավոր անհանգստություն էր զգում։ Կիսատության զգացում կար մեջը։

Ինչ որ կիսատ բան կար, որ երբեք, ոչինչով չէր կարողանալու լրացնել այսուհետ։

Ու էդ կիսատությունն էլ տարավ որդուն, հասցրեց գերեզմանի մոտ։

Երկար նստեց թարմ շիրիմի մոտ, անկեղծորեն ցանկացավ հավատալ, որ հոգի ասվածը գոյություն ունի, բառ չգտավ ասելու, միայն ժամանակ առ ժամանակ ձեռքը քսում էր հողին ու ցածրաձայն ասում՝

– Մերա ջան…

Դա մորը դիմելու ձևն էր, որ մնացել էր մանկությունից ։

Ու ինչպես երբեք, ինչքան ուժ ուներ սրտում, ցանկանում էր հավատալ, որ հոգին գոյություն ունի , ինքը հանկարծ պարզել էր, որ շատ կարևոր ասելիք ունի, շատ չասված խոսքեր կար, որ ցանկանում էր փոխանցել հոգու միջոցով։

Նաև ֆիզիկապես հպվելու, գրկելու, ծանոթ հոտը վերաշնչելու խիստ կարիքը ուներ, որը քանի գնում անտանելի ու ցավոտ էր դառնում։ Մանավանդ, երբ գիտակցում էր, որ անհասանելի այս երազանքը, հաշված օրեր առաջ հեշտությամբ կարող էր իրագործել։

Ու հասկանում էր, որ էս պահից կարոտը բույն է դրել հոգու մեջ, ու այսուհետ բարդ է լինելու, շաաատ բարդ է լինելու ապրելը, առանց էս ծով կարոտը փարատելու։

#էսսե#պատմվածք

Հեղինակ՝ Լալա Մանուկյան

Հ.Գ.Անցած տարի ընկերներիցս չորսը պատմվածքը կարդալուց հետո որոշեցին ամռան մի քանի օրը անց կացնել Հայրենի տանը` իրենց հարազատների հետ։ Ու ասացին, որ փառահեղ օրեր են ունեցել)) Թեկուզ մեկն էլ կարդալուց հետո վեր կենա , թռնի ծնողների մոտ, ուրեմն պատմվածքս իզուր չեմ գրել։