Օգտատեր Լալա Մանուկյանի գրառումը. «Նորից քաղցկեղի մասին:
Երբ քաղցկեղը մտնում է տունդ, սկզբից շոկ եք ապրում բոլորդ։
Հետո սկսում ես ելք փնտրել։
Էստեղ հիվանդն խնամողի դերը մեծ է, քանզի մեծ է պատասխանատվությունը ու նույնքան էլ մեծ է սխալ ճանապարհ ու սխալ բուժում ընտրելու վտանգը։
Իմ կողքը այս երկար տարիների ընթացքում շատ հրաշալի, ծանոթ ու անծանոթ մարդիկ հայտնվեցին։
Ու շատերն էլ անհայտացան, ի զարմանս ինձ։
Շատ մոտ մարդկանց, հարազատների անհայտանալու պատճառը , ըստ իս երկուսն էին՝
1. առաջվա նման օգնել չէինք կարող, անհետաքրքիր դարձավ շփումը։
2. շատերի համար քաղցկեղ բառը լսելը էնպիսի մի ծանր դիագնոզ է, դատավճիռի նման մի բան, որ ակամայից խուսափում էին շփվել։
Այ էս երկրորդ կետի մասին եմ ուզում խոսել էսօր։
Իմանալով,որ ընտանիքում քաղցկեղով հիվանդ մարդ կա, մարդիկ խուսափում էին կոնտակտ ունենալ, հանդիպելիս տխուր դեմք էին ընդունում, թաց աչքերով , լալագին հարցնում, թե ո՞րտեղից էդ անտերը եկավ կպավ ձեզ։ Ու լսելով,որ դե հիմա, մեր փայ խաչն է, պիտի տակից դուրս գանք, կյանքը շարունակվում է, և այլն, տեսնելով ոչ թաց , այլ ժպտուն աչքեր, հեռվից հետևելով մեր առօրիային, որի մեջ գրեթե ոչինչ չէր փոխվել, տարակուսում էին։
Այո, մեր առօրյայում շատ քիչ բան էր փոխվել։ Դա այն էր, որ բուժումները պիտի շարունակեինք, հիվանդանոցներից տուն էինք հյուր գալիս, էնքան որ երկար էինք ապրում տանից դուրս։
Հայտնվում ես աստղաբախշական չափերի հասնող ֆինանսական բեռի տակ ու նույն չափերի հասնող հոգեկան ցնցումների մեջ։
Բայց ոչ ես, ոչ էլ ամուսինս, չենք կոտրվել, չենք փակվել մեր դարդերի մեջ։ Հարսանիք էլ ենք գնացել, երեխայի հանդեսներին էլ ենք մասնակցել, պարել-երգել ենք, անեկդոտներ պատմել, կոմեդիաներ ավելի շատ սկսեցինք նայել, քան առաջ։Հյուր ենք գնացել, հյուրեր ըմդունել՝ չենք պարփակվել ու երբեք չենք համարել, որ դա վերջն է մեզ այցելել։
Այսինքն, եթե մի բան փոխվել էր «մենյուի մեջ» , դա պոզիտիվն էր գիտակցորեն ավելացել։
Ու ստացվեց էնպես, որ կողքից սպասում էին դարդոտ, սև ու շուքի մեջ մտած մարդկանց, փոխարենը տեսնում էին, պայծառ, կյանքով լեցուն մի ընտանիք։
Մի անգամ մեր մոտիկներից մեկը , երբ հյուր էր եկել մեզ մխիթարելու, տեսնելով մեր սովորական կյանքը՝ ամուսինս դաս էր սովորեցնում երեխային, ես իմ գործերով, իրենց հետ ուրախ, զվարթ սեղան պատրաստեցինք, խոհանոցում հյուրս հարցրեց՝
– Ինքը գիտի՞, որ հիվանդ ա։
Ասում եմ, այո, ես ոչինչ չեմ թաքցնում։
Շատ տարակուսեց, ասաց՝ «մալադեց» տղուն։
Ու իրոք, մալադեց, որովհետև 10 տարուց ավել քաղցկեղի դեմ պայքարում ենք ու դեղերից առավել օգնել ա չկոտրվելը, չընկճվելը, դրական լիցքերը։
Մեզ մխիթարելու համար այցի եկած շատերը, ցավոք, մահացել են վաղուց։
Այսինքն, երբեք չգիտես, թե քարտերը ո՞նց կդասավորվեն, ինչ է սպասվում յուրաքանչյուրիս հենց այսօր, կտեսնե՞նք արդյոք վաղը լուսաբացը թե ոչ, բայց մեր պարտքն ենք համարում ցավակցել մարդկանց, ովքեր շարունակում են ապրել իրենց փայ բարդ կյանքը։
Էս պահի մասին էի ցանկանում գրել, որ հասարակությունը հաճախ քո փոխարեն որոշում է, որ դու այսուհետ պիտի ընկճված տեսք ունենաս, չմասնակցես միջոցառումներին, վարսավիրանոց չգնաս, անեկդոտ չպատմես,լիաթոք չծիծաղես և այլն։ Ու տարակուսում է հասարակությունը, երբ իր սպասելիքները չեն արդարանում։
Երբեմն չարախոսում են, թե սրանց հեչ վեջը չի )))
Բայց ինչի՞ պիտի տխրեմ, եթե ես իմ առջև դրված խնդիրը մարդավարի կարողանում եմ լուծել, ու ավելի շատ ուրախանալու առիթ ունեմ, քան տխրելու՝ վերջին ստադիայում գտնվող քաղցկեղի դեմ պայքարում օր օրի վրա դրական արդյունքներ ենք գրանցել։
Այ, ինչից որ ռեալ ընկճվում ենք, դա այն է, որ շատերը չեն գիտակցում, որ քաղցկեղի դեմ մի հոգով պայքարել չի լինում, դա մի մարդու գլուխ հանելու բան չի։
Որ ցանկացած հիվանդի համար հարազատներից յուրաքանչյուրը իր փայ պայքարն ունի։ Ես դա վստահ եմ ասում։
Այսինքն, կինը իր փայն ունի, քույրը կամ եղբայրը իր, զավակները ու զարմիկները իրենց …
Ու երբ հիվանդի հարազատներից ու շրջապատողներից ոմանք գործող անձից, ինչու չէ, գլխավոր դերակատարից վեր են ածվում պասիվ հանդիսատեսի, իրենց փայ բեռը թողնելով մեկի ուսերին, այ էստեղ կարող է մի մարդու ռեսուրսները չհերիքի, իրեն կորցնի բեռի ծանրությունից ու քաղցկեղը մի քայլ առաջ կգա։ Գուցե հենց պասիվ մեկի պատճառով կգա առաջ… Ես հակված եմ էդպես մտածել։
Ինչ է ասելիքս, եթե մեկին իրոք սիրում եք, մի լացեք իր վրա դեռ կյանքի օրոք, այլ փորձեք երկարացնել ձեր հարազատի կյանքը պոզիտիվով, դրական լիցքերով, անեկդոտներով, ջերմ հարաբերություններով ու ոչ միայն։
Նաև կոնկրետ, շատ կոնկրետ քայլերով։ Ու ինչքան կոնկրետ են քայլերդ, էնքան տեսանելի է դրա տակ թաքնված սերդ։
Ու մի թողեք ողջ ֆինանսական բեռը մի հոգու վրա, որովհետև ֆինանսական բեռն էլ, պիտի նամուսով բաժանվի նրանց միջև, ովքեր շահագրգրված են մարդու ապրելով։
Ուզում ես, որ ապրի մարդը, ով թանկ է քեզ համար, մինչև քո կյանքի վերջը ԳՈՐԾՈՎ ցույց տուր, որ ուզում ես։
Այսինքն, եթե մի ընտանիք եք միշտ համարվել, եթե մարդը թանկ է քեզ համար, ու ցանկանում ես, որ երկար ապրի, դրա համար շատ կոնկրետ քայլեր պիտի անես։
Շատ, շատ կոնկրետ քայլեր։
Վերանայիր քո դերակատարությունը նրա կյանքում, ում ապրել -չապրելը քեզ համար միևնույն չի, վերածվիր պասսիվ հանդիսատեսից, գլխավոր դերակատարի, ու նամուսով կատարիր քո դերը, դրանով հաստատ կերկարացնես մարդու կյանքը։
Այսինքն, կրիր ՔՈ ՓԱՅ ԲԵՌԸ, հենց էդ քեզ վրա վերցրած բեռի չափից էլ կերևա, թե մարդը ինչքա՞ն է թանկ քեզ համար։
Տոներն են մոտենում, ու ես անձամբ կցանկանայի, որ հեռուներում, բառիս բուն իմաստով՝ մենակության մեջ ու չորս պատերի ներսում, քաղցկեղի դեմ կռիվ տվող ամուսնուս սեղանին, իրեն սիրող հարազատներց, ամեն մեկի կողմից մի մասունք հայտնվեր, լինի դա կոնֆետի տեսքով, լինի դա կոնյակի տեսքով, թե չեչիլ պանիրի։
Նաև էսպիսի մանրունքներն են են կյանքը երկարացնելու բանաձևը։
Սեր՝ ինչի տեսքով ուզում է լինի, անգամ հաճախակի զանգերի տեսքով, մի բացիկի տեսքով։
Ու ամենակարևորը, որ ամեն մեկը իր փայ բեռը չգցի ուրիշի ուսերին, նամուսով տեր լինի իր անելիքին։
Էսպիսի բաները ասելով չեն շտկվում, մարդը ինքը պիտի աշխատի իր գիտակցության վրա, ԻՆՔԸ ՊԻՏԻ ՑԱՆԿԱՆԱ ԿԱՆԳՆԵԼ ՈՐԵՎԷ ՄԵԿԻ ԿՈՂՔԸ, մանավանդ իր հարազատի։
Ես սա մեր մասին չգրեցի, ուղղակի հաճախ եմ ականատես լինում, որ ծանր հիվանդ ունեցող ընտանիքից հաճախ հեռանում են երբեմնի մոտիկ հարազատները, ողջ բեռը թողնելով մի հոգու ուսերին։
Ուզում եմ ասել, հիվանդ ունեցող ամեն մարդ ունի ճանապարհի իր բաժինը, հիվանդի կյանքում, իր բաժին կրելիք բեռը, լինի ֆինանսական, թե հոգևոր։
Էս կոնկրետ քայլերից էլ երևում է հարազատի սիրո չափը։
Մնացածը ՝ արցունք, մարցունք, պարապ բաներ են։
Ու՝ «Աստծունը՝ Աստծուն, Կեսարինը՝ Կեսարին»»: