Mars InSight ավտոմատ միջմոլորակային կայանն առաջին անգամ Մարսի վրա սեյսմաչական տվիչ է տեղադրել: Այդ մասին իր կայքում հայտնել է ԱՄՆ-ի Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտության ազգային վարչությունը (NASA), նշելով, որ սա առաջին նմանօրինակ սարքն է, որը տեղադրվել է այլ մոլորակի մակերևույթին:
«InSight կայանն առաջին սարքն է տեղադրել Մարսի մակերևույթին՝ դրանով իսկ կատարելով իր առաքելության հիմնական խնդիրներից մեկը,- նշել են վարչությունում:-Դրանից ստացված նոր լուսանկարներում երևում է, որ սեյսմաչափը գետնի վրա է»:
NASA-ի տեղեկատվության համաձայն, այս սարքը՝ Seismic Experiment for Interior Structure-ը (SEIS), գիտնականներին թույլ կտա հասկանալ Մարսի ներքին կառուցվածքը՝ ուսումնասիրելով գետնի տատանումները կամ այսպես կոչված մարսացնցումները: Վերլուծելով այն, թե ինչպես են սեյսմիկ ալիքները տարածվում Մարսի պատյանի միջով, հետազոտողները հույս ունեն որոշել յուրաքանչյուր շերտի խորությունն ու կազմությունը: «Մակերևույթի վրա սեյսմաչափ օգտագործելը նման է հեռախոսն ականջին դնելուն,-նշել է SEIS-ի առաջատար կոնստրուկտոր Ֆիլիպ Լոնիոնեն՝ Երկրի ֆիզիկայի Փարիզի ինստիտուտից և Դիդրոյի անվան Փարիզ Յոթերորդ համալսարանից:-Մենք ցնծության մեջ ենք, որ հնարավորություն ունեցանք սեյսմիկ ալիքները «լսել» ինչպես Մարսի մակերևույթից, այնպես էլ նրա խորքից»: Սարքը, որը չափում է մարսացնցումները, ստեղծվել է Ֆրանսիայի Տիեզերական հետազոտությունների ազգային կենտրոնի (CNES) կողմից` մի ամբողջ շարք համաշխարհային գիտական կենտրոնների աջակցությամբ: