Կարելի՞ է ձկան վրայից կաթ խմել. գաստրոէնտերոլոգի կարծիք
Advertisement 1000 x 90

Կարելի՞ է ձկան վրայից կաթ խմել. գաստրոէնտերոլոգի կարծիք

Տարածված կարծիք կա, որ ձուկը չի կարելի համակցել կաթնամթերքի հետ: Արդյոք իրականում այդպե՞ս է:

Ո՛չ, այդպես չէ, պնդում է գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանը: Նրա կարծիքով՝ ձուկը կարելի է համակցել ցանկացած մթերքի հետ, այդ թվում՝ կաթնային, մի պայմանով, որ դա է «պահանջում» ախորժակը:

«Ո՞վ է ասել, որ կաթնամթերքը չի կարելի գործածել ձկան հետ: Պանի՞ր չի կարելի: Թթվասե՞ր: Կաթնաշո՞ռ: Ինչո՞ւ չի կարելի»,- հարցնում է մասնագետը:

Իհարկե, որոշ մարդիկ չեն կարողանում կաթնամթերքը և ձուկը մարսել, սակայն այդպիսի մարդիկ ձկան վրայից կաթ խմելու ցանկություն էլ չեն ունենում. նման համակցությունը նրանց ախորժաբեր և գրավիչ չի թվում: Այդուհանդերձ, նրանք կարող են չհրաժարվել ձկան և թթվասերի, մածունի, կաթնաշոռի, պանրի կամ կարագի համակցությունից: Ավելին՝ ձուկը հաճախ թթվեցնում են թթվասերով կամ սերուցքով, և սովորաբար այսպիսի եղանակով պատրաստված ձուկը ոչ մի խնդիր չի առաջացնում:

Մասնագետի խոսքով՝ այս մթերքների անհամատեղելիության ոչ մի գիտական ապացույց չկա՝ ամեն ինչ խիստ անհատական է. եթե ցանկանում ես և նորմալ մարսվում է, ուրեմն կարելի է: Եթե ցանկություն չկա ուտելու և ախորժաբեր չէ, ավելի լավ է չուտել:

«Եթե շատ եք ցանկանում ձկան վրա կաթ խմել, ոչ մի խնդիր չեմ տեսնում, բարի ախորժակ»,- ասում է մասնագետը:

med.news.am