Շատ անարդար է էս աշխարհը, ինչ ուզում եք ասեք։ Նա «Արեւ արքա» Լյուդովիկոս 14-րդի սիրելին էր, իրավաբան էր ու արքունական ճարտարապետ, Ֆրանսիայի գեղեցիկ արվեստների ակադեմիայի անդամ էր ու մի շարք մեծամեծ պոեմների, զանազան աշխատությունների, գրական ուսումնասիրությունների չորսհատորյակի հեղինակ, եւ այս բազմաշնորհ ու մեծավաստակ մարդն անմահացել է ոչ թե որպես իրավաբան կամ ճարտարապետ, բանաստեղծ կամ գրականագետ, այլ՝ խաղաղ երեկոներին իր զավակներին պատմած հեքիաթների շնորհիվ։ Էլ չասենք, որ այսքանից հետո նրա հեղինակային իրավունքն էլ է խախուտ, որովհետեւ, պա՛հ, իր պատվից վեր է համարել հասարակությանը ներկայանալ որպես մանկագիր, եւ նրա հեքիաթների ժողովածուն հրատարակվել է Պերոյի 19-ամյա որդու անունով, ավելի ճիշտ՝ կեղծանունով՝ Պիեռ դը Արմանկուր։ Եվ բնական է, որ մինչ օրս այս խնդիրը «պարապ-սարապ» գրականագետների վեճերի կիզակետում է՝ իրական հեքիաթագիրը հա՞յր Պերոն է, թե՞ որդի Պերոն։ Դե, գրականագետները թող շարունակեն բանավիճել, իսկ մեծերս ու մեր երեխաները գիտենք, որ «Մոխրոտ»-ի, «Կարմիր գլխարկ»-ի, «Կապույտ մորուքի», «Կոշկավոր կատվի» եւ մեզ քաջածանոթ այլեւայլ հեքիաթների ֆրանսիական տարբերակների հեղինակը Շարլ Պերոն է, եւ նրանից երես թեքելու մտադրություն չունենք, որքան էլ «չարակամները» փորձեն ծանրակշիռ փաստարկներ բերել, թե իբր՝ հեղինակը նրա պատանյակ զավակն է։ Ի դեպ, ծանրակշիռ փաստարկներ, կարծես, չկան էլ, այնպես որ հանգիստ խղճով եկեք հիշենք, թե երբ ու որտեղ է ծնվել Շարլ Պերոն (1628-1703)։
Ծնվել է Փարիզում, դատավորի ընտանիքում։ Շարլը վեց եղբայրների կրտսերն էր։ Եղբայրներից մեկը նույնպես ճարտարապետ էր, մյուսն էլ՝ գիտնական էր։
Բազմազբաղ Շարլը 44 տարեկան էր, երբ ամուսնացավ 20-ամյա Մարիի հետ։ Չնայած տարիքային տարբերությունը մեծ էր, բայց զույգը երջանիկ էր։ Ավաղ, նրանց երջանկությունն ընդամենը վեց տարի տեւեց։ Երեք որդի եւ մեկ դուստր նվիրելով իր սիրելի ամուսնուն՝ 26-ամյա Մարին հոգին ավանդեց, եւ նրա մահից հետո Պերոն գլխովին նվիրվեց իր երեխաներին։ Նա հրաժարվում է դայակների եւ դաստիարակների ծառայությունից, ամեն երեկո իր շուրջն է հավաքում երեխաներին ու պատմում դեռեւս մանուկ հասակում լսած կախարդական պատմություններ։ Եվ այսպես, Շարլ Պերոն է այն առաջին մարդը, որ բերնեբերան շրջող հեքիաթները գրավոր ներկայացրեց աշխարհին՝ հնարավորինս մեղմացնելով միջնադարից մինչեւ իր ապրած ժամանակները հասած այդ պատմությունները, որոնք ժամանակակից սարսափ-ֆիլմերին ոչնչով չէին զիջում։ Օրինակ, «Քնած գեղեցկուհին» հեքիաթում արքայազնը ոչ թե համբուրում է նրան, որ արթնանա, այլ… բռնաբարում է։ Ու պատկերացրեք, էս մեր գեղեցկուհին հղիանում է եւ գոհ ու երջանիկ արթնանում։ «Կարմիր գլխարկը» հեքիաթում գայլը խժռում է ոչ միայն տատիկին, այլեւ գյուղի գրեթե բոլոր բնակիչներին, Կարմիր գլխարկն էլ չար գայլին ուղղակիորեն խորովում է եռացող ձյութի մեջ։ «Մոխրոտը» հեքիաթում խորթ քույրերին հաջողվում է հագնել երջանկաբեր կոշիկը, որովհետեւ նրանցից մեկը ոտքի մատն է կտրում, մյուսն էլ՝ կրունկը, իսկ վերջում՝ աղավնիները հանում են նրանց աչքերը, ու «բարին» հաղթում է։
Բայց կրկին վերադառնանք «ով է իրական հեղինակը» խնդրին։ Մեկ այլ վարկածով՝ «Սագ մայրիկի հեքիաթները» (թե ինչու՝ Սագ մայրիկ, պատասխանը պարզունակ է. Պերոյի որդին սագի փետուրով է գրել հոր պատմած հեքիաթները) ժողովածուի հեղինակային իրավունքը Շարլ Պերոն որդուն է հանձնել ոչ թե այն պատճառով, որ չի ցանկացել ինքն ստորագրել այդ «անլուրջ» պատմությունների տակ, այլ հեռահար նպատակ է հետապնդել։ Նպատակն էլ Լյուդովիկոս արքայի զարմուհու՝ Օռլեանի իշխանուհու միջավայրում իր Պիեռ որդուն տեսնելու ցանկությունն էր։ Հաշվարկը սխալ չէր. գրքի շռնդալից հաջողությունից հետո Պերոյի որդու առջեւ բացվում է պալատի դուռը։ Բայց, ավաղ, վեց ամիս հետո Պիեռը փողոցային ծեծկռտուքի ժամանակ սպանում է մի երիտասարդի։ Ազնվականական սուսերով հասարակ հյուսնի որդու սպանությունն աններելի հանցագործություն էր համարվում բարձրաշխարհիկ միջավայրում (ա՛յ, եթե ազնվական ծագումով երիտասարդի սպաներ, երեւի կհերոսացնեին նրան), եւ Պիեռի առջեւ ոչ միայն ընդմիշտ փակվում է արքայական պալատի դուռը, այլեւ՝ իր բոլոր կապերն ու փողերն օգտագործելով, Շարլ Պերոն մեծ դժվարությամբ է որդուն հանում բանտից։ Այդ իրավիճակում միակ ելքը նրան ռազմաճակատ ուղարկելն էր։ Ուղարկում է, եւ կարճ ժամանակ անց նրա դուռը բախում է գույժը՝ Պիեռը զոհվել է։ Ահա այսպիսի «առանց երեք խնձորի» տխուր պատմություն…
Ի դեպ, եթե ձեզ հաջողվի Փարիզ այցելել, եւ որոշեք զբոսնել Թյուիլըրի այգում, այնտեղ ձեզ կդիմավորի Շարլ Պերոյի արձանը։ Ասում են՝ այգու ընտրությունը պատահական չէ. ազնվականների մի խումբ՝ Լյուդովիկոս 14-րդին հաճոյանալու համար, առաջարկում է փակել այգին քաղաքացիների քթի առաջ, որպեսզի այնտեղ ճեմի միմիայն «Արեւ արքան»։ Շարլ Պերոն ընդդիմանում է, եւ այս «հեքիաթն», իրոք, բարի ավարտ է ունենում։ Հենց Շարլ Պերոյի շնորհիվ՝ փարիզցիները շարունակում են ազատորեն զբոսնել այդ այգում։ Մինչ օրս։
Երկնքից էլ երեք խնձոր է ընկնում, մեկը՝ հեքիաթի կախարդական դարպասը բացած Շարլ Պերոյին, մյուսը՝ նրա հայրենակիցներին, երրորդն էլ՝ մեր սիրելի ընթերցողներին։