Թուրքիայում «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի, Եվրամիության և Շվեդիայի արտաքին գործերի նախարարությունների աջակցությամբ տպագրվել է Հայաստանի մասին թուրքերեն առաջին ճամփորդական ուղեցույցը:
Այս մասին հայտնում է պոլսահայ «Ակոս» պարբերականը:
Ուղեցույցում զետեղված են Հայաստանի տեսարժան վայրերի լուսանկարները, ինչպես նաև գրքույկին կցված է հայերեն զրուցարան, որը թուրքերենից բացի այլ լեզուների չտիրապետող զբոսաշրջիկներին հնարավորություն կտա սովորել և կիրառել որոշ հայերեն արտահայտություններ, որոնք անհրաժեշտ կլինեն ուղևորության ժամանակ:
«Հայաստանի ուղեցույց» նախագծի ղեկավարը պոլսահայ լրագրող Ալին Օզինյանն է:
«Այս նախագծի միջոցով մենք ցանկանում ենք թուրք զբոսաշրջիկներին ասել, որ Թուրքիայի կողմից Հայաստանի դեմ տնտեսական պատժամիջոցի կիրառման հետևանքով հայ-թուրքական սահմանի փակ լինելու և երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության հանգամանքները չեն կարող արգելք հանդիսանալ Հայաստան այցելելու և լավ տպավորություններ ստանալու համար»,-նշել է նախագծի ղեկավար Ալին Օզինյանը:
«Հայաստանի ուղեցույցը» հասանելի է համացանցում, այն կարելի է նաև անվճար ներբեռնել համակարգիչների և հեռախոսներին՝ PDF ֆորմատով։