Հ. Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տասը հոգուց բաղկացած դերասանական խումբը -11 աստիճան ցրտի պայմաններում հաջողությամբ ելույթ է ունեցել Մոսկվայի կենտրոնում կայացած «Ամանորյա ճանապարհորդություն» խորագրով բացօթյա միջազգային փառատոնին` արժանանալով օտարազգի հանդիսատեսի բուռն ծափողջույններին:
«Փառատոնն անցկացվում էր դեկտեմբերի 13-ից հունվարի 13-ը Մոսկվայի Հեղափոխության հրապարակում: Բացօթյա բեմը հագեցած էր ժամանակակից տեխնիկական բոլոր հնարավորություններով: Փառատոնի կարևոր պահանջներից մեկը ներկայացումները ռուսերենով խաղալն էր: Մենք կարճ ժամանակահատվածում հայերենից ռուսերեն թարգմանեցինք 2015 թվականին բեմադրված «Արքայադուստրը և ճագարիկը» մանկական ներկայացումը և մատուցեցինք տեղի հանդիսատեսին»,-նշեց բեմադրության ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանը:
Երիտասարդ դերասանուհի Արմինե Հակոբյանը, որն առաջին անգամ էր թատերախմբի հետ շրջագայում, կիսեց իր տպավորությունները` շեշտելով, որ բեմական հագուստներով հանդես են եկել ձյան, քամու և անասելի ցրտի պայմաններում:
«Տեսնելով հրաշամանուկների հետաքրքրվածությունը, հայացքները` կարողանում էինք դիմակայել սառնամանիքին ու խաղալ: Բեմում մտածում էի դերասանուհի Լիդիա Գրիգորյանի մասին, որը հղի վիճակում հրաշալի խաղ էր ցուցադրում: Այդ ժամանակ իրավունք չունեի հիշել անհարմարությունները»,-ասաց դերասանուհին և խոստովանեց, որ իրենք ի սկզբանե ենթադրել են, թե եղանակային վատ պայմանների պատճառով քիչ մարդ կգա ներկայացում դիտելու, այնինչ երեխաները, նրանց մայրերն ու տատիկները մեծ ուշադրությամբ են հետևել նույնիսկ փորձերին:
«Նարեկ Քթոյանը, որը մարմնավորում էր Ձմեռ պապին, ներկայացան վերջում ռուս և ռուսալեզու երեխաներին սովորեցնում էր հայերեն շնորհավորել Ամանորը»,- պատմեց Հակոբյանը և հիշեցրեց, որ, չնայած առաջին անգամ էր համագործակցում Գրիգոր Խաչատրյանի և թատերախմբի հետ և իրենց տեմպին հասնելն իր համար բարդ էր, ջերմ մթնոլորտը և դերասանների աջակցությունը իրեն շատ են օգնել: