Իմ սիրելի եղբայր, ուզո՞ւմ ես կատարյալ լինել:
Ուզո՞ւմ ես, որ հոգիդ ազատագրվի և լինի այնտեղ, ուր կապանքներ ու սահմանափակումներ չկան: Ուրեմն, նախ և առաջ, պետք է ազատվես այն բոլոր ցանկություններից, գիտելիքներից ու զգացմունքներից, որոնք աշխարհն է քո մեջ սերմանել:
Պետք է անձդ ուրանաս և Աստծու առջև որպես ոչինչ կանգնես: Ո՞վ ես դու: Երկրի մի բուռ հողը չե՞ս: Նույնիսկ հողից էլ պակաս ես: Դու ոչինչ ես: Կար ժամանակ, երբ դու չկայիր, մինչդեռ աշխարհը գոյություն ուներ առանց քեզ: Հետո Աստված ստեղծեց քեզ ոչնչից:
Նախ ստեղծեց հողը, ապա հողից ստեղծեց քեզ: Ինչո՞ւ ես, ուրեմն, մեծարում քեզ: Ո՞վ ես դու, որ մեծարվես: Խոնարհիր գլուխդ երկչոտությամբ ու համեստությամբ, քանի որ ոչինչ ես: Աստծու առաջ կանգնիր բեկված սրտով ու հեզ հոգով, հիշելով ծագումդ: Ավելին ասեմ, դու ոչնչից էլ պակաս ես, քանի որ ոչինչը անգոյությունն է, և անգոյությունն ավելի լավ է, քան մարդու գործած մեղքը, իսկ «…ամեն ոք իր մտքում ամեն օր խնամքով չարագործություններ է նյութում» (Ծնն. 6.5):
Եթե քո մեջ որևէ բարի բան գտնես, հաստատապես համոզված եղիր, որ դա քեզանից չէ, այլ Աստծուց, որովհետև, ի վերջո, միայն Նա է բարի, կատարյալ ու սուրբ, ինչպես Տերն է ասում. « Բարի չէ ոչ ոք, այլ մի այն Աստված» (Մատթ. 19.17, Ղուկ. 10.18):
Եթե քո մեջ որևէ բարի բան տեսնես, մի հպարտացիր ու մի պարծեցիր, այլ ողջ փառքը վերագրիր Աստծուն: Դա Իր մենաշնորհն է, ոչ թե քոնը, որովհետև Աստված է ստեղծել բարին: Բարին ու բարությունն իսկ հենց Ինքն է: Առանց Նրա դու ոչնչություն ես, ոչինչ չես կարող անել: Կարող ես փայլել լուսնի նման, բայց հիշիր, որ լուսինը մութ արբանյակ է, որն իր լույսն արեգակից է ստանում և իր մեջ լույս չունի: Եթե արեգակն անհետանա, լուսինը չի երևա:
Իսկ արդ, լուսինը կհամարձակվի՞, արդյոք, արեգակի առջև խոսել իր լույսից: Այդպես էլ ես ու դու, սիրելիս, Աստծու ներկայության մեջ: Մյուս կողմից, եթե քո մեջ որևէ չար բան գտնես, իմացիր, որ դա քեզանից է, հետևանք է մեղքի, որը դռան առջև պառկած է և քեզ է տենչում: Դու ի վիճակի ես նրա վրա իշխելու, բայց թողեցիր, որ այն քեզ իշխի (Ծնն. 4.7):
Ոչ մի չարիք Աստծուց չի գալիս: Աստծու բնությունն անհամատեղելի է չարի հետ, երբ Նա արարեց ամեն ինչ Իր սուրբ, անբասիր ու անապական ձեռքերով. « Տեսավ, որ այն ամենը, ինչ ստեղծել էր, շատ բարի է» (Ծնն. 1.31):
Հիմա ճանաչեցի՞ր քեզ, իմ սիրելի եղբայր: Հասկացա՞ր, որ Աստծու հետ ունեցած քո հարաբերությունում իշխողը պետք է անձնուրացությունդ լինի: Նկատի չունեմ, որ անձդ ինչ-որ արժեք ունի և խոնարհությունից դրդված պետք է այն ուրանաս, քանի որ տեսանք, որ անձդ ոչինչ է, ավերակ ու ոչնչություն: Այդ պատճառով էլ, ես չեմ սիրում կիրառել «խոնարհվել» բառը, որովհետև խոնարհ մարդը նա է, ով իր ունեցած դիրքից իջնում է ավելի ցածր դիրքի:
Բայց իմ ու քեզ պես արժեք չունեցող մարդը, որ լոկ հող է ու ոչնչություն, չի կարող խոնարհվել, քանի որ նա փաստորեն չունի դիրք, որից հրաժարվի, կամ բարձր աստիճան, որը թողնի: Նա բարձր չէ, որպեսզի իջնի, ոչ էլ նշանավոր, որպեսզի խոնարհվի: Անձնուրացություն ասելով, սիրելի եղբայրս, նկատի ունեմ այն, որ ճանաչես քեզ և այսպիսով հասկանաս, որ ոչ մի արժեք չունես:
Աստված է, որ Իր ողորմության, Իր հեզության ու ներողամտության շնորհիվ քեզ տալիս է Իր սիրուց, որին դու արժանի չես: Եկ խորհենք այն գեղեցիկ տան շուրջ, որն ասում է. « Աստված ընտրեց այս աշխարհի հիմարներին, որպեսզի ամաչեցնի իմաստուններին. և Աստված ընտրեց այս աշխարհի տկարներին, որպեսզի ամաչեցնի հզորներին. և Աստված աշխարհի ոչ տոհմիկներին, արհամարհվածներին և ոչինչներին ընտրեց, որպեսզի իրենք իրենց մի բան կարծողներին ոչնչի վերածի » (Ա Կոր. 1.27-29):
Ի՞նչ է սա նշանակում: Արդյո՞ք Աստծու արքայությունը միայն հիմարներինը, տկարներինն ու արհամարհվածներինն է: Ոչ, որովհետև Աստված նախկինում ընտրել է այնպիսի ուսյալ մարդկանց, ինչպիսիք են Մովսես մարգարեն, Ս. Պողոս առաքյալն ու Արսենիուսը:
Ընտրել է Աթենագորասի, Պենտիուսի և Ս. Օգոստինոսի նման փիլիսոփաների: Ընտրել է Սամսոնի պես հզոր մեկին: Ընտրել է նաև ազնվական մարդկանց՝ Դավիթ թագավորի, Մաքսիմոս ու Դոմադիուս իշխանների նման: Հարցն այն չէ, որ Աստված ընտրում է միայն հիմարներին, տկարներին ու արհամարհվածներին, այլ այն, որ Աստված (օրհնյալ լինի Իր անունը) ընտրում է նրանց, ովքեր մեծ գիտելիքներ, ուժ ու պատիվ ձեռք բերած լինելով հանդերձ, Իր առջև կանգնում են որպես հիմար, տկար ու արհամարհված:
Ահա Մովսեսին, ով սովորել էր եգիպտացիների ողջ իմաստությունը, Աստված կանչեց միայն այն ժամանակ, երբ նա ասաց. « Ես ո՞վ եմ, որ գնամ եգիպտացիների արքա փարավոնի մոտ և իսրայելացիներին հանեմ եգիպտացիների երկրից: …Մինչև օրս ես պերճախոս չեմ եղել, ոչ իսկ, երբ սկսեցիր խոսել քո ծառայի հետ, որովհետև անվարժ եմ խոսում, ծանրախոս եմ» (Ելք 3.11, 4.10):
Ս. Պողոսը, որ սովորել էր օրենքը և մեծացել էր Գամաղիելի ոտքերի մոտ, առաքվեց Աստծու կողմից այն ժամանակ, երբ կարողացավ ասել. « Քանի որ գրված է. « Պի տի կործանեմ իմաստունների իմաստությունը և հանճարեղների մտածումները պիտի արհամարհեմ»: Ո՞ւր է ի մաստունը, ո՞ւր՝ բնագետը, ո՞ւր՝ այս աշխարհի քննողը: Չէ՞ որ Աստված հիմարացրեց այս աշխարհի իմաստությունը:
…Եվ ես տկարությամբ, երկյուղով և սաստիկ դողով եղա ձեզ հետ: Եվ իմ խոսքը և քարոզությունը իմաստության ճարտար խոսքերով չէին, այլ Սուրբ Հոգու համոզիչ զորությամբ » (Ա Կոր. 1.19-20, 2.3-4):
Ս. Արսենիոսին Աստված չդարձրեց հայր և առաջնորդ, երբ դեռ ուսուցանում էր Արկադիոս և Օնորիուս արքայազներին իրենց հոր՝ Թեոդոս կայսեր պալատում, այլ միայն այն ժամանակ, երբ իր հոգին մաքրվեց և կարողացավ ասել. «Թագավորի որդիների ուսուցիչ Արսենիոս, որ սովորել է հույների և հռոմեացիների իմաստությունը, չգիտի Ալֆա Բետան (այբուբենը), որը անգրագետ եգիպտացին էլ գիտի»:
Աստվածապաշտ իմ եղբայր, կարծում ես քո գիտելիքով ու կրթվածությամբ եկեղեցու հիմքե՞րը պիտի ամրացնես: Խեղճ մարդ: Ճշմարիտ եմ ասում քեզ, քանի դեռ չես ազատվել գիտելիքներիցդ ունեցած քո կախվածությունից, չես մոտենա Աստծուն: Նաև Աստված չի օրհնի քո ծառայությունը, որովհետև եթե հաջողությամբ կատարես այն, մարդիկ այդ հաջողությունդ կվերագրեն աշխարհի՝ քեզ տված վկայականներին ու գիտական աստիճաններին: Այսպիսով, Աստծու փառքը կողոպտված և աշխարհին վերագրված կլինի:
Թանկագին ուսյալ իմ եղբայր, Աստված կարող է այս քսաներորդ դարում էլ գնալ լճի մոտ և կրթություն չունեցող ձկնորսին կանչել Իրեն առաքյալ և ավետարանիչ լինելու, ու վերջինս ավելի լավ կուսուցանի մարդկանց, քան դու: Երբ Աստված կիսեց Կարմիր ծովը, ոսկե մի գավազան չընտրեց, այլ մի սովորական գավազան, որը նման էր աշխարհի միլիոնավոր գավազաններին: Ուրեմն, զգույշ եղիր, որ քեզ բարձր ու պարծանքի առարկա չկարծես աշխարհիկ կամ կրոնական գիտելիքիդ, կարդացածիդ կամ ունեցած փորձառությանդ պատճառով:
Այլ, հակառակ քո գիտելիքի ավելանալուն և խորը հոգևոր վիճակիդ, ամեն օր Աստծու առջև կանգնիր՝ զգալով քո տգիտությունն ու անկատարությունը, զգալով, որ չնայած քո հասունությանը, որպես սկսնակ Իր առաջնորդության կարիքն ունես:
Կանգնիր Նրա առջև՝ զգալով, որ ամենաթույլ դևերից և անգամ պարզագույն ու թեթևագույն թվացող մեղքերից ու սխալներից Իր պաշտպանության կարիքն ունես: Թող սա լինի քո զգացողությունը, քանի որ շատ մարդկանց եմ տեսել, ովքեր խորը հոգևոր բաներ են կարդացել ու գրել, բայց ընկել են սկսնակների մեղքերի մեջ: Սա ասում եմ քեզ, որպեսզի չլինի թե քո հոգևոր գիտելիքին ու փորձառությանը ապավինես: Չէ՞ որ Սուրբ Գիրքն ասում է. « Թող անիծյալ լինի այն մարդը, ով իր հույսը կդնի մարդու վրա՝ ապավինելով նրա մարմնին ու բազկին» (Երեմ. 17.5):
Իմացիր, սիրելի եղբայր, որ ցանկացած հոգևոր կամ աշխարհիկ գիտելիք, որը քեզ չի առաջնորդում համեստության ու տգետ լինելու զգացողությանը, սուտ ու խաբուսիկ գիտելիք է: Չարի հարված է այն, որ ստիպում է քեզ ետ կանգնել հայցելուց, խնդրելուց ու դուռը բախելուց… Ուրեմն, եղբայրս, քեզ տգետ համարիր, ինչպես Սուրբ Գիրքն է ասում. «Եթե ձեզանից մեկը կարծում է, թե ինքն իմաստուն է այս աշխարհում, հիմար թող լինի, որպեսզի իմաստուն դառնա » (Ա Կոր. 3.18):
Իմաստունը և հիմարը հավասար են Աստծու առաջ, քանի որ երկուսն էլ տգետ են, երկուսն էլ ենթակա են մահվան: Աստծու առջև տկարն ու զորավորն էլ են հավասար, երկուսն էլ տկար են, քանի որ Աստծու ներկայության մեջ ոչ ոք ոչ մի զորություն չունի: Արդյո՞ք կարծում ես, բարեկամս, որ դու զորեղ ես: Որտեղի՞ց քեզ այդ զորությունը: Իհարկե, դա քոնը չէ, որովհետև դու հող ու մոխիր ես, ոչնչություն ու ավերակ: Այս զորությունն Աստծուց է, որովհետև Նա (օրհնյալ լինի Իր անունը) միակն է զորեղ, և ամեն զորություն Իրենից է սկիզբ առնում: Այդ դեպքում քո զորությունն Աստծո՞ւց է:
Եթե այդպես է, ինչո՞ւ ես ուրեմն հպարտանում ու պարծենում: Ինչո՞ւ ես Աստծու զորությունն օգտագործում այն գործերում, որոնք Իրեն չեն վերաբերվում: Ուստի, ով հպարտանում է, թող Տիրոջով հպարտանա, քանի որ Նա փառքով բարձրագույնն է, Նա է ամեն ինչի աղբյուրը: Իսկ եթե տկար ես բնությամբ, սակայն զորեղ ես Աստծով, ապա երանելի Ս. Պողոսի հետ միասին ասա. «Եվ արդ, լավ է, որ ես պարծենամ իմ տկարություններով, որպեսզի իմ մեջ բնակվի Քրիստոսի զորությունը: Դրա համար գոհունակությամբ համակերպվում եմ տկարություններին, որովհետև, երբ տկար եմ, այն ժամանակ եմ զորավոր» (Բ Կոր. 12.9-10):
Իրեն զորավոր համարող մեկին Աստված չի կանչի, քանի որ Նա աշխարհի տկարներին ընտրեց, որպեսզի ամաչեցնի զորավորներին: Ուրեմն, զգույշ եղիր, որ չլինի թե ապավինես զորությանդ, որ կարծում ես, թե ունես, որովհետև մեղքը «խոցոտելով շատերին է դիտապաստ արել, և անթիվ են նրա կողմից սպանվածները» (Առակ. 7.26):
Ավելի լավ է Դավիթ արդարի հետ ասա. «Ողորմիր ինձ, Տեր, քանզի հիվանդ եմ ես, բժշկիր ինձ, քանզի ոսկորներս խախտվել են: Անձն իմ հույժ խռոված է» (Սաղմ. 6.2):
Ուրեմն, համոզվիր, եղբայրս, որ տկար ես, ոչ թե որովհետև ես քեզ ասացի, այլ որովհետև դա ակնհայտ փաստ է: Մի՞թե չես ընկել ու չես մեղանչել այսօր: Չե՞ս մեղանչել երեկ և նախորդ օրերին: Ուրեմն, դու զորեղ չես, տկար ես և այդպես էլ կմնաս, մինչև չխոստովանես, որ տկար ես և չշտապես բնակվել Հոր մեջ և Հայրը՝ քո: Թույլ տուր մեկ այլ խորհուրդ էլ տալ քեզ. մի կածիր, թե ավելի զորեղ ես, քան մյուսները և մի խորհիր, թե մեծամեծ գործեր կանեիր, եթե միայն քեզ իշխանություն տրվեր, կամ եթե լինեիր ուրիշների տեղում: Դու այդքան էլ զորեղ չես, եղբայրս: Դրանք պարզապես երազանքներ են կամ գուցե սնապարծություն, քանի որ իրականում դու տկար ես:
Գուցե, եթե լինեիր այդ մեղավորների տեղում, որոնց դատապարտում ես, նրանցից ավելի շատ մեղք գործեիր և ավելի շատ տկարություն դրսևորեիր: Եթե դու անցյալում հաղթանակել ես կամ այժմ հաղթանակում ես, դա քո մեջ Աստծու ներկայության շնորհիվ է, ոչ թե քո զորության: Ուրեմն, Աստծու հետ եղիր և հիշիր, որ Աստված չի ուզենա քեզ հետ լինել, քանի դեռ քեզ ես պաշտում Իր փոխարեն:
Միայն մեկը պիտի գործի` Աստված կամ դու: Իրականում Աստված է, որ գործում է, և դու ոչինչ ես Իր կողքին և պարզապես կանգնած զարմանքով դիտում ես Աստծու գործերը: Բայց եթե կարծում ես, թե այդ դու ես գործում և դա անելու համար բավականաչափ զորություն ունես, ուրեմն համոզված եղիր, որ զուր է այն, ինչ անում ես և պիտի ձախողվես: Սա միայն քո ծառայությանն ու աշխարհիկ գործունեությանդ չի վերաբերում, այլ նաև ներքին հոգևոր կյանքիդ: Եթե կարծում ես, թե դու ես հանդերձյալ կյանքը ժառանգելու համար պայքարողը, պիտի ձախողվես և եթե կարծում ես, թե ինչ-որ մեղք այլևս իշխանություն չունի քեզ վրա, կընկնես նույն մեղքի մեջ, թեկուզ որոշ ժամանակ անց, և անկումն այդ մեծ կլինի:
Այս փուշ ու տատասկ բուսեցնող երկրում ճիշտը քեզ տկար զգալն է և ամեն փորձության, մեղքի առջև ինքդ քեզ տկար համարելը: Սաղմոսերգուի հետ ասա. «Եթե Տերը մեզ հետ չլիներ, մարդիկ մեզ վրա հարձակվելով` մեզ ողջ-ողջ կուլ կտային, երբ նրանց զայրույթը բորբոքված էր մեզ վրա» (Սաղմ. 123.2,3):
Ուստի, կանչիր Տիրոջը և կտեսնես, թե ինչպես Նա կպատերազմի քո փոխարեն: Հետո փառք տուր Աստծուն, ոչ թե՝ քեզ, քանի որ հաղթանակն Իրենն է: Ավարտելով՝ զգում եմ, որ դեռ շատ ավելին կա ասելու այս նյութի վերաբերյալ, ուրեմն, իմ սիրելի եղբայր, հիշիր ինձ քո աղոթքներում, մինչև որ նորից հանդիպենք՝ շարունակելու մեր մտորումները, եթե Տիրոջ շնորհը կամենա, որ մինչ այդ կենդանի մնանք:
Շենուդա Գ հայրապետ. «Հոգու ազատագրումը» գրքից:
Թարգմանությունը՝ Լիլիթ Սարգսյանի