SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունվարի 24-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով քննիչ Հակոբ Գևորգյանը միջնորդույթուն է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևանի բնակիչներ, 23-ամյա Սերոբ Հովհաննիսյանի, 25-ամյա Տիգրան Կարապետյանի, 19-ամյա Ալբերտ Հովհաննիսյանի, 24-ամյա Ռոբերտ Շանոյանի և 27-ամյա Գարեգին Ստեփանյանի նկատմամբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված անձանց նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր օր-ի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով, երբ նրանք հունվարի 18-ին Երևանի Նաիրի Զարյան փողոց- Ազատության պողոտա խաչմերուկում, իջնելով Opel Astra G մակնիշի ավտոմեքենայից, խուլիգանական արարք էին ցուցաբերել՝ կոտրելով Երևանի բնակիչ, 21-ամյա Դավիթ Ավանեսյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայի ապակիները և վնասել ավտոմեքենան:
Խուլիգանության ժամանակ Ռ. Շանոյանը իր ձեռքի եղած ատրճանակից կրակոցներ էր արձակել հեռացող Mercedes-ի ուղղությամբ:
Այդ մասին բացառիկ տեսանյութ էր հրապարակել SHAMSHYAN.com-ը, որից հետո ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները ՝ բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ, կարճ ժամանակում հայտնաբերել էին «ճիվաղներին» և բերման ենթարկել ոստիկանություն, որտեղից էլ տեղափոխել էին Արաբկիրի քննչական բաժին և քննիչի որոշմամբ ձերբակալվել էին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ՀԿԳ քննիչի միջնորդույթունները քննարկում են դատավորներ՝ Բալայանը, Մելքոնյանը և Բաղդասարյանը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քիչ առաջ դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը և Ա. Հովհաննիսյանը կալանավորվել է, մնացած 4-ի կալանքի որոշման հարցը այս պահին դատարանը քննում է: Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, միջազզային կառույցները երբեմն իրենց զեկույցներում հայտնում են, որ Հայաստանը համարվում է ամենաանվտանգ երկներից մեկը, որտեղ քաղաքացիները կարող են անվտանգ շրջել փողոցներով, մինչդեռ կան որոշ թափթփուկներ, ովքեր կարող են օրը ցերեկով հասարակության նկատմամբ ցուցաբերել անհարգալից վերաբերմունք, իսկ նման թափթփուկներին ոստիկանությունը պարտավոր է կարճ ժամանակում հայտնաբերել ու մեկուսացենլ հասարակությունից, որպեսզի նման «մոլախոտերը աճ չտան»:
SHAMSHYAN.com-ը ներկայացրել էր բացառիկ տեսանյութ, թե ինչպես են հունվարի 17-ին Opel մակնիշի 35 ZL 140 համարանիշի ավտոմեքենայի միջից մի խումբ ճիվաղներ Նաիրի Զարյան փողոց-Ազատության պողոտա հատվածում դուրս գալիս ավտոմեքենայից, հարձակվում Mercedes մակնիշի 34 ՍF 304 համարանիշի ավտոմեքենայի վրա, վնասում ավտոմեքենան, որից հետո էլ առյուծի կաթ կերած երիտասարդներից մեկը իր ձեռքին եղած ատրճանակով կրակոց է արձակում հեռացող Mercedes-ի ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: