Հանրային հեռուստաընկերությունը ցուցադրում է բացառապես էքսկլյուզիվ կոնտենտ, որի հեռարձակման կամ հեղինակային իրավունքները պատկանում են միայն Առաջին ալիքին, Aysor.am-ի հարցին ի պատասխան՝ ասացին Հանրային հեռուստաընկերությունից։
«Հաշվի առնելով վերոնշյալը` Հանրային հեռուստաընկերությունը չի կարող ցուցադրել Ռոման Բաբայանի «Մարտի 1-ի գործը» ֆիլմը, քանի որ այն արդեն իսկ ցուցադրվել է այլ հեռուստաալիքով («Հինգերորդ ալիք»)», – տեղեկացրին Հ1-ից։
Ավելի վաղ «Հինգերորդ ալիքը» ցուցադրել էր Ռոման Բաբայանի «Գործ N° Մարտի 1» ֆիլմը, դրանից հետո Հանրային հեռուստաընկերությունը ցուցադրեց Տիգրան Պասկևիչյանի «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմը։
Հանրային հեռուսատաընկերությունից հայտնեցին նաև, որ Մարտի 1-ի դեպքերի մասին սեփական արտադրության ֆիլմ են պատրաստում։
«Ցանկանում ենք նաև հիշեցնել, որ շաբաթներ առաջ հեռուստատեսությունը հայտարարել էր, որ սեփական արտադրության հեռուստաֆիլմ է պատրաստում՝ Մարտի 1-ի դեպքերի մասին, որն Առաջին ալիքի եթերում կլինի 2019 թվականի մարտի 1-ին», -հաղորդեցին Հանրային հեռուստաընկերությունից։